Ի՞նչ է հարկավոր իմանալ դաշտանի մասին․ ներկայացնում է մանկական գինեկոլոգը

Նախածննդյան շրջան

«Իմ փոքրիկ»-ը զրուցել է ԵՊԲՀ-ի հրավիրված մասնագետ, «Բեգլարյան» ԲԿ-ի մանկական և դեռահասների գինեկոլոգ Լիանա Քոչարյանի հետ:

Կնոջ առողջության կարևոր ցուցիչներից մեկը դաշտանն է։ Եթե նա գիտի՝ որքան պետք է կազմեն դաշտանի նորմալ տևողությունը և  քանակությունը, ինչպիսին լինեն արտադրության գույնն ու բնույթը, ապա հեշտությամբ կարող է գլխի ընկնել հավանական խնդրի առկայության մասին։

 

Թվային տվյալներ

Դաշտանը միջինում տևում է  3-7 օր, որի ընթացքում արյան կորուստը  պետք է կազմի 80-150 մլ։ Հարկավոր է օրական փոխել 4-6 միջադիր կամ տամպոն (մեծահասակների պարագայում)։ Երկու դաշտանների առաջին օրերի միջև ընկած ժամանակահատվածն անվանում են դաշտանային ցիկլ։ Այն իր հերթին տատանվում է 21-35 օրվա միջակայքում։  Երբ գրանցվում է շեղում նշված չափորոշիչներից, դա որակվում է որպես խնդիր։

 

Հորմոնների մակարդակը

Դաշտանային ցիկլի ժամանակ օրգանիզմում տեղի են ունենում զանազան փոփոխություններ, որոնց սինխրոն ընթացքի դեպքում ենք ունենում կանոնավոր դաշտան։ Տվյալ փոփոխությունները, արգանդի ու ձվարանների հետ առնչվելուց բացի, ուղիղ կապ ունեն հիպոթալամուսի և հիպոֆիզի հետ։ Դրանք արտադրում են հորմոններ, որոնք ապահովում են նորմալ դաշտանային պարբերաշրջան։ Վահանաձև գեղձի կողմից արտադրվող և վահանագեղձի աշխատանքը կարգավորող հորմոնները ևս մեծ դերակատարում ունեն այդ գործում։

  

Ե՞րբ է դիտվում առաջին դաշտանը

Առաջին դաշտանը՝ մենարխեն, սովորաբար դիտվում է 9 տարեկանից մինչև 15 տարեկանն ընկած հատվածում։  Դրան հաջորդող 2 տարվա ընթացքում հնարավոր են ցիկլի խանգարումներ։ Եթե օրիորդն այցելում է գինեկոլոգի,  կատարվում է փոքր կոնքի խոռոչի օրգանների ՈՒՁՀ և որևէ ախտաբանական պրոցես չի հայտնաբերվում, ապա մտածելու կարիք չկա։

 

 

 

 

 

 

Մանկական գինեկոլոգի հեռախոսահամարն է՝ 094 02 98 98, 095 02 98 98։