Ձվարանի կիստա․ տեսակներ, ախտանշաններ և բուժում

Նախածննդյան շրջան

Բազում կանանց հուզում է հարցը՝ կարո՞ղ է արդյոք ձվարանի կիստան խոչընդոտել հղիությանը և սպառնալիք հանդիսանալ պտղի համար։ 

Մինչ բուն խնդրին անցնելը հարկավոր  է հասկանալ, թե ինչ է ձվարանի կիստան, ձվարանի կիստայի ինչ տեսակներ են առանձնացվում և որքանով են դրանք վտանգավոր։ «Իմ փոքրիկ»-ը փորձել է պարզել տվյալ հարցերի պատասխանները «Նաիրի» բժշկական կենտրոնի գինեկոլոգ Մարիաննա Ադամյանի օգնությամբ։ 

 

Ձվարանի կիստան հեղուկով լցված պարկ է ձվարանում կամ դրա մակերեսին: Սովորաբար ձվարաններում ամեն ամիս առաջանում են կիստայի նմանվող գոյացություններ, որոնք կոչվում են ֆոլիկուլներ: Ֆոլիկուլներն արտադրում են էստրոգեն և պրոգեստերոն հորմոններ, ձվազատման ժամանակ անջատում են ձվաբջիջ: Եթե նորմալ ամսական ֆոլիկուլը շարունակում է աճել, դառնում է ֆունկցիոնալ կիստա:

Առանձնացվում է ֆունկցիոնալ կիստաների երկու տեսակ՝

✓ Ֆոլիկուլյար կիստա

Դաշտանային ցիկլի միջնամասում ձվաբջիջը դուրս է գալիս ֆոլիկուլից և շարժվում արգանդի խողովակով: Ֆոլիկուլյար կիստան զարգանում է այն դեպքում, երբ ֆոլիկուլը չի պատռվում կամ չի ազատում իր ձվաբջիջը, այլ շարունակում է աճման պրոցեսը:

✓ Դեղին մարմնի կիստա

Երբ ֆոլիկուլն ազատում է ձվաբջիջը, սկսում է արտադրել էստրոգեն և պրոգեստերոն՝ հղիանալու համար: Այս ֆոլիկուլն այդ ժամանակ կոչվում է դեղին մարմին: Երբեմն հեղուկը կուտակվում է ֆոլիկուլի ներսում, ինչի հետևանքով դեղին մարմինը վերածվում է կիստայի:

Դաշտանային ցիկլի բնականոն ֆունկցիայի հետ կապ չունեցող կիստաների տեսակները ներառում են դերմոիդ կիստաներ, ցիստադենոմա (առաջանում են ձվարանների մակերեսին և կարող են լցված լինել ջրով կամ լորձով), էնդոմետրիոմա (առաջանում է, եթե արգանդի էնդոմետրիալ բջիջներն աճում են արգանդից դուրս՝ բերելով էնդոմետրիոզի): 

 

Որովայնի հատվածում զգում եք սուր ցա՞վ, փքվածությու՞ն, ունեք ծանր կամ անկանոն դաշտա՞ն․․․

Ձվարանների կիստան սովորաբար ախտանիշներ առաջացնում է միայն այն պարագայում, եթե պատռվում է, շատ մեծ է կամ արգելափակում է արյան մատակարարումը ձվարաններ: Նման դեպքերում կարող են առաջանալ  կոնքի ցավ, բութ կամ սուր ցավ որովայնի ստորին հատվածում, ցավ սեռական հարաբերության ժամանակ, աղիները դատարկելու դժվարություն, հաճախամիզություն, ծանր կամ անկանոն դաշտան, հոգնածություն, գլխացավ, փքվածություն: 

 

Որո՞նք են կիստայի զարգացման պատճառները

Առաջացման տարածված պատճառներից են հորմոնալ խանգարումները: Ֆունկցիոնալ կիստաները սովորաբար անցնում են ինքնուրույն՝ առանց բուժման: Դրանք կարող են պայմանավորված լինել հենց հորմոնալ խնդիրներով կամ դեղամիջոցներով, որոնք օգտագործվում են ձվազատման ընթացքում:

Երկրորդ նպաստող հանգամանքն էնդոմետրիոզն է: Էնդոմետրիոզի հյուսվածքը կարող է կպչել ձվարանին և ձևավորել աճ:

Չպետք է մոռանանք հղիության մասին: Ձվարանների կիստան զարգանում է հղիության սկզբում, որն օգնում է հղիությանը աջակցել մինչև պլացենտայի (ընկերքի) ձևավորումը: Երբեմն կիստան մնում է ձվարանների վրա մինչև հղիության ուշ շրջանը, և կարող է անհրաժեշտություն լինել այն հեռացնելը:

Ձվարանի կիստայի առաջացման կարող են բերել նաև կոնքի օրգանների վարակները: Հնարավոր է՝ վարակները տարածվեն ձվարանների և արգանդափողերի վրա ու հանգեցնեն կիստաների ձևավորման: 

 

Վտանգավորության բա՞րձր աստիճան, թե՞ ցածր

Ձվարանների կիստաները սովորաբար ոչ քաղցկեղային (բարորակ) են և հազվադեպ են խնդիրներ առաջացնում:  Բայց որոշ դեպքերում բժիշկը կարող է սովորական հետազոտության ժամանակ հայտնաբերել ձվարանների քաղցկեղային կիստոզ զանգված:

Ձվարանների ոլորումը ձվարանների կիստաների մեկ այլ հազվադեպ հանդիպող բարդություն է: Սա լինում է, երբ մեծացած կիստայի հետևանքով ձվարանը պտտվում է կամ շարժվում սկզբնական դիրքից: Արյան մատակարարումը ձվարաններ դադարեցվում է և չհետևելու դեպքում կարող է հանգեցնել ձվարանների հյուսվածքի մահվան:

Պատռված կիստաները, որոնք նույնպես հազվադեպ են հանդիպում, կարող են ուժեղ ցավ ու ներքին արյունահոսություն առաջացնել: Տվյալ բարդությունը մեծացնում է ինֆեկցիայի ռիսկը և չբուժելու դեպքում վերածվում է կյանքին սպառնացող վտանգի:  

 

Ձվարանի կիստան և հղիության հավանականությունը

Կիստան հիմնականում չի ազդում հղիանալու հավանականության վրա: Սակայն եթե կիստաներն առաջացել են էնդոմետրիոզի հետևանքով, կարող եք ունենալ պտղաբերության հետ կապված խնդիրներ: Էնդոմետրիոզը նվազեցնում է հղիանալու հավանականությունը:

Բուժումը կախված է անձի տարիքից, կիստայի տեսակից, չափսից և ախտանշաններից: Ձվարանների կիստաների մեծ մասը հսկվում է, բայց երբեմն պահանջվում է վիրահատություն։ Վիրահատություն կարող է առաջարկվել, եթե կիստան մեծ է կամ մեծանում է, ֆունկցիոնալ կիստա չէ կամ պահպանվում է 2-3 դաշտանային ցիկլերի ընթացքում: 

 

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան