Ինչպե՞ս կանխարգելել վարիկոզը հղիության ընթացքում

Հղիություն

Հղիության ընթացքում հաճախ կարող է առաջանալ վարիկոզ՝ երակների լայնացում: Ինչի՞ց է առաջանում վարիկոզը, ինչպե՞ս կանխարգելել երակների լայնացումը, որո՞նք են վարիկոզի  դեմ պայքարի միջոցները, ի՞նչ տեսակներ ունի այս հիվանդությունը, պարզեցինք գինեկոլոգ Աննա Խաչիկյանից:

«Վարիկոզ լայնացումը հղիության ընթացքում անոթների ախտահարման ամենահաճախ հանդիպող երևույթն է։ Հղիության ընթացքում շատանում է արյունը և լայնացնում անոթները, իսկ գենետիկական գործոնը, սխալ ապրելակերպը, ավելորդ քաշը, սխալ կոշիկների ընտրությունն ի վերջո հանգեցնում են վարիկոզ լայնացման։ Վարիկոզի առաջին իսկ նախանշանների առաջացման պարագայում անհրաժեշտ է դիմել մասնագետի։ Հաճախակի հանդիպող նախանշաններն են ոտքերում ծանրության զգացումը, ցավը, տվյալ հատվածում մաշկային փոփոխությունները, անոթային ցանցի առաջացումը, որն անցնում է պառկած և ոտքերը բարձրացրած դիրքում և այլն» ,- ասում է Աննա Խաչիկյանը։

Վարիկոզ լայնացումն ունենում է տարբեր լոկալիզացիաներ։

Ամենահաճախ հանդիպողը ոտքերի հատվածում անոթային լայնացումն է, որը համեմատաբար հեշտ է կորեկցիայի ենթարկվում։ Մյուսը  աճուկային հատվածի վարիկոզն է, որն ուղեկցվում է կոնքի հատվածում  ցավերով: Մեկ այլ տեսակ է  արգանդի վարիկոզը, որը պայմանավորված է գենետիկ գործոնով, վիրահատական միջամտություններով, հղիության գործիքային ընդհատումների հաճախակի կիրառումներով։ Գոյություն ունի նաև արգանդի պարանոցի վարիկոզ և  սեռական շուրթերի վարիկոզ։

Ճիշտ բուժում ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի, պարզել լոկալիզացիան, հետևել բժշկի խորհուրդներին։ Իհարկե,  լավագույն տարբերակն է  սկզբից կատարել կանխարգելիչ միջոցառումներ՝ խնդրից հնարավորինս խուսափելու համար։

Երակների լայնացումից խուսափելու համար բժիշկները խորհուրդ են տալիս հղիության ընթացքում հետևել մարսողությանը, քանի որ փորկապությունը կարող է առաջացնել արյան ճնշում, ինչն էլ կարող է վարիկոզային հիվանդության պատճառ դառնալ: Երակների լայնացումը կանխարգելելու համար բժիշկը ապագա մայրիկին կարող է նշանակել տարբեր քսուքներ: Հղիության ընթացքում, երբ  արգանդն աճում է, բարձրանում է ներքին ճնշումը, և այդ պատճառով բարձրանում և խախտվում է անոթի ճնշման համակարգը՝ հատկապես ներքևի վերջույթներում: Երակների լայնացման մեկ այլ պատճառ կարող են լինել  ապագա մայրիկի օրգանիզմում հորմոնային փոփոխությունները,  մասնավորապես՝ պրոգեստերոն հորմոնը, որը նախապատրաստում է օրգանիզմը ծննդաբերությանը։ Դրա շատ արտադրությունը կարող է նպաստել երակների լայնացմանը:

Վարիկոզի կանխարգելման մեկ այլ միջոց է կոմպրեսային տրիկոտաժի կրումը ողջ օրվա ընթացքում, սակայն անգամ հիվանդության կանխարգելման փուլում մասնագետները ինքնաբուժությամբ զբաղվել խորհուրդ չեն տալիս։ Ամեն դեպքում անհրաժեշտ է խորհրդակցել մասնագետի հետ։

 

Նելլի Խաչատրյան