Վարիկոզը հղիության ժամանակ․ ի՞նչ անել ու արդյո՞ք հնարավոր է կանխել

Հղիություն

«Իմ փոքրիկ»-ի զրուցակիցն է «Շենգավիթ» ԲԿ-ի անոթային և էնդովասկուլյար վիրաբույժ Արմեն Խեդոյանը:

 

Պտղի գոյությունը և լիակատար զարգացումն ապահովելու նպատակով՝ մայրիկի օրգանիզմը գործադրում է առավելագույն ջանքեր ու տեղ հասցնում անհրաժեշտ նյութերը։ Սակայն բոլոր դեպքերում չէ, որ տվյալ ճանապարհն ընթանում է հարթ։ Հաճախ զարգանում են  բարդություններ, որոնց շարքում առաջնային դիրք են գրավում անոթային խնդիրները։ Հղիության վաղ փուլում առանձնակի ազդեցություն անոթների վրա չի նկատվում, բայց երկրորդ կամ երրորդ եռամսյակից սկսած այդ ազդեցությունը կարող է ընդգծվել։ Կարևոր գործոն է հանդիսանում այն, որ պտուղը մեծանում է, ինչի հետևանքով անոթները փոքր կոնքում սկսում են որոշակիորեն սեղմվել։ Ավելանում է նաև կնոջ քաշը։ Ու քանի որ երակների պատերն իրենց կառուցվածքով համեմատաբար ուժեղ չեն, ցանկացած արտաքին մեխանիկական ճնշում հեշտությամբ բերում է երակի լայնացման։ Մասնավորապես՝ ստորին վերջույթների վարիկոզ հիվանդությունն է ամենից շատն արձանագրվում հղիների շրջանում։

Տարբերակում են վարիկոզ հիվանդության վեց աստիճան։ Առաջին աստիճանի ժամանակ նշմարվում են վիզուալ փոփոխություններ՝ երակի լայնացում, աստղիկների, հանգույցների առաջացում։ Երկրորդ ու երրորդ աստիճաններում անձը տեսնում է նույն  երևույթի առավել խոշոր պատկերը։ Չորրորդ աստիճանի պարագայում աչքի են ընկնում մաշկային փոփոխությունները՝ մաշկի մգացում, կարմրում, սևացում։  Հինգերորդ և վեցերորդ աստիճանների դեպքում զարգանում են տրոֆիկ խոցեր։ Սաստիկ ցավ զգացվում է, եթե վարիկոզ երակներում արդեն իսկ առաջացել են թրոմբներ։ Իմիջայլոց, թրոմբը համարվում է վարիկոզի ամենավտանգավոր կողմը։ Հղիության ընթացքում երբեմն ծագում է վիրահատություն կատարելու անհրաժեշտություն, սակայն հիմնականում նմանատիպ միջամտությունն իրականացվում է ծննդաբերությունից, կրծքով կերակրումն ավարտելուց հետո։

Վարիկոզից խուսափել ցանկացող կինը պետք է վերահսկի քաշը և հետևի իր սննդակարգին։ Հարկավոր է հաճախ զբոսնել, լինել ֆիզիկապես ակտիվ, նստակյաց կյանք չվարել, երկար ժամանակ չկանգնել ու չնստել միևնույն դիրքով, չհագնել սեղմող հագուստ, չկրել չափազանց բարձրակրունկ կոշիկներ, լիովին տափակ կոշիկներ կրելը ևս խորհուրդ չի տրվում։ Երբ անհատի մոտ կա ժառանգական նախատրամադրվածություն, խնդրից խուսափելն ավելի դժվար է։ Այնուամենայնիվ, խնդրին բախվելիս կարևոր է բժշկի հետ զրուցելը։  Նույնիսկ վարիկոզի ժամանակ կիրառվող կոմպրեսիոն զուգագուլպաներն առանց մասնագետի խորհրդատվության օգտագործել պետք չէ։ Վերջիններս ընտրվում են տարբեր չափանիշներով, պետք է լինեն ոչ թույլ և ոչ էլ ձիգ։ Ուստի հարկավոր է համաձայնեցնել այս ամենը համապատասխան մասնագետի հետ։

 

 

 

Անոթային վիրաբույժի հետ կարող եք կապ հաստատել նշված հեռախոսահամարով՝ 093 53 77 73

Ֆեյսբուքյան էջ՝ Dr. Khedoyan

Ինստագրամյան էջ՝ dr_khedoyan