Մայրության բերկրանք և մայրական տագնապներ. ինչպես լինել ոչ կատարյալ մայր

Հետ ծննդյան շրջան

Ներկայացնում է «Երկուսով» հոգեբանական կենտրոնի հոգեբան Մարիա Բաբայանը։

Մայրության զգացողությունը որքան էլ հաճել զգացում է, այնքան էլ տագնապալի․ հատկապես մեր ժամանակներում: Ինչպե՞ս ճիշտ գրկել երեխային, որ նա իրեն ապահով, միաժամանակ ազատ զգա, ինչպե՞ս ճիշտ դաստիարակել երեխային՝ չճնշելով նրա ինքնարտահայտման ցանկությունը, ո՞ր տարիքից է պետք սովորեցնել օտար լեզուներ, որքա՞ն և ի՞նչ տեղեկատվություն տրամադրել երեխային և ո՞րն է այն շեմը, որից հետո այն ունենում է վնասող ազդեցություն: Այս բոլոր հարցերի հիմքում ընկած է մեկ ցանկություն` ինչպե՞ս լինել երեխային օգտակար, այլ կերպ ասած` ինչպե՞ս լինել լավ մայրիկ:

Հոգեբանության մեջ կա «բավական լավ մայր» հասկացությունը (նաև ասում են սովորական մայր), եզրույթն առաջ է քաշել հայտնի մանկաբույժ և մանկական վերլուծաբան Վիննիքոթը: Այս հասկացությունն օգտակար է նրանով, որ թույլ է տալիս մայրիկներին հանգիստ վերաբերվել իրենց «ոչ կատարյալ» լինելուն:

Աշխատելով բազմաթիվ երեխաների հետ՝ Վիննիքոթը հասկացավ, որ մայրը, երբ հանգիստ է և ուշադիր է երեխայի կարիքների նկատմաբ, բնազդաբար երեխային տալիս է այն, ինչ նրան պետք է: Իսկ բազմատեսակ կաննոները, թե որն է միակ ճիշտ ձևը այս կամ այն հարցում, միայն շփոթեցնում և խուճապի է մատնում նրան, և վերջինս ուշադրություն չի դարձնում իր ներքին ձայնին և առաջնորդվում է հստակ կաննոներով, օրինակ`կերակրում է ըստ հստակ ժամանակացույցի։ Արդյունքում՝ երեխայի իրական կարիքները կարող են մնալ չլսված և չբավարարված։

Վիննիքոթը խորհուրդ է տալիս բուժաշխատողներին վստահել մայրիկների ինտուիցիային և չծանրաբեռնել նրանց տարատեսակ կանոններով. հանգստացնել նրանց, երբ նրանք անհանգստանում են` արդյոք ճիշտ են վարվում, թե ոչ։ Երբ մայրիկները հանգիստ վիճակում են, նրանք գիտեն՝ ինչ պետք է անեն։

Անշուշտ կան որոշ պարզ բաներ, որոնք համընդհանուր են բոլոր մանկահասակ երեխաների համար, օրինակ՝ մինչև մեկ տարեկան երեխան ընկալում է իրեն մոր հետ որպես մեկ ամբողջություն և մոր ներկայությունը նրան տալիս է հնարավորություն՝ ձևավորելու իր «Ես»-ը: Հետևապես առաջինը, ինչ կարող է անել «բավական լավ մայրը» երեխայի համար, ֆիզիկապես ներկա լինելն է: Իհարկե կարող է այնպես պատահել, որ նա հիվանդանա և երկար ժամանակ չկարողանա երեխայի կողքին լինել, բայց այդ դեպքում մորը փոխարինում է հայրը, տատիկը կամ դայակը և այդ դեպքում հաջորդ կետերը վերաբերվում են նրանց:

«Բավական լավ մայրը» կարողանում է հաղթահարել իր տագնապը և հանգստացնել երեխային: Օրինակ, եթե Դուք կարողանում եք գոնե որոշ դեպքերում սարսափահար չնետվել երեխային փրկելու, երբ նա ընկել է և կարողանում եք գոնե որոշ դեպքերում ասել` «ոչինչ, որ ընկար, քեզ հետ ամեն ինչ կարգին է», չասել` «ես քեզ չէի ասում՝ մի վազիր», ուրեմն՝ Դուք ինչ-որ չափով կարողանում եք հաղթահարել Ձեր տագնապները: Եվ նույնիսկ, եթե դեռ չեք կարողանում, կարող եք սովորել:

«Բավական լավ մայրը» սխալվում է: Նա պետք է սխալվի: Մենք երբեմն կարող ենք չհասկանալ` ինչու է երեխան անհանգիստ, երբեմն մի քիչ շատ կարող է հագցրած լինենք նրան, երբեմն` մի քիչ թեթև: Մեծահասակների սխալներն անհրաժեշտ են երեխային՝ առերեսվելու իրականության հետ, առերեսվելու իր բարկության, տխրության, կարոտի հետ և հաղթահարելու դրանք:

Համաձայն հետազոտությունների՝ որքան «իդեալական» է մայրը, այնքան ավելի դժվար է երեխային ադապտացվել իրականությանը և ընդունել այն, հատկապես, որ իդեալականության տակ քողարկված է նույն  տագնապայնությունը:

Չորրորդը` «բավական լավ մայրն» ունի իր սեփական կյանքը: Նա չի մոռանում իր կարիքների մասին և դրանց նույնպես ժամանակ է հատկացնում: Երբ մայրը կարողանում է չանտեսել իր մարմնական և հոգևոր կարիքները, դրանով նա օրինակ է ծառայում երեխաներին:

Հինգերորդը` «Բավական լավ մայրը» հասկանում է իր զգացմունքները: Հասկանում է, որ նա հոգնած է, այլ ոչ ատում է, անհանգիստ է, այլ ոչ ջղայնացած: Իհարկե, երբեմն կարող է շփոթել, այդպես պատահում է, բայց հիմնականում կարողանում է տարբերակել դրանք և չի խուսափում տհաճ ապրումներից: Երեխան սովորում է ընդունել իր իսկ բացասական հույզերը:

Կարևոր է հիշել, որ երեխային պետք է ոչ թե կատարյալ մայր, այլ մայր, որին կարելի է սիրել, երբեմն էլ՝ ատել, մայր, որի վրա կարելի է հենվել և որը հավատում է երեխայի ուժերին: