Ինչու՞ է լացում 0-3 ամսական երեխան և ինչպե՞ս զբաղեցնել նրան․ մանկաբույժի «գաղտնիքները»

Զարգացում

Ներկայացնում է N:16 պոլիկլինիկայի մանկաբույժ Գոհար Քյարունցը։

 

0-3 ամսական երեխայի լացը կարևոր նշանակություն ունի: Առաջին ամսում նա ուղղակի բարձրաձայն լացում է և արտաբերում կոկորդային կարճ հնչյուններ: Իսկ արդեն 2-րդ ամսական փոքրիկի ծնողը պետք է կարողանա տարբերակել երեխայի լացը։ Եկեք միասին ուղեցույց մշակենք, որով կառաջնորդվեք, երբ լսեք փոքրիկի լացը։

  • Քաղցած ժամանակ երեխան լացում է առանձնահատուկ պահանջկոտ ձևով։
  • Երբ երեխան իրեն միայնակ է զգում և ցանկանում է, որպեսզի ծնողը գրկի, լացը նմանվում է խնդրող, աղերսող լացի։
  • Աղիքային ցավերի ժամանակ երեխայի լացն ավելի շատ բարձրացող տեմբրով է լինում, այսինքն՝ ոչ մի կերպ չի հանգստանում, անընդհատ ճչալով, սեղմած աչքերով լացում է, որն ավելի շատ նմանվում է գոռոցի:
  • Այս տարիքին բնորոշ է նաև կոկորդային հնչյուններ արձակելը, երբ երեխան արտաբերում է տարբեր հնչյուններ, օրինակ՝ Ա, Է, Ու, Ը և այլն, ինչը չի կարելի խառնել լացի հետ։

 

Ինչպե՞ս զբաղեցնել այս տարիքի երեխային

 

Երեխային պետք է հաճախ մոտենալ. 20-30 սմ հեռավորությունից երեխան առավել լավ է ֆիքսում ծնողի դեմքը։  Օգտագործելով տարբեր միմիկաներ՝ երեխայի հետ խոսեք, ժպտացեք: Ժպիտը շատ արագ է ընդօրինակում երեխան: Ինչպես նաև հաճելի երաժշտություն միացրեք երեխայի համար, ցանկալի է դասական: Այդ երաժշտության ներքո երեխան հանգիստ կարող է և՛ քնել, և՛ ուտել:

 

Նյութը մշակեց Մոնիկա Մամյանը։

Գովազդ