Ճի՞շտ է, արդյոք, տեսությունը, որ դասական երաժշտությունը փոխում է երեխայի մտածողությունը

Իհարկե, որեւէ ապացույց չկա, որ դասական երաժշտություն լսելով՝ երեխան կարող է փոխվել, օրինակ՝ դառնալ ավելի խելացի: Պարզապես սա հաճելի միջոց է՝ լիցքաթափվելու եւ միմյանց երաժշտությամբ վայելելու:

Դասական երաժշտություն միացնելով կամ օրորոցային երգելով՝ Դուք կարող եք երեխային նախապատրաստել քնին կամ պարզապես խաղաղեցնել, եթե անհանգիստ է: Երեխան, որպես կանոն, կենտրոնանում է ռիթմերի եւ ելեւէջների վրա: Գիշերային ժամերին պարբերաբար հանդարտ երաժշտություն միացնելով՝ դուք փոքրիկին կվարժեցնեք հատուկ արարողակարգի: Այսինքն՝ երբ նա  լսի նույն ռիթմերով երաժշտությունը, օրգանիզմը կնախապատրաստվի քնին:

Դուք կարող եք նպաստել փոքրիկի կոգնիտիվ զարգացմանը՝ շփվելով նրա հետ երգի միջոցով:  Կոգնիտիվ զարգացումը մի պրոցես է, որի ժամանակ երեխան ձեռք է բերում այնպիսի հմտություններ, ինչպիսին զգայական ճանաչողությունն է, մտածողությունը, հիշողությունը, լեզուն եւ ֆիզիկական կոորդինացիան:

Ծննդյան օրվանից սկսած՝ երեխան արձագանքում է, երբ Դուք խոսում կամ երգում եք: Նա ճանաչում է ձեր ձայնը, եւ երբ խոսում կամ երգում եք, զննում է ձեզ ու շրջապատը:  Այդպես փոքրիկի մոտ կարող է արագ զարգանալ խոսքը, երաժշտական զգացողությունը, եւ կրկնօրինակի բերանի այն շարժումները, որոնք տեսնում է մոտից:

Երբ երեխան արդեն 3-4 ամսական է, նա սկսում է երաժշտության հետ բլբլացնել:  Այդ մանկական հնչյունների ներքո սկսեք պարել եւ կտեսնեք՝ որքան է ուրախանում փոքրիկը: Կամ  երաժշտության ներքո ճոճեք նրան Ձեր գրկում:

Ձեր փոքրիկը կարող է նաեւ հրճվանքով  ծափահարել եւ շարժել ձեռքերը, երբ լսի սիրելի երգը: Իսկ երբ սկսի կանգնել ու քայլել, երաժշտությունը կդառնա նրա պարային զվարճանքի անբաժանելի մասը: