Մանկապարտեզներն անվճար են, երկարօրյա խմբերը՝ վճարովի. Ռադիոլուր

Մանկապարտեզներ

Երեւանի համայնքային բոլոր մանկապարտեզներում սեպտեմբերից կգործեն երկարօրյա խմբեր։  Բազմաթիվ ծնողների համար հաճելի նորության մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Նա  նշել է, որ ծառայությունը կլինի վճարովի։

Մանկապարտեզների երկարօյա խմբերի մասին լուրը մայրաքաղաքի թիվ չորս մանկապարտեզում ընդունել են ուրախությամբ։ Ըստ տնօրեն Արմինե Զոհրաբյանի, ոգևորված են հատկապես ծնողները։ «Որովհետև մեր ծնողներից շատերն են աշխատում պետական ու մասնավոր կառույցներում, ժամանակի խնդիր ունեն, և 17.30-ից հետո շատերը չեն հասցնում գալ ու վերցնել երեխային մանկապարտեզից»։

Երկարօրյա խմբերը ծնողներին հնարավորություն կտան երեխաներին մանկապարտեզում թողնել  ևս 1,5 ժամ, այսինքն՝ մինչև ժամը 19-ը։ Բայց կա պայման. երկարօրյա խումբ բացելու համար անհրաժեշտ է առնվազն 5 երեխա: Մանկապարտեզի տնօրենի խոսքով՝ միայն այդ դեպքում հնարավոր կլինի վճարել մանկավարժներին լրացուցիչ աշխատանքի դիմաց.

 «Երկարօրյա ծառայությունը վճարովի է։ Ցանկացողները ամսական 5000 դրամ կվճարեն»։

Ի դեպ, թյուրըմբռնումներից խուսափելու համար մեջբերենք  փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի դեռևս հունիսին երկարօրյա խմբերի թեմային առնչվող  դիտարկումը. «Ես ուզում եմ ընդգծել, որ սա հավելյալ, ընտրովի, վճարովի ծառայություն է, որպեսզի չընկալվի այնպես, որ Երևանում մանկապարտեզները վճարովի են դառնում»։

Լրացուցիչ աշխատանքի համար մանկավարժները լրացուցիչ վարձատրություն կստանան։ Ամենայն հավանականությամբ, կլինի ֆիքսված գումար։

 

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»