«Հնարավո՞ր է պարզել երեխայի սեռը հաշվարկի միջոցով»․ պատասխանում է մասնագետը

Հարց/Պատասխան

«Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի հերթական խմբաքանակին պատասխանել է մանկաբարձ-գինեկոլոգ, սոնոգրաֆիստ Աննա Խաչիկյանը։

Անուն՝ Վարդուհի

Հարց՝ Բարև Ձեզ: Երկու ամիս առաջ կեսարյան հատմամբ ունեցել եմ բալիկիս, սակայն մինչ այժմ դաշտանը չի սկսվել:  Անհանգստանալ պե՞տք է։ Կանխավ շնորհակալություն:

Պատասխան՝ Անհանգստանալու կարիք չկա։ Հատկապես այն դեպքում, երբ  կրծքով կերակրում եք:   

  

Անուն՝       Անի

Հարց՝ Հարգելի՛  բժիշկ, ունեմ վեց ամսական երեխա։ Առաջին հղիությունս է եղել, փոքրիկիս կրծքի կաթով կերակրել եմ չորս ամիս, որից հետո կաթ չեմ ունեցել։ Հիմա բալիկս արհեստական կաթնախառնուրդներ է ուտում։ Ինձ տանջում է հետևյալ խնդիրը․ արդեն 6 ամիս է, որ դաշտան չկա, բայց ունեմ սպիտակ արտադրություն։ Դա նորմա՞լ է։

Պատասխան՝ Դաշտան կարող է դեռ չլինել, իսկ սպիտակ արտադրության համար դիմե՛ք բժշկի։ Հանձնեք քսուք, խորհուրդ կտամ նաև կատարել փոքր կոնքի օրգանների սոնոգրաֆիա: 

  

Անուն՝ Մարիամ

Հարց՝ Հղի եմ, և ցանկանում եմ պարզել երեխայի սեռը հաշվարկի միջոցով։ Հնարավո՞ր է։

Պատասխան՝ Հաշվարկի միջոցով հնարավոր չէ։ Կարող եք պարզել կա՛մ 6-7 շաբաթականում արյան միջոցով, կա՛մ 13-14 շաբաթականում՝ սոնոգրաֆիայի միջոցով:   

 

Անուն՝ Թերեզա

Հարց՝ Արտամարմնային բեղմնավորման ժամանակ կարելի՞ է երեխայի սեռն ընտրել։

Պատասխան՝ Հստակ չեմ կարող  ասել՝ ՀՀ-ում կիրառվում է, թե ոչ, բայց այդպիսի տարբերակ կա:    

 

Անուն՝ Նվարդ

Հարց՝ Հարգելի՛  բժիշկ, 39 տարեկան եմ։ Վերջին դաշտանս եղել է հունվարին, ինչից հետո այն անհետացել է։ Սոնոգրաֆիան ցույց է տվել ֆոլիկուլյար կիստա՝ 4,5 սմ չափով։ Հանձնել եմ անալիզ, պրոգեստերոնի մակարդակը ցածր էր։ Հնարավո՞ր է՝ կիստան դաշտանի բացակայության պատճառ լինի։ Կարո՞ղ եմ «Դյուֆաստոն» խմել։

Պատասխան՝ Դրանք փոխկապակցված երևույթներ են։ Առկա է հորմոնալ դիսբալանս, որի արդյունքում բացակայում է ձվազատումը և առաջանում ֆոլիկուլյար կիստա: