Ի՞նչ պետք է կարողանա անել երեխան 1,5-6 ամսականում. ներկայացնում է մանկաբույժը

Զարգացում

«Իմ փոքրիկ»-ը զրուցել է «Ուիգմոր Քլինիք»-ի մանկաբույժ Հրաչուհի Ղազարյանի հետ։

1.5-2 ամսական 

  • 1.5 ամսականում երեխան կարողանում է հայացքով հետևել հորիզոնական ուղղությամբ, իսկ երկու ամսականում՝ ուղղահայաց ուղղությամբ շարժվող առարկային։ 
  • Երբ մենք խոսում ենք երեխայի հետ, նա նայում է խոսակցի դեմքին, կարող է իմաստավորված ժպտալ։ 
  • Փորի վրա պառկած դիրքում ուղիղ բարձրացնում է գլուխը՝ կզակը բարձր պահելով։ 
  • Փորձում է կրծքավանդակը բարձրացնել սեղանից, անում է սողալու շարժումներ։

3 ամսական

  • Երկար, երաժշտական ձայներ է արձակում։ 
  • Ձգվում է դեպի ծանոթ առարկաները և մարդիկ։
  • Հասկանում է, երբ պատրասվում են կերակրել իրեն։ Նայում է իր ձեռքերին կամ ձեռքում գտնվող առարկային։ 
  • Հանգիստ վիճակում ձեռքի մատները բաց է պահում։ Փորի վրա պառկած դիրքում հենվում է նախաբազուկների վրա, գլուխը պահում է կայուն։

Ի՞նչ է պետք անել կամ չանել

  • Ազատ շարժումները կարևոր են երեխայի զարգացման համար․ մի՛ բարուրեք երեխային։
  • Միջավայրը փոխելու նպատակով երեխային տնից դուրս բերեք։ Հաճախ փոխեք երեխայի դիրքը։ Արթուն ժամանակ երեխային պառկեցրեք փորի վրա, դա նպաստում է գլուխը ձիգ պահելուն։
  • Առաջարկեք վառ գույներով, մեղմ ձայն արձակող, հպվելիս հաճելի, բռնելու համար հարմար և ապահով խաղալիքներ։
  • Ուշադրության արժանացրեք երեխայի ցուցաբերած ռեակցիան ծանոթ մարդկանց և առարկաների հանդեպ։
  • Անհրաժեշտ է երեխային վարժեցնել քնելու ռեժիմին և պահպանել այն։ Քնելու համար երեխային պետք է անկողին պառկեցնել, երբ նա դեռ արթուն է։

4 ամսական

  • Շրջվում է դեպի ձայնը։
  • Ժպտում է և ծիծաղում։
  • Մեջքի վրա պառկած վիճակում ոտքերով շարժումներ է կատարում և կարող է շրջվել կողքի վրա։ Առարկաները տանում է դեպի բերանը։
  • Բռնելու համար պարզում է ձեռքերը։
  • Առարկան բռնելիս օգտագործում է ամբողջ ափը։
  • Մատները բաց է պահում, խաղում է ձեռքերի հետ։

Ի՞նչ է պետք անել

  • Այս տարիքում ժամանակտրամադրեք Ձեր փոքրիկի հետ խաղալուն և խոսելուն։
  • Երգեք և կարդացեք նրա համար։
  • Երեխային դրեք գետնի վրա՝ ապահով տեղում խաղալու։
  • Ողջունեք և խրախուսեք երեխայի ցանկացած ձեռքբերումն ու ցանկալի արարքը՝ ձայներ արձակել, ծանոթներին ձգվելը, խաղալու և շաժումների փորձերը և այլն։

5 ամսական

  • Ուշադրություն է դարձնում մանր առարկաներին։ Խաղացեք երեխայի հետ «ծափիկ-ծափիկ», «ծիկ-ծիկ»։ 
  • Ժպտում է, սիրում է խաղալ։
  • Շրջվում է փորից մեջքի վրա և փորձում է անել հակառակը։
  • Փորի վրա պառկած դիրքում բարձրացնում է իրանը՝ հենվելով պարզած ձեռքերի վրա։
  • Նստում է ազատ, եթե կա հենարան։ Արտաբերում է երկհնչյուններ՝ «բա-բա-բա»։

6 ամսական

  • Սկսում է վախենալ անծանոթներից։
  • Մեկնում է ձեռքը, վերցնում է առարկաները երկու ձեռքով, բռնելիս օգտագործում է ամբողջ ափը։
  • Առարկան տեղափոխում է մի ձեռքից մյուսը։
  • Առանց օգնության կարող է կարճատև նստել՝ ձեռքերն առաջ պարզելով։
  • Մեջքի վրա պառկած դիրքում ոտնաթաթը հասցնում է բերանին։
  • Արդեն կարողանում է շրջվել մեջքից փորի վրա։

Ի՞նչ է պետք անել

  • Պետք է երեխային շրջապատն ուսումնասիրելու ավելի շատ հնարավորություններ ընձեռել՝ օգտագործելով ավելի ազատ տեղաշարժվելու և նստելու նրա ունակությունները։
  • Տվեք երեխային գործողությունների անհրաժեշտ ազատություն։
  • Տարիքին համապատասխան խաղալիքներ տրամադրեք։
  • Խրախուսեք երեխայի հաղորդակցվելու փորձերը, դրական վարքագիծը։
  • Եթե երեխան անցանկալի վարքագիծ է դրսևորում, նրա ուշադրությունը շեղեք բուն արարքից կամ պարզապես դրանք անտեսեք։
  • Երեխայի անցանկալի վարքագիծը սահմանափակելիս «չի կարելի»-ն պետք է լինի տեղին և հաստատուն։
Գովազդ