«Չիպոլինո»․ մեծ նվեր օպերային թատրոնին և բոլոր երեխաներին․ Ankakh.com

Միջոցառումներ

Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում երեկ երեկոյան իսկական տոն էր։ Թատրոն էին շտապում մեծեր ու փոքրեր, իսկ շքամուտքից ներս հյուրերին դիմավորում էին ոչ ավել, ոչ պակաս՝ «Չիպոլինոյի» հերոսները իրենց գունագեղ ու վառ հագուստներով։ Այո, օպերային թատրոնում մեծ պրեմիերա էր։ Առաջին անգամ հայ հանդիսատեսին ներկայացվում էր մեր տաղանդավոր հայրենակցի՝ Կարեն Խաչատրյանի «Չիպոլինո» հայտնի մանկական բալետը։

Մինչ ներկայացման կսկսվելը թատրոնի գեղարվեստական ղեկավարի ընդունելության սրահում արտասովոր իրարանցում էր․ վառվռուն փուչիկներ, լույսեր, գեղեցիկ միջավայր ու ամենակարևորը՝ տոնական մեծ տորթ «Չիպոլինոյի» կերպարներով։ Այդ սրահում անկասկած շատ մեծամեծեր են հյուրընկալվել, բայց այդ երեկոյի հյուրերն առանձնահատուկ էին։

Նրանք «Օրրան» բարեգործական կազմակերպության երեխաներն էին, որոնցից շատերն առհասարակ առաջին անգամ էին ոտք դրել Օպերայի շենք։ Ընդունելության սրահում երեխաների հետ հանդիպեց Օպերային թատրոնի գլխավոր և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը։ Նա զրուցեց երեխաների հետ, լուսանկարվեց, իսկ վերջում երեխաներից ամենափոքրի հետ կտրեց տոնական տորթը։ Փոքրիկ Դիանայի համար պահը պատմական էր։ Նա էլ էր առաջին անգամ գտնվում այն գեղեցիկ, կլոր շենքում, որը դրսից տեսել էր, կողքով անցել, հիացել, բայց չէր էլ կարող պատկերացնել, որ օրերից մի օր կհայտնվի ոչ միայն շենքի ներսում, այլև կհյուրընկալվի ընդունելության վիպ սրահում և մաեստրո Օրբելյանի հետ միասին կկտրի տոնական տորթը։ «Օրրանի» երեխաների համար այս անակնկալը Օրբելյանն էր նախաձեռնել, որը երեխաներին հրավիրել էր դիտելու «Չիպոլինոն»։ Ժամը 19։00-ին հնչեց ներկայացման զանգը։ Դահլիճը լեփլեցուն էր։ Եվ քանի որ հանդիսատեսի կեսը երեխաներ էին, ոգևորությունն ու իրարանցումը մեծ էր։ Վարագույրները բացվելուն և առաջին նոտաները հնչելուն պես ակնհայտ էր, որ ներկայացումը հաջողված է։

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Գովազդ