Երբ կինը սիրում է իր «մայրական» մարմինը, այն սիրում է նաև ամուսինը․ հոգեբանի խորհուրդները՝ մայրացած կանանց

Հետ ծննդյան շրջան

Ծննդաբերությունից հետո փոխվում է կանանց ապրելակերպը։ Արդեն նորաթուխ մայրիկները պետք է առաջնային հոգան երեխայի խնամքի հարցերը, զուգահեռաբար էլ զբաղվեն տնային գործերով։ Թվում է՝ սեփական խնամքի համար ժամանակ չի մնում։  Ի՞նչ անի նորաթուխ մայրիկն այս դեպքում: Թեմային առնչվող հարցերի պատասխանները «Իմ փոքրիկ»-ը փորձել է ստանալ  «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Անի Ապիտոնյանից:

 Ինչպե՞ս հիշեցնել ինքդ քեզ, որ կին ես և ունես խնամքի կարիք:

- Խնամքի հետ կապված միջոցառումները մարդուն հարկավոր է սովորեցնել մանկուց: Խնամքը միայն դիմահարդարումը չէ, ինչպես շատերը կարծում են: Եթե երեխան փոքր տարիքից ունենում է իր խնամքի միջոցները՝ օճառ, շամպուն, տարբեր քսուքներ, ապա նրա մոտ ձևավորվում է ամենօրյա սովորություններ` լողանալ, փոխել հագուստը, սանրել մազերը և այլն։ Այս ամենի արդյունքում՝ երեխայի՝  իր և շրջապատի հանդեպ խնամքով վերաբերմունքը դառնում է հատկանիշ: Այս ոգով դաստիարակված կինը երբեք չի մոռանա կանացի լինելու մասին: Հիշել, որ կին ես, ոչ միայն մայր կամ տնային տնտեսուհի, շատ կարևոր, երբեմն դժվար հարց է:


Ինչպե՞ս պահպանել էներգիան, հոգալ ինքդ քո մասին, որպեսզի կարողանաս հոգալ նաև բալիկի մասին:

- Այստեղ շատ կարևոր է, որ կինն իր անձը տարբեր դերերում տեսնի: Եթե մայրիկն իրեն դժբախտ, տանջված, անխնամ է զգում, ապա դրանք փոխանցվում են երեխային տարբեր ձևերով՝ տնքոց, բղավոց, մեղադրանք, քննադատություն, մանիպուլյացիա:
Հաճախ մայրիկները չեն ունենում հանգստի ժամ, քանի որ դրա կարևորությունը չեն տեսնում, մտածում են, որ իրենց խնդիրն է կյանք տալ երեխային կամ տալ այն ամենն, ինչ հնարավոր է: Օրվա մեջ յուրաքանչյուր մայր կարող է այնպես դասավորել գործերը, որ երեխայի խաղի կամ հանգստի ժամերի ընթացքում 1-2 ժամ իրեն տրամադրի:


Մայրիկները դադարում են նաև իրենց հետևել, քանի որ կարծում են, որ դա իմաստ չունի այլևս, չէ՞ որ ծննդաբերությունից հետո փոխվել է մարմինը,  առաջացել են մի շարք խնդիրներ, որոնք լուծում չունեն։

- Երբ կինը սիրում է իր «մայրական» մարմինը, այն սիրում է նաև ամուսինը: Ներքին կոնֆլիկտ առաջանում է այն դեպքում, երբ կինը մտածում է, որ այլևս զուգընկերոջը դուր չի գալու: Այս դեպքում կարելի է խոսել նրա հետ, ոչ թե ենթադրությունների  զոհ դառնալ:

 

Հաճախ կանայք նաև նշում են, թե իրենց խնամքն ապահովելու համար չկան ֆինանսական համապատասխան միջոցներ սակայն կա կարծիք՝խնամված լինելու համար մեծ գումարներ անհրաժեշտ չեն: Ուրեմն այս դեպքում։ Այդ դեպքում ինչպե՞ս կազմակերպել խնամքը:

- Հարցն այն է, թե խնամք ասելով՝ ինչ նկատի ունեն մայրերը: Եթե խոսքն ամեն օր գեղեցկության սրահներում դիմահարդարվելու, մազերը հարդարելու և այլ գործողությունների մասին է, ապա, այո՛, ֆինասական որոշակի ծախսեր են պետք: Իսկ եթե մայրը որոշում է ինքն իրականացնել իր խնամքը, ամիսը մեկ կամ երկու անգամ օգտվել այդ ծառայություններից, ապա դա անհրաժեշտություն է ոչ միայն իր համար, այլև զուգընկերոջ: Խնամված լինել նշանակում է լինել հաճելի: Հաճախ խնամված ասելով՝ պատկերացնում ենք դիմահարդարված մարդու: Դա այդպես չէ: Ցանկացած մաշկաբան կհաստատի՝ ամենօրյա դիմահարդարումը չի խրախուսվում։

 

Հաճախ մարդիկ հարմարավետությունը շփոթում են չխնամված տեսքի հետ։ Ինչպե՞ս մայրիկը հասկանա, որ իր տեսքը կարևոր է շրջապատի համար։

- Եթե կինը չի խնամում իրեն, ապա իր արտաքինը կարևոր չէ իր համար, չի սիրում իրեն որպես կին կամ ունի բարդույթներ՝ խուսափում է ուշադրություն գրավելուց: Մայրիկներին կարող են օգնել նրան շրջապատող մարդիկ՝ հիշեցնելով նրա կանացի լինելու կարևորության մասին: Երջանիկ է այն մայրը, որն իրեն լիարժեք զգում է նաև որպես կին:

 

Հեղինակ՝ Ստելլա Պետրոսյան