Հաճախակի փսխումը վտանգում է ատամների առողջությունը. մասնագետի խորհուրդը՝ հղիներին

Հղիություն

Հղիության առաջին իսկ օրերից կնոջ  օրգանիզմում տեղի են ունենում այնպիսի փոփոխություններ,  որոնք առաջին հերթին  անդրադառնում են հատկապես ատամների և լնդերի վրա: Ինչպե՞ս խնամել ատամները հղիության ընթացքում․ ներկայացնում է  ատամնաբույժ Աննա Մաթևոսյանը:

Շատ հաճախ հղիները գանգատվում են բերանի խոռոչում առաջացած ցավերից, որոնց ոչ միշտ են ուշադրություն դարձնում։ Սակայն ժամանակին ստոմատոլոգին չդիմելու հետևանքով  լուրջ  խնդիրներ կարող են առաջանալ։

Լինում են դեպքեր, երբ միայն կնոջ ժպիտից կարելի է հասկանալ, որ նա հղի է. գոյություն ունի  «հղիության գինգիվիտ» (լնդաբորբ) ասվածը, որն  առաջանում է  հորմոնալ փոփոխությունների հիմքի վրա և ժպտալիս  գրեթե տեսանելի է: Ինչ անել՝ հղիության ընթացքում ատամների հետ կապված խնդիրներից խուսափելու համար.

  • Քանի որ հղիության առաջին 3 ամսում ստոմատոլոգիական միջամտություն առհասարակ չի կարելի,  պետք է մինչև հղիությունը այցելել ստոմատոլոգի,
  • Քանի որ հղիներն  ունեն փսխման ռեֆլեքս, պետք է ապահովել բերանի խոռոչի մասնագիտական հիգիենան` ատամնափառի հեռացման և գինգիվիտի կանխարգելման միջոցով,
  • Եթե կան գինգիվիտի նախանշաններ, լնդերի այտուցվածություն կամ ցավ, ատամնաթել  օգտագործել չի թույլատրվում,
  • Մինչև 6 ամսկան հղիությունը կինը պետք է օգտագործի գինեկոլոգի կողմից նշանակված այնպիսի հեղուկներ, վիտամիններ, որոնց բաղադրության մեջ կալցիումի մեծ քանակություն կա,
  • Ընտրեք ատամի ճիշտ մածուկ: Հղիության ընթացքում պետք  է գնել այնպիսի մածուկ, որի բաղադրության մեջ կան բացառապես կալցիում, ֆտոր, ֆոսֆոր,
  • Չի կարելի օգտագործել ատամը սպիտակեցնող մածուկներ, քանի որ դրանք  ազդում են  ատամի էմալի վրա: Այն պարզապես մեխանիկորեն մաքրում է ատամի մակերեսը և կարող է հանգեցնել  թթվային բալանսի խանգարման,
  • Անհրաժեշտ է հաճախ լվանալ ատամները՝ հաշվի առնելով հաճախակի փսխումները,
  • Օգտագործեք ձու, ձուկ,  միս, գազար, խնձոր, որոնք պարունակում են B12, ֆտոր, կալցիում և բավականին մեծ քանակությամբ այլ վիտամիններ,
  • Չի խրախուսվում ատամի լազերային սպիտակեցումը, ատամնաքարերի մաքրումը, քանի որ այն կարող է բորբոքել լնդերը: Հղիության ընթացքում ավելորդ  ճառագայթային հետազոտություններից  և լրացուցիչ  խնդիրներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է նախապես անցնել բոլոր հետազոտությունները:
  • Անհրաժեշտ է օգտագործել բուժիչ ողողիչներ, որոնք նշանակում է ստոմատոլոգը: Բացի դրանից, կան ողողման  հատուկ մեխանիզմներ, որոնք օգնում են մաքրել բերանի խոռոչը, սպիտակեցնել ատամները՝ առանց վնասելու լինդը,
  • Եթե հղիության ընթացքում կան ատամի սուր ցավեր,  անհրաժեշտ է ոչ միայն ատամնաբույժի, այլև գինելոլոգի հետ խորհրդակցել։

Պետք է հիշել, որ  հղիությունից հետո դեկալցինացիայի (օրգանիզմում կալցիումի պակաս) գործընթացն ավելի արագ է տեղի ունենում:  Այնպես որ, հատկապես հղիության ընթացքում պետք է ավելի հետևողական լինել ատամների խնամքի հարցում։

 

Հեղինակ՝ Նորա Հայրապետյան