Ինչու՞ են տղամարդիկ քնում սեքսից հետո

Սեռական կյանք

Ներկայացնում է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանը:

Վիճակագրության համաձայն՝ տղամարդկանց 90%-ը սեքսից հետո քնելու ցանկություն է ունենում: Ի՞նչն է դրդում նրանց քնել սեռական հարաբերությունից կարճ ժամանակ անց: Նախ՝ ինտիմ մերձեցումից հետո օրգանիզմում նշանակալի փոփոխություններ են տեղի ունենում․ օքսիտոցին և պրոլակտին հորմոնների արտադրությունը հարուցում է քնկոտություն, ինչը տղամարդու համար դժվար հաղթահարելի է: Ինտիմ մտերմության գործընթացում գլիկոգենի մատակարարումը, որն անհրաժեշտ է մկանների սնուցման համար, զգալիորեն նվազում է: Ըստ այդմ, առաջ է գալիս հաճելի հոգնածության վիճակ, իսկ ֆիզիկական «թուլությունը», ուժասպառությունը հանգեցնում են քնելուն: 

Արժե՞ արթնացնել զուգընկերոջը: Նման իրավիճակում տղամարդուն արթնացնելը նույնքան անիմաստ է, որքան նրանից վիրավորվելը: Սեքսից հետո շատ տղամարդկանց ուղեղն ընդհանրապես անցնում է «ոչ գրգռման» փուլ: Եվ որքան ավելի ջերմ ու վստահ են զույգի հարաբերությունները, այնքան ավելի հավանական է, որ տղամարդը մտերիմությունից հետո քնի: Դրան հարկավոր է մոտենալ ըմբռնումով, քանի որ պատճառը տղամարդու օրգանիզմի առանձնահատկությունն է և ոչ թե կողակցի հանդեպ վերաբերմունքը: