Մաշկի,  մազերի և եղունգների խնամքը  հղիության ընթացքում

Հղիություն

Գաղտնիք չէ, որ հղիությունը սթրես է օրգանիզմի համար, թեկուզ և հաճելի: Եվ այդ ընթացքում պետք է զգուշորեն ընտրել կոսմետոլոգիական միջոցները: Ստորև կներկայացնենք մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն հղիության ընթացքում հոգ տանել օրգանիզմի մասին՝ չվտանգելով Ձեր և փոքրիկի առողջությունը:

Պիգմենտացիա

Հղիության ընթացքում հաճախ մաշկի վրա պիգմենտային հետքեր են ի հայտ գալիս կրծքերի, փորի, ինչպես նաև դեմքի հատվածում: Պատճառն օրգանիզմում տեղի ունեցող հորմոնային փոփոխություններն են:

Որպեսզի ավելորդ անգամ չգրգռեք զգայուն մաշկը, ցանկալի է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: Իսկ եթե սպիտակեցնող քսուկներ եք օգտագործում, ապա հետևեք, որ դրանք նախատեսված լինեն հղիների համար: Հակառակ պարագայում այդ քսուկները կարող են ալերգիայի պատճառ դառնալ:

Պիգմենտների դեմ պայքարում կարող եք օգտագործել նաև տնային միջոցներ՝ բուսական թուրմերով պատրաստված սառցե խորանարդիկներ: Թուրմը կարող եք պատրաստել կանաչ թեյով, մաղադանոսի տերևներով, դաղձով: Սառցե խորանարդիկներով դեմքը կարող եք մերսել օրական երկու անգամ:

Ճաքեր մաշկի վրա

Ապագա մայրիկի մաշկի որոշակի հատվածներում կարող են ճաքեր առաջանալ: Դրանք հիմնականում առաջանում են փորի կողային հատվածներում, կրծքագեղծերին և ազդրերին: Ճաքերի պատճառը մաշկի էլաստիկության պակասն է. օրգանիզմն արագ տեմպերով քաշ է հավաքում, իսկ մաշկը չի հասցնում բավարար չափով ձգվել:

Ցավոք, ճաքերից լիովին խուսափել հնարավոր չէ: Սակայն դրանք հնարավոր է նվազագույնի հասցնել՝ հղիության առաջին իսկ եռամսյակից պատշաճ հոգ տանելով մաշկի մասին: Հարկավոր է օգտագործել ճաքերի համար նախատեսված կրեմներ, որոնք կարելի է կիրառել հղիության ընթացքում: Մաշկի մերսումներ կարելի է իրականացնել նաև զանազան եթերայուղերով և ցորենի անհաս հասկերով: Կարևոր է նաև քաշին հետևելը:

Փխրուն եղունգներ և մազեր

Ապագա մայրիկի օրգանիզմում հաճախ վիտամինների և միկրոտարրերի անբավարարություն է առաջանում, որն էլ անդրադառնում է եղունգների և մազերի ամրության և տեսքի վրա:

Նման իրավիճակում օգտակար են մրգերն ու բանջարեղենները, որոնք հարուստ են վիտամիններով: Օրինակ՝ կալցիում պարունակում է ոչ միայն կաթնամթերքը, այլ նաև մաղադանոսը, քունջութի սերմերը, սև հացը, չրերը և այլն:

Եղունգների համար կարելի է պարբերաբար աղային վաննաներ կազմակերպել. մեկ պտղունց ծովի աղը լուծել գոլ ջրում, և եղունգները մի քանի րոպե պահել այդ ջրի մեջ:

Հղիության ընթացքում նաև ցանկալի չէ մազերի քիմիական գանգրացում իրականացնել կամ ներկել:

 

 

Աղբյուրը՝ vkusnyasha.ru