Ի՞նչն է կարևոր օրգազմի հասնելու համար․ բացատրում է սեքսապաթոլոգը

Սեռական կյանք

Կանանց մի մասը սեռական ակտի ժամանակ չի կարողանում հասնել հաճույքի բարձրագույն կետին՝ օրգազմին, և հաճախ լռում է, թաքցնում տվյալ փաստը։ Այնինչ, դա խնդիր է, որը պահանջում է մեղմ մոտեցում ու լուծում։

«Օրգազմի բացակայությունը` անօրգազմիան, բացասական ազդեցություն է ունենում ոչ միայն սեռական առողջության, այլ նաև կյանքի որակի վրա։ Կարող է առաջ բերել անքնության, գլխացավ, տրամադրության անկում, գերդրդվածություն, դառնալ նևրոտիկ խանգարումների առաջացման պատճառ»,- ասում է սեքսապաթոլոգ Մարիամ Եղիազարյանը։ Նրա խոսքով՝ երբեմն սեռական հարաբերությունն ընդամենը հաճելի է լինում, գերիշխում է հոգեկան գործոնը և չի ուղեկցվում օրգազմով, բայց պետք չէ հուսահատվել, քանի որ անօրգազմիան բուժելի է։

Անհրաժեշտ է չմոռանալ, որ տղամարդիկ ավելի հեշտ են հասնում օրգազմի, քան կանայք։ Հետևաբար, տղամարդը պետք է  օգնի կնոջը, դիմի շոյանքների օգնությանը և ձգտի հնարավորինս լավ տրամադրություն ստեղծել նրա մոտ, գրգռել՝ օգտագործելով նրա գենիտալ և էքստագենիտալ էրոգեն գոտիները։ «Կնոջ գենիտալ էրոգեն գոտիներից են ծլիկը, փոքր ամոթաշրթերը, հեշտոցը, G կետը։ Ծլիկը կարելի է համարել կանացի ամենազգայուն էրոգեն գոտին։ Այս օրգանը նման է այսբերգի, քանի որ դրա 90%-ը չի երևում արտաքինից։ Ծլիկի ձևը շատ բան է բացատրում, օրինակ՝ ինչպես է գործում օրգազմը և ինչ է իրականում G կետը։ Այն, ինչ անվանում են G կետ, ծլիկի հետնամասն է»,- մանրամասնում է մասնագետը։

Էքստրագենիտալ էրոգեն գոտիներն ունեն խիստ անհատական բնույթ և կարող են ենթարկվել փոփոխության կյանքի ընթացքում։ Էքստրագենիտալ էրոգեն գոտիներ են ականջների բլթակները, շրթունքները, լեզուն, բերանը, պտուկը և պտուկի շուրջ պիգմենտավորված գոտին, պորտն ու հարակից տարածքը, ազդրի ներքին մակերեսը։ Ի տարբերություն կանանց՝ տղամարդկանց պարագայում սեքսուալ գրգռման հիմնական դերը պատկանում է գենիտալ էրոգեն գոտիներին` առնանդամին, առնանդամի գլխին, փոշտին և այլն։

 

 

 

 

 

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան