Կարևոր խորհուրդներ՝ ապագա հայրիկներին․ ինչպե՞ս հոգ տանել ապագա մայրիկի մասին

Փոքրիկիս հայրիկը

Հղիության մասին լուրը Ինչպես ուրախություն, այնպես էլ շփոթմունք է առաջացնում անգամ այն տղամարդկանց մոտ, որոնք վաղուց են այդ մասին երազել: Ապագա հայրիկի գլխում բազմաթիվ հարցեր են առաջանում. «Կկարողանա՞մ արդյոք լավ հայր լինել», «Կկարողանա՞մ ապահովել ընտանիքիս», «Կկարողանա՞մ արդյոք հոգ տանել երեխայի մասին»:

Սակայն այդ ամենը` միայն առաջին րոպեներին: Հետո ինքնավստահությունը նորից կվերականգնվի: 

Մի՛ զարմացեք, եթե Ձեր կնոջ վարքը կտրուկ փոփոխվի: Նախկինում տրամաբանող և հանգիստ էակը հիմա կարող է առանց պատճառի լացել, հուզվել, նյարդայնանալ: Սիրելի տիկնոջ անսովոր ու փոփոխական վարքագիծը  տեսնելով` ակամայից հարց է առաջանում. «Ինչպե՞ս պահել քեզ, երբ կինդ հղի է»:

Սիրելիի տրամադրության կտրուկ փոփոխությունները սրտին մոտ մի՛ ընդունեք: Այժմ նրա ներսում տարբեր ու հակասական զգացմունքների բուռն պայքար է:  Դա  անցողիկ է, և շուտով դուք այդ ամենը ժպիտով կհիշեք:  Իսկ առայժմ համբերությամբ զինվեք, չէ՞ որ Ձեր կինն ուշադրության և սատարման կարիք ունի: 

Առաջին և հիմնական խորհուրդն ապագա հայրիկներին. եղե՛ք որքան հնարավոր է ուշադիր և հոգատար: Դա այնքան էլ դժվար չէ, անգամ եթե դուք շատ զբաղված մարդ եք: Մայրիկի դրական էմոցիաները լավ են ազդում երեխայի զարգացման վրա: Կարող եք, օրինակ, առավոտյան 10 րոպե շուտ արթնանալ և սիրելիի համար թեթև նախաճաշ պատրաստել: 

Մի՛ եղեք էգոիստ. երեխային կրելը և նրա մասին հոգալը  միայն մայրիկի պարտավորությունը չէ: Օգնե՛ք կնոջն ինչով կարող եք:

Եթե կինը բնազդաբար գիտի, թե ինչպես պետք է լավ մայրիկ լինել, ապա դուք դեռ պետք է սովորեք լավ հայրիկ լինել: Ապագա հայրիկը կարող է մինչև երեխայի ծնունդը սկսել շփումը երեխայի հետ: Շոյեք կնոջ փորիկը, պատմեք նրան, թե ինչ է  նրան սպասվում, ինչեր եք անելու նրա ծնվելուց հետո, թե ինչ գեղեցիկ ու սիրող մայրիկ ունի: Փոքրիկն այդպես կճանաչի նաև հայրիկի ձայնն ու փաղաքշանքները:

Հիանալի կլինի, եթե Դուք և Ձեր կինը հաճախեք ապագա ծնողների համար նախատեսված դասընթացների: Փորձառու մասնագետները կօգնեն ձեզ պատրաստվել  կյանքի ամենակարևոր իրադարձությանը և կպատասխանեն Ձեզ հուզող հարցերին: