Ներկայացնում է կրծքով կերակրման խորհրդատու, մասնագետ Անուշ Սաքանյանը:
Կրծքով կերակրող մայրիկներին հաճախ անհանգստացնում է կրծքի կաթի նվազ քանակությունը: Այդտեղ է, որ նրանք դիմում են կաթնարտադրությունն առատ դարձնող «հայտնի» մեթոդների օգնությանը: Ո՞ր տարբերակների մասին է խոսքը: Իհարկե, «Ապիլակի» ու տարատեսակ թեյերի:
Հարկավոր է իմանալ, որ «Ապիլակ»-ը չունի ապացուցված ազդեցություն կրծքի կաթի վրա: Պետք չէ ողջ հույսը կապել տվյալ միջոցի հետ: Թեյը նույնպես չի ազդում կրծքի կաթի քանակի վրա, այնպես որ կարիք չկա ռեսուրսներ վատնել այդ նպատակով: Կամ եթե կարծում եք, որ կաթնարտադրությունը կխթանվի շատ ապուր ուտելու շնորհիվ, ևս սխալվում եք:
Կրծքի կաթի քանակը կարգավորվում է միայն ճիշտ կազմակերպված պրոցեսի արդյունքում: Պետք է կերակրել փոքրիկին, նախ, ըստ պահանջի՝ առանց ժամացույցին նայելու: Ընտրում եք կերակրման ճիշտ դիրք, պետք է, որ բալիկը ճիշտ բռնի կուրծքը: Անհրաժեշտ է հնարավորության դեպքում բացառել ծծելու այլ միջոցները, օրինակ՝ շիշը: Մինչև վեց ամսականը չեք տալիս փոքրիկին կողմնակի հեղուկներ՝ հյութ, ջուր և այլն: