Հղիությունը և բարձրակրունկ կոշիկները համատեղելի՞ են․ պարզաբանում է մասնագետը

Ներկայացնում է բժիշկ-սոնոգրաֆիստ Վարդուհի Հովհաննիսյանը:

Կանայք նույնիսկ հղիության ընթացքում ձգտում են գեղեցիկ և գրավիչ տեսք ունենալ։ Ուստի նրանք չեն հրաժարվում բարձրակրունկ կոշիկներ կրելուց անգամ երբ սկսում է փորիկը կլորանալ։ Բայց արդյո՞ք հղիությունն ու կրունկները համատեղելի են, և ինչպե՞ս է վնասում կրունկն ապագա մորը։

Կրունկներով քայլելիս մեծանում է ողնաշարի գոտկային հատվածի ծանրաբեռնվածությունը։ Հղի կինը հավասարակշռությունը պահպանելու համար բնազդաբար մի փոքր հետ է թեքվում՝ դրանով իսկ փոխելով մեջքի բնական կորը։ Եվ ողնաշարի անբնական կորությունը, ստորին վերջույթների, կոնքի ու մեջքի մկանների լարվածությունը հանգեցնում են նրան, որ ապագա մայրը զգում է ծանրություն ոտքերում, սրունքի մկանների ջղաձգումներ, մեջքի ցավեր և որպես հետևանք զարգանում է հարթաթաթություն, ողնաշարի օստեոխոնդրոզ: Ողնաշարի անբնական թեքումն, ի դեպ, կարող է հանգեցնել պտղի ոչ ճիշտ դիրքի՝ թեք կամ լայնակի, ինչը մեծացնում է ծննդաբերության ժամանակ կեսարյան հատման վտանգը։ Հանգեցնում է ստորին վերջույթների, արտաքին սեռական օրգանների վարիկոզի ևս։ Ապագա մայրիկի համար լինում են նաև տհաճ էսթետիկ հետևանքներ։ Քանի որ ծանրության կենտրոնը առաջ է շարժվում, փորիկն էլ ավելի է դուրս գալիս, այսինքն՝ որովայնի մկաններն ու մաշկը ավելի են ձգվում, առավել շատ առաջանում մաշկի էսթետիկ խնդիրներ (ստրիաներ)։

Ընդհանրապես հղիության ընթացքում կրունկի ցանկալի թույլատրելի բարձրությունը մինչև 5 սմ է։ Կրունկը պետք է լինի հնարավորինս կայուն, հարմարավետությունն ու անվտանգությունն առաջնահերթություն են, կոշիկները պետք է լավ ամրացվեն ոտքի շուրջը։ Ցանկալի է մոդելն ընտրել կես կամ մեկ չափ ավելի մեծ, քանի որ հղիության ընթացքում այտուցը բավականին հավանական է, ու այտուցվածության պատճառով ոտքը փոքր-ինչ մեծանում է, հետևաբար կարևոր է չխախտել արյան շրջանառությունը ոտքերում։ Կրունկներ կարելի է կրել օրական 2-3 ժամից ոչ ավելի։ Խորհուրդ է տրվում այդ ընթացքում ունենալ փոխարինելի զույգ կոշիկ։ Առհասարակ կոշիկները հանելուց հետո կարելի է պառկել բազմոցին, ոտքերը դնել մի փոքր վեր։ Դա կնպաստի ոտքերից արյան արտահոսքին, կնվազի այտուցը և ճնշումը երակների վրա։

 

 

 

Աղբյուրը՝ Վարդուհի Հովհաննիսյան ֆեյսբուքյան էջ