Ինչու՞ որոշ կանայք սեռական հարաբերությունից հաճույք չեն ստանում

Սեռական կյանք

Ներկայացնում է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանը:

Կնոջ սեքսուալության կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ երբեմն սեքսուալ լիբիդոն արթնանում է որոշակի ժամանակ կանոնավոր սեռական կյանքով ապրելուց հետո: Ուստի կանանց՝ օրգազմի հասնելու հնարավորությունը կարող է զարգանալ ավելի ուշ, անգամ ծննդաբերությունից հետո: Ահա այստեղ է, որ նախապես ունեցած սպասումները առաջին հարաբերությունից կարող են միանգամից չիրականանալ և փոքր-ինչ լարվածություն, հիասթափություն առաջացնել: Կանանց G կետի (զգայուն ընկալիչների կուտակում է, գտնվում է հեշտոցի ստորին երրորդականում՝ առաջային պատին) մասին գիտական պատկերացումները նույնպես հակասական են: Որոշների պարագայում դա արտահայտված է և ֆուկցիոնալ ակտիվ, որոշների մոտ՝ ոչ:

Նշված խնդրի համատեքստում առանձնացվում է երկու հասկացություն՝ օրգազմի բացակայություն (անօրգազմիա) և հոգեսեքսուալ բավարարվածության բացակայություն: Անհրաժեշտ է խնդիրն ուսումնասիրել՝ հասկանալու համար պատճառագիտական գործոնները և ախտածագման մեխանիզմները, իրականացնել արդյունավետ բուժում: Պատճառական գործոններ են հանդիսանում սոմատիկ (հորմոնալ, նյարդային, խրոնիկական բորբոքային և այլն) և ֆունկցիոնալ (սևեռուն ինքնազննում, էքսպեկտացիաների՝ սպասումների անհամապատասխանություն, միջանձնային լարվածություն, ներանձնային կոնֆլիկտներ և այլն) աղբյուրները:

Բուժման մեթոդներն ու մոտեցումներն անհատական են, քանի որ յուրաքաչյուր դեպքում կարող են տեղ գտնել խիստ տարբեր պատճառական գործոններ: Անհրաժեշտ է իմանալ, որ կնոջ սեռականությունն ունի իր առանձնահատկությունը և հաճախ բուժման միայն դեղորայքային միջոցները (այսպես կոչված ֆունկցիայի խթանիչները) արդյունավետ չեն, հետևաբար կարևորվում են համալիր սեքսոլոգիական մեթոդները: