Ինչու՞ է բակի դերը երեխայի կյանքում անգնահատելի. մաս 1

Մանկապարտեզներ

Մեկմեկու ձեռքն ամուր բռնած՝ սկսեցին պտտվել ու նույն բառն անընդմեջ կրկնել:

Ապա արագ նստեցին, դե իսկ չհասցնողն էլ պարտվողի դերում հայտնվեց: Այսպիսին կարող է լինել պատուհանից «Զիլինա» խաղի ընթացքին հետևող փոքրիկի համառոտ նկարագրությունը: Նման խաղերը մանկության քաղցր պահերից են, որոնք կարծես թե սկսում են խորթ դառնալ Z սերնդին: Մի կողմից տեխնոլոգիաները երեխաներին ներքաշում են  վիրտուալ միջավայր, մյուս կողմից՝ ծնողներն են խուսափում իրական վտանգներից  և  այդպիսով չեն խրախուսում երեխային դառնալ բակային միջավայրի մասնիկը:

Երեխայի կյանքում բակային խաղերի կարևորության վերաբերյալ «Իմ փոքրիկ»-ի հարցերին պատասխանել են «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Անի Ապիտոնյանը և «Երկուսով»մասանգիտացված հոգեբանական կենտրոնի հոգեբան Լալա Պետրոսյանը:

 

 

Բակային միջավայրի առավելությունները

 

«Խաղի ընթացքում զարգանում է երեխայի հիշողությունը, ուշադրությունը, երևակայությունը, մտածողությունը, խոսքը։ Դրան ավելացնում ենք մարմնի, խոշոր և մանր մոտորիկայի՝ օրգանիզմի շարժողական ակտիվության զարգացումը։ Եթե դիտարկենք այս ամենը ամբողջության մեջ, պարզ է դառնում խաղի հզոր դերը։ Բակում հերթը հասնում է շփման հմտություններին, որոնք առավելապես ակտիվ դերակատարություն են ստանձնում դպրոցական տարիքում»,- նշում է Անի Ապիտոնյանը:

 

Լալա Պետրոսյանի խոսքով՝ մինչև 2-3 տարեկանը փոքրիկը բակում գտնվելիս խաղում է տարբեր տարիքի երեխաների կողքին, բայց ոչ նրանց հետ:

 «Արդեն մի փոքր մեծ տարիքում նա փորձում է շփվել իր տարեկիցների հետ, սկսում համագործակցային հմտություններ ձեռք բերել՝ ինչպես շփվել, խաղալիք վերցնել, ունեցածը կիսել, ընկերանալ, ցանկալին ստանալ կամ փոխարինել: Հետևաբար բակային միջավայրը նպաստում է երեխաների շրջապատին ադապտանալու գործընթացին: Փոքրիկը մեծանալուն զուգահեռ սկսում է ճանաչել իր հնարավորությունները, օրինակ՝ ինչքան արագ կարող է վազել, ում հետ կարող է մրցել, ում կարող է հաղթել: Ըմբռնում է համագործակցության կանոնները խմբի ներսում, սովորում առողջ մրցակցություն, հաղթել ու պարտվել, ընդունել պարտությունն ու չկոտրվել: Բակը սոցիալական հարաբերությունների կերտման փոքր մոդելի է վերածվում»,- մանրամասնում է նա:  

 

Թերի կողմերի ուռճացում

Բակային միջավայրը կարող է տարբեր վտանգներ պարունակել: Անի Ապիտոնյանի համոզմամբ՝ բացասական կողմերից է բակերի անհարմարավետությունը, մեքենաների մեծ հոսքը: Սա անվտանգության խնդիր է առաջացնում. «Երբեմն էլ ծնողները մտածում են, որ երեխաները կընկնեն վատ միջավայր կամ հասակակիցներից, մեծահասակներից կսովորեն ոչ խրախուսելի վարքաձևեր, արտահայտություներ, որոնք հետագայում կփոխեն նրանց կյանքի որակը: Հստակեցնենք՝ փոփոխություն երեխայի վարքագծի մեջ այսպես, թե այնպես տեղի է ունենում մեծանալուն զուգընթաց: Այդ ընթացքում նա ձգտելու է դեպի դուրս, դեպի հասակակիցներ, ռեֆերենտ խմբեր»,- շարունակում է հոգեբանն ու շեշտում՝ իրավիճակի զարգացման ուղղությունը հիմնականում  կախված է երեխա-ծնող հարաբերության տեսակից՝ որքան ընկերական են դրանք:

«Ծնողական վերահսկողությունը միանշանակ անհրաժեշտ է, բայց պետք է ունենա սահմաններ», - ընդգծում է Լալա Պետրոսյանը:  Ըստ նրա՝ փոքր տարիքի երեխայի հետ պետք է գտնվել բակում, ավելի մեծ տարիքում՝ պարզապես հեռվից հետևել՝ որտեղ է երեխան և ում հետ: «Ժամանակ առ ժամանակ ծնողներն արգելում են երեխաներին դուրս գալ բակ ու դա հիմնավորում են այսպես՝ զավակիս համար  անհանգստանում եմ: Պատկերացրեք այն երեխայի հոգեվիճակը, որը միշտ հետևում է իր հասակակիցների խաղին, սակայն ինքն անմասն է մնում: Երեխան զրկվում է ինքնառեալիզացվելու, սեփական ուժերը գնահատելու, ընկերական միջավայրում գտնվելու հնարավորությունից: Ընդհանրապես, երեխային դուրս գալ արգելելը սխալ մոտեցում է: Երեխան պիտի ընկերներ ունենա դրսում»,- ասում է նա:

Անի Ապիտոնյանը հավելում է՝ երբ խոսքն արգելքի մասին է, գործ ունենք տագնապային ծնող-անհատի հետ, որոնք ամենուր կարող են տեսնել վտանգներ: «Խնդիրը հենց ծնողի կողմից այդ վտանգը զգալու հաղթահարումն է, անորոշության հետ համակերպվելը:  Պետք է շեշտը դնել ոչ թե նրա վրա, որ աշխարհը վտանգավոր է, այլ այն բանի, որ աշխարհը հետաքրքիր է ու պետք է դրական սպասելիքներ ունենալ: Նա, երեխային դուրս չթողնելով, խոչընդոտում է նրա սոցիալականացմանը, ինչը չի բխում երեխայի շահերից: Նա ցանկանում է, որ իր երեխան լինի լավագույնը, բայց որտեղ են գործնական քայլերը:  Ամենալավը լինելու համար փոքրիկը պիտի ճկուն մտածողություն ունենա, իսկ ճկուն մտածողություն ձեռք են բերում շփման մեջ, բակում խաղալիս, դպրոց հաճախելիս, տարբեր խոչընդոտներ հաղթահարելիս: Բնականաբար տանը նստած, մշտապես մայրիկի կողքին մանուկը ձեռք չի բերի այդ ամենը: Միգուցե նա շատ անգիրներ իմանա, տեղեկատվության տիրապետի, բայց անպատրաստ կլինի կյանքի դժվարություններին, ավելի քիչ սթրեսակայուն կլինի»,- մանրամասնում է Անի Ապիտոնյանը: Նրա խոսքով՝ փոխզիջման գնալու դեպքում ավելի հեշտ կհաղթահարվեն խնդիրները:

Երկու հոգեբաններն էլ կիսում են այն կարծիքը, որ միայն տանը լինելով ու ամեն ինչ պատրաստի ստանալով՝ երեխան դժվարանում է դրսևորել իրեն իրական կյանքում:  Անի Ապիտոնյանի բնորոշմամբ՝ երեխային տանը գահ են տալիս, թագավոր կարգում, իսկ բակում նա այդպես էլ չի կարողանում նույն թագավորը լինել, խուսափում է մյուսների հետ շփումից: Սա հաճախ հանդիպող խնդիր է ու պահանջում է շուտափույթ լուծում:

 

Շարունակելի:

 

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան