Հայկ դյուցազունն ու Բելը

Մանկապարտեզներ

Հնում Հայկ անունով մի վայելչակազմ, թիկնեղ, գանգրահեր և վառվռուն աչքերով հսկա է ապրել։

Դա եղել է այն ժամանակ, երբ բաբելոնյան խառնաշփոթության հետևանքով մարդիկ սփռվել էին երկրով մեկ՝ հզոր ու կատաղի հսկաների մեջ, որոնցից յուրաքանչյուրը փորձում էր ուժով իշխանության ղեկը ստանձնել։ Նրանցից մեկին՝ Տիտանյան Բելին, պատահաբար հաջողվում է անել դա ու մարդկանց իրեն ենթարկեցնել։ Հայկը, սակայն, ըմբոստանում է Բելի դեմ, չի հնազանդվում նրան և արհամարհում է։ Այդժամ Բելը կռվով հարձակվում է Հայկի վրա, բայց արի Հայկը հսկա աղեղով հալածում է նրան։ Այդ ընթացքում Բաբելոնում ծնվում են Հայկի որդիներն ու դուստրերը, թոռներն ու ծոռները։ Հայկն իր ողջ գերդաստանով՝ թվով մոտ երեք հարյուր հոգի, իր ծառաներով ու աղախիններով, իրեն հարած եկվորներով գաղթում է Բաբելոնից դեպի հյուսիս՝ Արարադի երկիրը։

Հայկը սկզբում բնակվում է մի լեռան ստորոտում գտնվող դաշտավայրում, շինում է կալվածքներով բնակատեղի ու ժառանգություն տալիս թոռանը, ապա շարժվում առաջ՝ հաստատվելով այլ հատվածում։ Հայկը շինում էր ու ծաղկեցնում, Տիտանյան Բելը՝ շարունակում թագավորել Բաբելոնում, պարտադրում ազգերին երկրպագել իր հպարտ ու ամբարտավան պատկերին։ Բոլորը կատարում էին Բելի հրամանները բացի Հայկ նահապետից, որը ոչ նրան է հնազանդվում, ոչ նրա պատկերը տանը կանգնեցնում և ոչ էլ մեծարում։ Բելն այդ պատճառով ոխակալվում է Հայկի դեմ, սակայն առժամանակ ոխը թաքցնում է։ Տղաներից մեկին՝ հավատարիմ մարդկանց ուղեկցությամբ, պատգամավոր է ուղարկում հյուսիս՝ Հայկի մոտ, որպեսզի նա հնազանդվի և խաղաղ ապրի։

- Դու ցուրտ սառնամանիքների մեջ բնակվեցիր,- ասում է Բելը իր պատգամախոսի միջոցով,- բայց տաքացրու և մեղմացրու քո հպարտ բնավորության ցուրտ սառնությունն ու, ինձ հնազանդվելով, խաղաղ ապրիր իմ երկրում, որտեղ դու կհաճես բնակվել։

Հայկը խստությամբ մերժում է Բելի պատգամավորներին, և նրանք ձեռնունայն վերադառնում են Բաբելոն։ Զայրացած Բելը զորք է ժողովում ու, հետևակ զորքի մեծ բազմության գլուխ անցած, գալիս է Արարդի երկիրը՝ այնտեղ, ուր բնակվում էր Հայկի թոռ Կադմոսը։ Վերջինս խուսափելով Բելից՝ փախչում է Հարք և սուրհանդակներ առաքում Հայկին՝ հայտնելով հետևյալը․

- Իմացիր, որ Բելն ուղիղ գալիս է քեզ վրա հավերժական քաջերով և երկնադեզ հասակով մրցող հսկաներով։ Լսելով, որ նա մոտեցել է տանս՝ կնոջս ու զավակներիս հետ փախստական ահա տագնապած գալիս եմ քեզ մոտ։ Ուստի շտապ մտածիր անելիքդ։

Հայկն այս իմանալուց հետո վերցնում է իր զավակներին, ինչպես նաև դստրերի որդիներին և դուրս գալիս Բելի վիթխարի զորքի դեմ։ Հայկն իր սակավաթիվ մարդկանցով չի կարողանում Բելի սպառազեն հսկա տղամարդկանց բազմության դեմն առնել։ Բելն անգամ փորձում է Հայկին գերել, բայց Հայկը խույս է տալիս Բելից ու նահանջելով հեռանում։ Բելն ամրակուռ զրահով զրահապատված՝ իր զորքով հետապնդում է Հայկին։ Հայկը վերադառնում է և ասում Բելին․

- Ինչու՞ ես զուր հետապնդում ինձ։ Վերադարձիր քո տեղը, որպեսզի շարունակես ապրել, քանզի իմ նետը բնավ չի վրիպում։

Բելը պատասխան է տալիս․

- Որպեսզի չընկնես իմ զինվորների ձեռքը, եկ ու հանձնվիր, ապրիր իմ տանը խաղաղությամբ, դարձիր իմ տան որսկան զինվորների ղեկավարը։

Հայկը զայրույթով ասում է․

- Ո՛չ, այսօր իսկ քո վրա ես կուղղեմ իմ կապարճի նետերը։

Տիտանյան արքան վստահ իր սպառազինության և հանդուգն ամբոխի զորության վրա, շարունակում է հետապնդումը։ Բելի զինված ամբոխը զառիվայր գահավիժող հեղեղի նման շտապում է հասնել Հայկի բնակության սահմանները։ Իսկ ուշիմ և խոհեմ Հայկն իր քիչ և քաջ աղեղնավորներով հասնում է մանր ձկներով հարուստ մի մեծ լճի։ Լճափին կանգ է առնում, հավաքում զորքն ու դիմում․

- Կա՛մ մեր ողջ գերդաստանը կընկնի Բելի ծառայության տակ, կա՛մ պետք է մեր ողջ կորովը ցուցադրենք, ցրենք Բելի խառնամբոխը և հաղթանակ տանենք։

Հայկն այնուհետ առաջ է տանում զորքը, հասնում բարձր լեռների արանքում գտնվող դաշտաձև տեղ ու գետի հոսանքի աջ կողմում՝ բարձրավանդակի վրա, ամուր դիրք գրավում։ Այդտեղից պարզ երևում էր Բելի բազմամբոխ հրոսակը, որ սփռված բռնել էր շրջապատի ամբողջ տարածքը, և զինվորներն ազատ ու համարձակ սուրում էին աջ ու ձախ։ Բելը հանդարտ կանգնած էր բազմության մեջ, գետի ձախ ափի բլրակի վրա՝ իբրև դիտանոցի։ Հայկն իսկույն նկատում է սպառազինված ջոկատը, որ բավականին անջատված էր զինված ամբոխից։ Այդ ջոկատի մեջ նա ճանաչում է Բելին, որը գլխին կրում էր երկաթե սաղավարտ, թիկունքի և լանջի վրա ուներ պղնձե զրահ, սրունքների ու թևերի վրա՝ պահպանիչ շերտեր։ Հայկը, տեսնելով կուռ սպառազինված Տիտանյան Բելին և նրան շրջապատած ընտիր զորականներին, կանգնում է առջևում, որդիներին կանգնեցնում է աջ ու ձախ կողմերում, զորքի մնացած մասին՝ հետևում։ Զորքը դասավորում է եռանկյունաձև ու հանդարտ առաջ գնում։

Երբ երկու կողմի հսկաներն իրար են հասնում, սկսվում է ահեղ ճակատամարտը։ Երկրի վրա բարձրանում է սոսկալի դղրդյուն։ Երկու կողմն էլ հավասարապես պայքարում են և մնում անդրդվելի։ Այս անսպասելի հարձակումից ու ճակատամարտի ելքից սարսափած Տիտանյան արքան, որ բլուրի բարձունքից իջել էր ներքև, բարձրանում է կրկին բլուրը՝ ցանկանալով ամրանալ այնտեղ իր թիկնապահների մեջ, մինչև ամբողջ զորքը հասնի և կարողանալ տալ երկրորդ ճակատամարտը։ Աղեղնավոր Հայկն այս տեսնելով՝ իսկույն կռահում է Բելի մտադրությունը։ Իրեն առաջ է նետում, մոտենում արքային, ձգում է հզոր մայրափայտյա աղեղն ու եռաթև նետն արձակում։ Հարվածում է Բելի կրծքավանդակը զրահավորող պղնձե տախտակի ուղղությամբ։ Ամբարտավան արքային այդ հարվածը տապալում է ցած։ Տիտանյան Բելն ընկնում է ու շունչը փչում։ Բելի խառնամբոխը , տեսնելով այդ քաջագործությունն ու իրենց արքայի կործանումը, սարսափահար դիմում է փախուստի։ Հայկի զինվորները հետապնդում են նրանցից շատերին և վերցնում ջորիների, ուղտերի ու ձիերի բազմաթիվ երամակներ։ Ժամանակ հետո Հայկը ճակատամարտի վայրում շինում է դաստակերտ, անունը դնում Հայք՝ ի նշան վարած հաղթական կռվի։