Կարելի՞ է  էպիլյացիա  անել հղիության  ընթացքում

Հղիություն

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմը առավել զգայուն է արտաքին միջամտությունների հանդեպ, սակայն անցանկալի մազածածկույթից ազատվելու պահանջը, այնուամենայնիվ, կա:

Կարելի՞ է մազահեռացում կատարել հղիության ընթացքում, մազահեռացման ո՞ր տեսակներն են առավել անվնաս, արդյո՞ք հղիության ընթացքում ցավը ավելի ուժեղ է լինում. այս հարցերի պատասխանները պարզեցինք մասնագետից:

Բժիշկ-գինեկոլոգ Աննա Խաչիկյանը խորհուրդ է տալիս հղիության ընթացքում մազահեռացումը իրականցնել ավելի բնական մեթոդներով:

«Հղիության ընթացքում անցանկալի մազերի քանակը կարող է շատանալ, քանի որ կնոջ օրգանիզմում տեղի են ունենում որոշակի հորմոնալ փոփոխություններ: Այս ամենը հաշվի առնելով՝ ես խորհուրդ չեմ տալիս ֆոտոէպիլիացիա, լազերային և էլոս տեսակի մեթոդները: Հորմոնալ փոփոխությունների արդյունքում այդ տեսակի մազահեռացումն իրականացնելիս դժվար է լինում ընտրել ճիշտ ռեժիմը, և հաճախ հղին սպասված արդյունքին չի հասնում: Ես խորհուրդ եմ տալիս կատարել մազահեռացման ավելի մակերեսային ձևեր, որոնք պարզապես հեռացնում են մազը մաշկի մակերեսից, իսկ մազարմատի և բջջային մակարդակով ազդող մեթոդները խորհուրդ չեմ տալիս նաև կրծքով կերակրելու ժամանակ»,-ասում է գինեկոլոգը:

Լազերային և ֆոտո էպիլյացիան խորհուրդ չեն տրվում հղիներին նաև այն պատճառով, որ բժիշկները, կոսմետոլոգները դեռ լիարժեք չեն պարզել, թե տվյալ ճառագայթները ինչ ազդեցություն կարող են թողնել պտղի վրա:

Կոսմետոլոգ Աննա Մարտիրոսյանը հորդորում է հղիության ընթացքում էպիլյացիայի նոր տեսակներ չփորձարկել:

«Հղիության  ընթացքում շուգարինգով մազահեռացումը բավականին արդյունավետ եմ համարում: Շուգարինգ և ցանկացած տեսակի մազահեռացում հղին պետք է կատարի միայն այն դեպքում, եթե նա մինչ այդ փորձարկել է մազահեռացման տվյալ տեսակը, քանի որ առաջին անգամ կատարելիս հնարավոր են ալերգիկ և տարբեր տեսակի անկանխատեսելի ռեակցիաներ օրգանիզմի կողմից: Եթե հղին մինչև հղիություն արդեն կատարել է մազահեռացում, ապա մազերն ավելի բարակ կլինեն, իսկ արմատներն՝ ավելի թույլ, և էպիլյացիան ավելի հեշտ կլինի»,-նշեց կոսմետոլոգը:

Կոսմետոլոգը նաև հավելեց, որ եթե մինչև հղիությունը կինը մազահեռացման որևէ միջոց չի փորձել, ապա ցանկալի է մազահեռացումը կատարել հատուկ դեպիլյացիայի նուրբ քսուքներով:

Ցավային շեմը մարդկանց մոտ անհատական է, և հղիության ընթացքում հաճախ մազահեռացումն ավելի անցավ է լինում, քան հղիությունից առաջ:

Հղիներին հակացուցված չէ մազահեռացումը, սակայն տեսակը պետք է ընտրել՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ. օրինակ՝ անոթների վարիկոզ ունեցող հղիներին թույլատրվում է միայն դեպիլյացիայի քսուքով մազահեռացումը: Այսինքն՝ նախապես պետք է խորհրդակցել բժշկի հետ, ապա միայն ընտրել մազահեռացման տվյալ տեսակը:

 Հեղինակ՝ Նելլի Խաչատրյան