Փոքրիկի զգայարանները կյանքի առաջին 40 օրերին

Զարգացում

Փորձենք պատկերացնել, թե ինչպես են գործում նորածնի զգայարանները:

Շոշափելիք

Հիշեք, որ կյանքի առաջին շաբաթներին փոքրիկը արտաքին աշխարհի մասին ինֆորմացիայի գրեթե 80 տոկոսը ստանում է շոշափելիքի, շփման միջոցով: Մեծահասակն ինֆորմացիայի այդ քանակը ստանում է տեսողության միջոցով:

Ինչ կարելի է զգալ շոշափելիքի միջոցով:

Նախ և առաջ, պարզ զգացողություններ՝ որքանով է փափուկ կտորը, ցուրտ է, թե սառը: Նորածիններին հարմարավետ է տաք միջավայրում: Իսկ  նրանց համար պետք է ընտրել հնարավորինս փափուկ և բնական կտորից հագուստ:

Շփման միջոցով փոքրիկը կարող է զգալ նաև իրեն գրկած անձի էմոցիոնալ վիճակը: Եվ եթե փոքրիկին գրկած անձը լարված է, անհանգիստ կամ տխուր, փոքրիկը կարող է անհանգստանալ և սկսել լացել: Իսկ եթե նրան գրկում են կոպիտ և անտարբեր ձեռքեր, փոքրիկը լարվում է, կծկվում: Փոքրիկի համար ամենասիրելին ու նախընտրելին մայրիկի ջերմ գիրկն է ու նրա ձեռքերը: Երեխայի  նորմալ զարգացման համար փոքրիկը պետք է բավականաչափ շփում ունենա մայրիկի հետ:

Կյանքի առաջին օրերին ու շաբաթներին, երբ Ձեր և Ձեր փոքրիկի հարաբերությունների հիմքն է դրվում, շփումային կապը շատ կարևոր է: Մայրիկն էլ ավելի հանգիստ է, երբ զգում է իր մանկիկի ջեմրությունը և շնչառությունը: Մաշկը մաշկին հպումը, ըստ մասնագետների, նաև կանխում է հետծննդաբերական դեպրեսիայի առաջացումը կանանց մոտ:

Մոր և մանկան շփումային կապն ապահովելու համար կարելի է կիրառել գրքերում նկարագրված ոչ պրոֆեսիոնալ մերսումը. Այն կօգնի, որ փոքրիկը ճանաչի ու զգա իր մարմինը և նորդաշնակ զարգանա, իսկ մայրիկին կօգնի լինել վստահ ու հաստատել կապ փոքրիկի հետ:

Հոտառություն

Կյանքի առաջին երեք ամիսներին հոտառությունը ևս փոքրիկի տպավորություններում գերակա դեր է կատարում:

Այսպես, երեք օրական մանկիկը կարող է գլուխը թեքել՝ խուսափելու սուր, տհաճ հոտից: Նրա համար ամենացանկալի հոտը մայրիկի հոտն է: Աստիճանաբար, կյանքի առաջին շաբաթներին փոքրիկը սկսում է ճանաչել նաև այլ հոտեր՝ հայրիկի, տատիկի հոտը: Սակայն սուր և արհեստական հոտերը փոքրիկին կվանեն դեռ երկար ժամանակ: Ուստի ցանկալի է, որ մայրիկը հնարավորության դեպքում խուսափի օծանելիքի և ոչ բնական կոսմետիկայի բույրերից: Լվացքի փոշին էլ ընտրելուց ուշադրություն դարձրեք, որ այն սուր ու մնայուն հոտ չունենա:

Եթե ծննդաբերությունից հետո առաջին անգամ պետք է տնից դուրս գաք առանց փոքրիկի, Ձեր բացակայությունը մեղմելու համար հենց նոր հանած  շապիկը թողեք փոքրիկի մահճակալի մոտ՝ նրա քթին մոտ հատվածում: Այսպես փոքրիկն իրեն ավելի հանգիստ կզգա: Ընդհանրապես մայրիկի հոտը փոքրիկին հանգստացնում է անգամ մինչև նախադպրոցական տարիքը:

Երեք ամսականից հետո շոշափելիքը սկսում է փոքրիկի զարգացման գործում նվազ դեր խաղալ, բայց մինչև 1-1,5 տարեկան հասակը երեխան զանազան հոտերը զգում է նույնքան սուր, ինչպես կինը հղիության առաջին եռամսյակում:

Այս փաստը նկատի ունենալով՝ հյուր գնալիս Ձեզ հետ վերցրեք ծածկոց, որ Ձեր տան բույրն է պարունակում:

Լսողություն

Ինչպես հայտնի է, երեխայի լսողությունը գործում է ծնվելուց դեռ շատ առաջ: ԱՐդեն հղիության 7-րդ ամսում երեխան բավականին լավ է լսում ու կարող է տարբերակել իր հարազատների ձայները և վախենալ անծանոթ կամ կտրուկ ձայներից:

Ծնվելուց հետո երեխան ճանաչում է մայրիկի ու հայրիկի ձայնը, չնայած որ հարպտղային ջրերը խեղում են այն: Եվ եթե հղիության ընթացքում մայրիկն ինչ-որ երգ է երեգել փոքրիկի համար, մեծ է հավանականությունը, որ փոքրիկը կճանաչի մեղեդին և երգը կունենա հանգստացնող ազդեցություն նրա վրա:

Ընդհանրապես, փոքրիկին հանգստացնելու լավագույն տարբերակը որևէ օրորոցայինի համադրումն է մոր հոտի և մարմնի ջերմության հետ, ինչպես նաև մի փոքր օրորելը:

Տեսողությունը

Փոքրիկների տեսողությունը միանգամից ողջ հզորութամբ չի գործում: Որպեսզի փոքրիկի հետ տեսողական կոնտակտ հաստատեք, պետք է հաշվի առնեք կյանքի առաջին շաբաթներին նրա տեսողության առանձնահատկությունները:

Ըստ որոշ տվյալների՝ կյանքի առաջին շաբաթներին փոքրիկը աշխարը շրջված է տեսնում, քանի որ տեսողական նյարդերն ամբողջությամբ չեն գործում: Առաջին շաբաթներին երեխաները սև-սպիտակ պատկերներին ավելի հետաքրքրությամբ են արձագանքում, քան գունավորներին: Հետագայում այս նախընտրությունը փոխվում է:

Նորածինը ամեն ինչ դեռ մշուշոտ է տեսնում: Հստակ տեսնում է 18-25 սմ հեռավորության վրա. սա այն հեռավորությունն է, որ կա մայրիկի ու փոքրիկի միջև կերակրելու ժամանակ: Փոքրիկը կարող է երկար, շատ երկար նայել մայրիկի դեմքին, և այդ զբաղմունքը նրան չի հոգնեցնի:

Ծնվելուց վեց շաբաթ անց  փոքրիկի տեսողությունն արդեն նորմալ է, ամեն ինչ լավ տեսնում է, հայացքը կարողանում է կենտրոնացնել մինչև  50-60 հեռավորության վրա գտնվող օբյեկտների վրա:

Այս հասակում փոքրիկները շատ են սիրում հետևել շարժվող օբյեկտներին:

Նաև շատ են սիրում ուշադիր զննել մարդկանց դեմքերը, սև-սպիտակ խոշոր դիմանկարները, անգամ սիմվոլիկ նկարները:

Հիշեք, որ փոքրիկը տեսողության միջոցով չափազանց շատ ինֆորմացիա են ստանում: Ինֆորմացիոն գերբեռնվածությունից կարող են հոգբել: Դրա նշան է այն, որ փոքրիկը հեռացնում է աչքերը կոնկրետ օբյեկտից:

Իսկ կյանքի առաջին քառասուն օրը  փոքրիկի համար խաղերի ու խաղալիքների ժամանակ չէ, այլ նոր միջավայրին հարմարվելու և նոր տպավորությունների ժամանակ է:

 

Այս թեմայով կարդացեք նաև` Ի՞նչ է զգում մանկիկը ծնվելուց հետո

 

Նյութն ըստ «Мой ребенок» ամսագրի

Հեղինակ՝ հոգեբան Եկատերինա Բուրմիստրովա

Գովազդ