Կարելի՞ է, արդյոք, ներկել մազերը հղիության ընթացքում և կրծքով կերակրելիս

Հղիություն

Ներկայացնում է գինեկոլոգ, բժիշկ-կոսմետոլոգ Լուսինե Մովսիսյանը։

Մազերը ներկելու վերաբերյալ բժիշկների կարծիքները տարբեր են։ Ես կտրականապես դեմ եմ հղիության ընթացքում մազերը ներկելուն։  Ներկերը պարունակում են քիմիական  թունավոր նյութեր, որոնք  մաշկի ու շնչառական ուղիների միջոցով կարող են ներթափանցել օրգանիզմ:

Քանի որ այս  շրջանում ակտիվանում է կնոջ  հոտառությունն ու մաշկի զգայունությունը, մեծ է նաև հավանականությունը, որ քիմիական ներկերը կարող են ալերգիաներ առաջացնել, անգամ եթե  նախկինում կնոջ մոտ ալերգիկ երևույթներ չեն նկատվել:

Եթե, այնուամենայնիվ, կինը որոշել է ներկել մազերը, ի՞նչ խորհուրդ կտաք

Նախ՝ խորհուրդ կտամ՝ անկախ ամեն ինչից,  հղիության առաջին եռամսյակում զերծ մնալ մազերը ներկելուց։ Քանի որ հենց այս ժամանակահատվածում են ձևավորվում փոքրիկի օրգանները, այս շրջանում կրած ազդեցությունները հետագայում կարող են լուրջ հետևանքներ ունենալ երեխայի համար։ Իսկ եթե կինը, այնուամենայնիվ, որոշում է ներկել մազերը, խորհուրդ եմ տալիս ընտրել բնական ներկեր։ Ամեն պարագայում պետք է զերծ մնալ  ջրածնի պերօքսիդ պարունակող ներկերից։ Պետք է հիշեցնեմ նաև, որ մազերը գունաթափելը հղիության ընթացքում ավելի վտանգավոր է, քան ներկելը։ Գունաթափման համար սովորաբար ավելի ակտիվ նյութեր են օգտագործվում։

Իսկ արդեն ծննդաբերությունից որքա՞ն ժամանակ հետո կարելի է ներկել մազերը

Ծննդաբերությունից հետո մազերը կարելի է ներկել արդեն երեք ամիս հետո, բայց դարձյալ քիմիական նյութեր չպարունակող ներկերով։ Փորձը ցույց է տալիս, որ այդ ներկերը չեն ազդում կաթի որակի ու բաղադրության վրա։

Հակացուցված չէ նաև հինայի օգտագործումը։ Այն հիպոալերգիկ է ու անվտանգ։

 

Հեղինակ՝ Արփի Մուրադյան