Աղջիկների ինտիմ հիգիենայի կանոնները․ ե՞րբ, ինչո՞վ և ի՞նչ հաճախականությամբ լվանալ սեռական օրգանները

Գեղեցիկ մայրիկ

Ներկայացնում է բժիշկ-սեքսոլոգ Սաթենիկ Սահակյանը։  

Շատերն ինտիմ հիգիենան չեն առանձնացնում իրենց սովորական հիգիենայից, ինչը սխալ է։

Կանայք իրենց ինտիմ գոտու խնամքը պետք է իրականացնեն ամենօրյա, կանոնավոր ռեժիմով, ինչպես ատամներն են խոզանակում։ Խնամք ասելով՝ կարող ենք հասկանալ մաքրություն և  հարմարավետության զգացում։ Իգական սեռի ներկայացուցիչները վուլվան (ամոթույքը) պետք է լվանան ոչ շատ տաք ջրով, օրը 1-2 անգամ՝ սեռական շուրթերը տարածելով իրարից և նրբորեն մաքրելով ծալքերի շուրջը: Կարևոր է, որ ջրի շթի և ձեռքերի շարժման ուղղությունը լինի առջևից դեպի հետ՝ կանխելու համար հետանցքից դեպի միզուկ և հեշտոց մանրէների ներթափանցումը։

Մարմնի համար նախատեսված գելեր կամ օճառներ պետք չէ օգտագործել սեռական օրգանների լվացման համար, դրանք կարող են գրգռել զգայուն հատվածները։ Օճառները հիմնային են, իսկ հեշտոցի միջավայրը՝ չափավոր թթվային (հեշտոցի pH-ի նորմալ մակարդակը 3.8 - 4.5): Հեշտոցային բարձր pH-ը (>4.5) լավ միջավայր է ապահովում անառողջ բակտերիաների աճի համար: Կարելի է օգտագործել հատուկ ինտիմ գելեր։ Լվանալուց հետո հարկավոր է վերցնել նուրբ, անհատական և հատուկ այդ հատվածի համար նախատեսված սրբիչը, չորացնել թեթև հպումներով, այլ ոչ թե տրորելով։

Ինչպես ամեն օր, այնպես էլ դաշտանի օրերին պետք է սեռական օրգանները լվանալ օրվա մեջ առնվազն 2 անգամ։ Միջադիրները կամ տամպոնները հարկավոր է  փոխել 3-4  ժամը մեկ ՝ կախված արյան քանակից, միջադիրների տեսակից և կնոջ հարմարությունից։

Գիշերները ցանկալի չէ քնել տամպոնով, քանի որ 8 և ավելի ժամ անց վարակի և տոքսիկ շոկի ռիսկը բարձրանում են։  Դաշտանի ընթացքում կարելի է ունենալ սեռական հարաբերություն՝  իհարկե փոխադարձ համաձայնությամբ և պահպանակի օգտագործմամբ։