Ե՞րբ, որքա՞ն ժամանակում ու ի՞նչ մեթոդներով է հնարավոր վերացնել մաշկի՝ հղիության հետևանքով առաջացած ցելյուլիտային բծերը. մասնագետի խորհուրդները

Հղիություն

«Իմ փոքրիկ»-ի հարցերին պատասխանում է «Աջափնյակ» բժշկական կենտրոնի կոսմետոլոգ Լուսինե Բարսեղյանը։

- Մինչև ծննդաբերությունն ի՞նչ կարելի է անել՝ խուսափելու համար հղիության արդյունքում որովայնին առաջացող բժերից։

- Որպես նախաբան՝ նշեմ, որ որովայնային բծերը ատրոֆիկ սպիներ են, որոնք կարող են լինել տարբեր տրամաչափի: Դրանք համարվում են մաշկի դեֆեկտ։ Առաջանում են հիմնականում հղիների, ինչպես նաև արագ քաշ հավաքող մարդկանց մոտ։ Հղիության ընթացքում առաջացման պատճառներից են հորմոնալ դիսբալանսը, հղի կնոջ տարիքը (ինչքան մեծ է կինը, այնքան սպիների առաջացման հավանականությունը բարձր է), քաշի արագ ավելացումը հղիության ընթացքում, նվազ շարժունակություըն, վիտամինների և օգտակար նյութերի պակասը օրգանիզմում, որովայնային մկանների թուլությունը, ժառանգական նախատրամադրվածությունը և այլն։ Անդրադառնալով բուն հարցին՝ նշեմ, որ հղիության ընթացքում որովայնային բծերից խուսափելու համար անհրաժեշտ է հղիության առաջին իսկ օրերից մաշկը նախապատրաստել՝ օգտագործելով հղիների և կերակրող մայրերի համար նախատեսված հատուկ քսուքներ, որոնք հարստացված են վիտամին E-ով։ Կարելի է օգտագործել նաև հատուկ յուղեր, որոնք կսնուցեն և կխոնավեցնեն մաշկը, վիտամիններով և հանքանյութերով հարուստ սնունդ, ինչպես նաև հղիների համար նախատեսված վիտամինային կոմպլեքսներ: Հղիության ժամկետից կախված՝ պետք է վարել կյանքի ճիշտ կենսակերպ՝ ներառելով հղիների համար նախատեսված սպորտային վարժանքներ։ Խորհուրդ է տրվում կրել հատուկ գոտիներ, որոնք նվազեցնում են որովայնային մկանների վրա ընկած ծանրաբեռնվածությունը։

 

- Նշեցիք յուղերի մասին, խորհուրդ տվեք մի քանիսը։

- Յուղերն, ի դեպ, խորհուրդ է տրվում օգտագործել հղիության ընթացքում, ոչ թե հետո։ Յուղերը պետք է տարածել մերսման նուրբ շարժումներով։ Կառանձնացնեմ հետևյալ քսուքները՝ նարնջի, նուշի, դեղձի, կոկոսի, զեյթունի յուղեր, որոնք շատ լավ խոնավացնում և սնուցում են մաշկը։ Տան պայմաններում կարելի է նաև օգտագործել սկրաբներ, որոնք մաքրում են մաշկը և հաղորդում առաձգականություն։ Դրանք պատրաստելու համար անհրաժեշտ է աղացած սուրճ, մեղր և մի քանի կաթիլ նշված յուղերից։ Պետք է խառնել և մերսման շարժումներով տարածել մաշկին։

 

- Ծննդաբերությունից որքա՞ն ժամանակ անց կարելի է սկսել բուժումը։

-Ժամանակակից կոսմետոլոգիան թույլ է տալիս վերացնել արդեն իսկ առաջացած որովայնային բծերը ծննդաբերությունից հետո ոչ շուտ, քան 6 ամիս անց(եթե չկան հակացուցումներ՝ կերակրում, կեսարյան հատում և այլն) և ոչ ուշ, քան 1 տարին է։ Սակայն նշեմ նաև, որ որովայնային բծերը լիովին և վերջնական չեն բուժվում, այլ որոշակի պրոցեդուրաներից հետո դառնում են աննկատ։


- Ինչպե՞ս է իրականացվում բծերի հեռացումը, անցա՞վ է, թե՞ ոչ։


-Կան բազմաթիվ եղանակներ, որոնք նպաստում են բծերը աննկատ դարձնելուն, սակայն ամբողջովին անցավ չեն։ Բժիշկ֊կոսմետոլոգի սենյակում արդեն ընտրված է բուժման համար համապատասխան սխեմա՝ հաշվի առնելով պացիենտի մաշկի որակական հատկությունները և սպիների վաղեմությունը։


- Հղիության ընթացքում կարելի՞ է կատարել նմանատիպ պրոցեդուրաներ:


- Ո՛չ, դրանք հակացուցված են հղիության և կրծքով կերկակրման ընթացքում։

 

- Որքա՞ն ժամանակ կպահանջվի վերջնական արդյունքի հասնելու համար։

 

-Ոչ մի գրագետ, բժշկական կրթություն ունեցող մասնագետ չի կարող նշել ժամանակահատված։ Կախված է այցելուի ճշտապահությունից և օրգանիզմի անհատականությունից։

 

Հեղինակ՝ Մոնիկա Մամյան