Մազերի, եղունգների և դեմքի խնամքը հղիության ընթացքում․ ի՞նչ ընդհանուր կանոնների հետևել

Հղիություն

«Շողեր» գեղեցկության սրահի մասնագետներն «Իմ փոքրիկ»-ին ներկայացրել են հղիության ընթացքում կնոջ արտաքին խնամքի առանձնահատկությունները:

Մազերի պահանջները․․․

Հղիության ընթացքում կինը կարող է բախվել զանազան խնդիրների: Պետք է իմանալ, որ բեղմնավորումից հետո օրգանիզմում պրոգեստերոն հորմոնի մակարդակի բարձրացումը հանգեցնում է էական փոփոխությունների, ազդում մազերի որակի վրա: Որոշ կանանց դեպքում մազերը դառնում են հաստ և մետաքսյա, որոշների դեպքում էլ՝ հակառակը: Մազերը դառնում են անփայլ, անկյանք և սկսում են թափվել: Ընդհանրապես, հղիության ընթացքում մազերի խնամքը պետք է լինի նույնը, ինչ նախկինում: Եթե մազերն ընդունում են սովորական շամպունները, ապա պետք չէ նոր ապրանքատեսակներ փորձել: Կոնկրետ միջոցներ, որոնք կկանխեն մազաթափությունը, չկան։ Բոլոր առաջարկվող միջոցները միայն ամրացնում են մազերը և նվազեցնում հետծննդաբերական շրջանում առաջ եկող մազաթափության ռիսկերը: 

 

Իսկ հղի կնոջը  թույլ տրվու՞մ է մազերը ներկել

 

Եթե մազերը գունափոխելու ցանկություն կա, ապա անհրաժեշտ է ընտրել այնպիսի միջոց, որն այդքան էլ ագրեսիվ չէ: Օրինակ՝ բնական հինա: Այն և՛ ամրացնում է մազերը, և՛ որոշակիորեն գույն տալիս: Հղի կինը կարող է վատ զգալ ներկի յուրահատուկ հոտից, որը տհաճ է ու միաժամանակ թունավոր: Նրան շրջապատող տարածքը պետք է մշտապես օդափոխվի, թարմ օդի առկայությունը պարտադիր է:

 

Անցնենք եղունգներին

 

✓ Հղիության ընթացքում եղունգների որակն էլ է փոխվում: Եղունգները կարելի է ամրացնել՝ ձեռքերը 7-10 րոպե 30° ջերմություն ունեցող ձիթապտղի յուղի մեջ սուզելով։

✓ Խոնավության մակարդակը նույնպես շատ կարևոր է, ուստի պետք է շատ ջուր խմել։

✓ Եղունգների ամրացման համար անհրաժեշտ են B, A, C, E վիտամիններ։ Սրանց լավագույն աղբյուրը ածխաջրեր պարունակող սննդամթերքի օգտագործումն է։

✓ Եթե հարց է ծագում հղիության ընթացքում գելլաք անելու մասին, ապա կարելի է հիշել՝ կան որակյալ գելլաքեր, որոնք ավելի անվտանգ են, քան սովորական լաքը։ Ամեն դեպքում, հարցը պահանջում է կշռադատված մոտեցում։

✓ Հղի կինը կարող է խնամել իր եղունգները տան պայմաններում՝ օգտագործելով բուսական յուղեր, հատկապես նշի և ունաբի։ Բոլոր դեպքերում պետք է խուսափել վնասակար քիմիական նյութերով աշխատելուց, քանի որ որոշ նյութեր ավելի արագ են ներթափանցում եղունգների միջոցով: 

 

Տեսնենք, թե ինչ կասի դեմքը․․․

 

Հղի կնոջ դեմքի ուրվագծերը փոխվում են, ավելի մեղմ դառնում, նրան սկսում են դուր գալ ավելի նուրբ երանգներ։ Նախ՝ նա պետք է զգուշորեն ընտրի իր կոսմետիկ միջոցները, վերցնի որակյալը և հաշվի առնի՝ քիմիական տարբերակները շատ վատ կարող են անդրադառնալ առողջության վրա։  Եթե կինը գիրացել է ու ցանկանում է դիմահարդարման միջոցով դեմքը «նիհարեցնել» մի փոքր, ապա պետք է օգտագործի մուգ կոնտուր։

 

 

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան