Աղջիկն ուզում է մայրիկի դիմահարդարման պարագաները․ ի՞նչ թույլ տալ նրան

Մանկապարտեզներ

Դուք ունեք փոքրիկ աղջնակ, որը դեռ երեկ խաղում էր տիկնիկներով, փորձում օգնել մաքրության կամ կերակուրների պատրաստման հարցում, իսկ այսօր արդեն ցանկանում է օգտվել դիմահարդարման պարագաներից։ 

Կնոջ բնությանը հատկանշական է զարդարվելը, դրանից փախչել հնարավոր չէ, այնպես որ լավ կլինի տվյալ հարցը չվերածել արգելքների, այլ հակառակը՝ անձամբ բաց անել այդ հրապուրիչ աշխարհը երեխայի առաջ համապատասխան ձևով։  Եթե ​​բալիկը չափազանց հետաքրքրված է կոսմետիկ միջոցների գործածմամբ, ժամերով պտտվում է մայրիկի սեղանի շուրջը, գաղտնի փորձում շրթներկ քսել և անթաքույց հիացմունքով դիտում կոսմետիկայի գովազդները, ապա ժամանակն է ներկայացնել թեման, որն այդքան հետաքրքրություն է առաջացնում նրա մոտ: Իհարկե, ծնողը պետք է որոշի՝ երբ երեխան սկսի օգտագործել կոսմետիկա: Բայց ոչ մի վատ բան չի պատահի, եթե նա սկսի երեխայի հետ խոսել խնամքի ու դիմահարդարման մասին:  

Կոնկրետ ի՞նչ պետք է սովորեցնեք ձեր դստերը

Հարկավոր է սկսել դեմքի և մարմնի խնամքի մասին զրույցներից: Բացատրեք, որ նույնիսկ խնամքի շատ միջոցներ պարունակում են բաղադրիչներ, որոնք երիտասարդ մաշկին ընդհանրապես հարկավոր չեն: Մայրիկը պետք է պատմի տարբեր տեղերում և դեպքերում կոսմետիկայի օգտագործման նպատակահարմարության մասին: Օրինակ՝ ամենօյա խնամքի պարագայում պարզապես շեշտը դնում ենք բնական գեղեցկության վրա, նամանավանդ որ այժմ բնականությունը թրենդային է և ոչ թե կիլոգրամներով դիմահարդարումը:  

Տեղեկացրեք ձեր երեխային հագուստի և դիմահարդարման ոճերի մասին, ամսագրեր գնեք կամ միասին դիտեք  տեսանյութեր: Պետք է հասկանալ՝ դեռահաս աղջիկներն ընդօրինակում են մեծահասակներին կամ հայտնի անձանց: Հարցրեք երեխային, թե ինչպես է նա տեսնում իրեն, ում է փորձում նմանակել, բացատրեք՝ վաղ տարիքում դիմահարդարման միջոցով կարող է փչացնել մաշկը և խնդիրներ առաջացնել:

 

Ձեր դստեր հետ գնացեք խանութ և միասին ընտրեք նվազագույնը, վերցրեք փայլ կամ չեզոք երանգի շրթներկ, թեթև բույր ունեցող օծանելիք: Երեխայի համար կարևոր է զգալ, որ դուք նրա կողքին եք և օգնում եք ճիշտ ընտրություն կատարել: Բացատրեք աղջկան, որ դեռ շուտ է տոնային միջոցներ օգտագործելը, դեմքին տոնային քսուքի շերտ ունեցող երեխան լավ տեսք չի ունենա: Սանրն ու գեղեցիկ հայելին էլ հիասքանչ նվերներ կլինեն դեռահասի համար:

Զարգացրե՛ք երեխայի մեջ սերը դեպի գեղեցկություն, ավելի հաճախ տարեք թանգարաններ և ցուցահանդեսներ,  քննարկեք՝ ով է բնական, իսկ ով`ոչ: Գովաբանեք ձեր դստերը, ասեք, որ նա գեղեցիկ է: Աղջկա համար շատ կարևոր է այդպիսի բառեր լսելը, որպեսզի մեծանա ինքնավստահ և ավելի լավը դառնալու համար կարիք չունենա օգտագործել այլ միջոցներ:

 

Աղբյուրը՝ mama.ru