Ինչպե՞ս երեխային ասել, որ հայրիկը ռազմաճակատից չի վերադառնալու․ մաս 3

Մանկապարտեզներ

Նյութի երկրորդ մասը կարդացեք այստեղ։

 

Հույզերն արտահայտելու կարիք ունի ոչ միայն երեխան, այլ նաև մայրիկը

«Մայրիկը երեխայի հետ կարող է իրականացնել արտթերապևտիկ աշխատանք, գույների միջոցով արտահայտել հույզերը, աշխատել երեխայի տագնապները ցրելու վրա: Երեխայի հետ միասին ստեղծել հեքիաթ, որտեղ գլխավոր հերոսը պետք է հրաժեշտ տա հայրիկին: Հայրիկի համար պատրաստի այն, ինչ երեխան այդ պահին կցանկանա»,- ասում է հոգեբանը:

Նրա խոսքով՝ մայրիկը երեխայի ներկայությամբ չպետք է հաճախակի անդրադառնա նրան, թե հայրիկից հետո ինչ են անելու, չխոսի ֆինանսական դժվարությունների մասին, այլ լինի ուժեղ, մտածի իր հաջորդ քայլերի մասին: Սա արվում է նրա համար, որ երեխան չունենա անպաշտպանության զգացում: Երեխան՝ ի դեմս մայրիկի, պետք է տեսնի ուժեղ գործողություններ իրականացնող մեկին, ում շնորհիվ կշարունակի իրեն պաշտպանված զգալ։

Մայրիկն էլ մեծ ցավ է զգում նման պահերին ու գուցե չկարողանա կառավարել հույզերը: Հոգեբան Լուսինե Գրիգորյանը համարում է, որ այդ փուլում լավագույն տարբերակը երեխայի հետ  հոգեբանական աշխատանք իրականացնելն է, հոգեբանի միջոցով իրավիճակը ճիշտ ներկայացնելը՝ հետագա բարդություններից խուսափելու համար։ «Երեխային շրջապատող մեծահասակները պետք է համագործակցեն հոգեբանի հետ, որպեսզի իրենք ևս կարողանան ճիշտ հաղթահարել վիշտը, քանի որ երեխան ցանկացած երևույթի տալիս է այնպիսի մեկնաբանություն, ինչպիսին տեսնում է իր ընտանիքում»,- շեշտում է հոգեբանը:

 

Փոքրիկի վերջին հրաժեշտը հայրիկին

Լուսինե Գրիգորյանի խոսքով՝ եթե գործ ունենք նախադպրոցական կամ կրտսեր դպրոցական տարիքի երեխաների հետ, ապա նրանց հուղարկավորության տանելու կարիք չկա, սակայն հայրիկի հետ հրաժեշտ պետք է կազմակերպվի:

Նա մանրամասնում է, որ երեխայի մայրը կարող է կազմակերպել այնպիսի մթնոլորտ, որտեղ առանց լացի, միասին հրաժեշտ կտան հայրիկին մինչ հուղարկավորությունը։ Հուղարկավորությունից որոշ ժամանակ անց  մայրիկը երեխայի հետ կարող է գնել ծաղիկներ և այցելել հայրիկին։ «Հայրիկի լուսանկարները և վիդեոները անհրաժեշտ է ցույց տալ երեխային, հիշել հայրիկի մասին ուրախ պատմություններ, ոչ մի դեպքում չխուսափել երեխայի ներկայությամբ հայրիկի մասին խոսելուց»,- հավելում է նա:

 

 

Մայրիկը պետք է երեխայի հետ առաջ շարժվի 

 

Մայրիկը  պետք է նայի միայն առաջ, մտածի իր և երեխաների ապագայի մասին։ Այս կարծիքն ունի Լուսինե Գրիգորյանը: Նա ասում է՝  իհարկե մայրիկը կարիք ունի իր հույզերն արտահայտելու, բայց դրա համար պետք է օգտագործել գիշերը, իսկ օրվա ընթացքում երեխաներին ներկայանալ չոր աչքերով, զորեղ, պատրաստակամ։ Ընդծում է՝ յուրաքանչյուր տխուր օր և դժվարության հաղթահարում ամուր հիմք է այն ապագայի համար, որ ստեղծում ենք մենք։

 

 

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան