8 իրավիճակ, որոնց դեպքում հղի կինը պետք է անհապաղ դիմի բժշկի

Հղիություն

Եկեք քննարկենք իրավիճակներ, որոնց դեպքում հղի կինը պետք է անհապաղ դիմիբժշկի։

 

1 Արյունահոսություն

 

Հղիության վաղ շրջանում այն կարող է վկայել՝

  • ինքնաբեր վիժման,
  • արտարգանդային հղիության ընդհատման մասին, 

Հղիության ուշ շրջանում կարող են առաջանալ այլ՝ ավելի վտանգավոր խնդիրներ 

  • ընկերքի վաղաժամ շերտազատում,
  • արգանդի պատռվածք։  

 

2 Ուժեղ գլխացավ

 

Գլխացավ կարող է առաջանալ արյան բարձր ճնշման դեպքում, որը պրեէկլամպսիայի (հղիության ընթացքում զարգացող հիվանդություն է՝ կապված օրգան- համակարգերի ֆունկցիոնալ խանգարումների հետ) նշաններից է, իսկ պրեէկլամպսիան հղիության ամենավտանգավոր բարդություններից է, որը կարող է հանգեցնել գիտակցության կորստի, ցնցումների, նույնիսկ մոր և պտղի մահվան։

 

3 Ցավ (որովայնային և կոնքային)

 

Ուժեղ կամ չափավոր արտահայտված, տևական ցավերի դեպքում անհապաղ դիմեք բժշկի։ Ցավը կարող է լինել վիժման, վաղաժամ ծննդաբերության, արգանդի լարվածության առաջին նշանը, որը պտղի մոտ կարող է թթվածնային քաղց առաջացնել։

 

4 Արտադրություն

 

Հղիության ընթացքում հեշտոցային արտադրությունը կարող է ուժեղանալ, բայց եթե այն բաց գույն ունի և Ձեզ չի անհանգստացնում, ապա մտահոգվելու պատճառ չկա։ Սակայն եթե արտադրությունն ունի շաgանակագույն, կանաչավուն երանգ, ուղեկցվում է տհաճ հոտով և քորով, այն կարող է սեռավարակի նշան լինել։ Բոլոր դեպքերում պետք է դիմել բժշկի, որովհետև սեռավարկները կարող են առաջացնել վիժումներ, վաղաժամ ծննդաբերություն, պտղի արատներ, ինչպես նաև մոր և երեխայի մոտ հետծննդյան շրջանի բարդություններ։

 

5 Պտղաջրերի վաղաժամ արտահոսք կամ խոնավության զգացում

 

Երբեմն կանայք ուժեղ հազից կամ փռշտոցից հետո խոնավություն են զգում։ Հեղուկը կարող է պտղաջուր լինել, հնարավոր է՝ միզածորություն լինի։ Ամեն դեպքում, եթե կա հարպտղային ջրերի արտահոսքի կասկած, ապա պետք է անմիջապես դիմել բժշկի։

 

6 Պտղի շարժումների կտրուկ ավելացում կամ դանդաղում

 

Երբեմն հղի կանայք նկատում են պտղի շարժումների չափից դուրս ակտիվացում։ Հնարավոր է՝ երեխան փաթաթվել է պորտալարով, կամ պորտալարը հանգուցվել է՝ դանդաղեցնելով կամ դադարեցնելով արյան հոսքը։

 

7. Տենդ, ջերմության բարձրացում

 

Հղիության վաղ շրջանում տենդը պտղի մոտ կարող է արատներ առաջացնել։ Տենդը կարող է վկայել շնչուղիների սուր բորբոքման, ինչպես նաև երիկամների, միզուղիների կամ միզապարկի բորբոքման մասին։

 

8 Մշտական գլխապտույտ

 

Մշտական կամ աչքերի մթագնումով և գլխացավով ու սրտխփոցով ուղեկցվող գլխապտույտը կարող է սուր սակավարյունության կամ այլ լուրջ հիվանդությունների նշան լինել, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ Ձեր հղիության վրա։

 

Եղե՛ք առողջ։

 

Աղբյուրը՝ առողջապահության նախարարություն