Հարցերին պատասխանում է մանկաբույժ Գոհար Քյարունցը։
- 1-3 ամսականում զարգացման ի՞նչ փուլ է սկսվում երեխայի մոտ, ինչի՞ն է հարկավոր առավել ուշադրություն դարձնել։
- Առաջին եռամսյակը թերևս երեխայի կյանքի ամենաբարդ փուլն է, քանի որ այն պայմանականորեն անվանում ենք ադապտացիայի փուլ: Հայտնվելով այս աշխարհում՝ երեխան պետք է ադապտացվի թե՛ շրջապատին, թե՛ ֆիզիկական գործոններին, թե՛ իրեն շրջապատող մարդկանց, թե՛ սննդին, ինքնուրույն ապրելու կարողություններին: Ադապտացիոն շրջանն առաջին բալիկ ունեցող ծնողների համար անզորության զգացողություն է առաջացնում: Հետծննդաբերական դժվարությունները դեռևս չհաղաթահարած ծնողը հայտնվում է բարդ և պատասխանատու փուլում: Այս փուլում կարևոր է, որ երեխայի զարգացումը ճիշտ գնահատվի և որևէ բացթողում չլինի: Ցանկացած տարիքի երեխայի համար զարգացումը բնորոշվում է 5 կարևոր ոլորտներով՝ սոցիալական, ինքնասպասարկման, մեծ և նոր շարժողական ոլորտներ, ինչպես նաև լեզու, խոսք:
- Ի՞նչ պետք է կարողանա անել 0-3 ամսական երեխան և ո՞ր դեպքում է պետք անհանգստանալ։
- 0-3 ամսական երեխայի պարագայում ծնողը պետք է ուշադրություն դարձնի երեխայի տեսողական կոնտակտին, հաղորդակցման ժամանակ ժպտալու ունակությանը, որը զարգանում է արդեն կյանքի 2-րդ ամսում, և 3-րդ ամսում երեխան պետք է ճանաչի մայրիկին: Ինքնասպասարկման ոլորտի հետ կապված պետք է լինի առույգ, հետաքրքրվի պատկերներով, ձայներով, արձագանքի կուրծք կամ շիշ տեսնելիս, պետք է ակտիվ շարժի ձեռքերն ու ոտքերը, կարողանա գլուխը պահել ուղիղ և որի վրա պառկած դիրքում կարողանա գլուխը և կրծքավանդակը բարձրացնել: Երեխան պետք է հայացքը հառի առարկաներին և դեմքերին, ուսումնասիրի դրանք, հայացքով հետևի շարժվող առարկաներին և բռնի ափի մեջ դրված առարկան:
- Ֆիզիկական ի՞նչ ակտիվություն ունի երեխան այս տարիքում։ Ինչպե՞ս է այն դրսևորվում։
- Կարևոր նշանակություն ունի 0-3 ամսական երեխայի լացը: Առաջին ամսում նա ուղղակի բարձրաձայն լացում է և արտաբերում է կոկորդային կարճ հնչյուններ: Իսկ արդեն 2 ամսականի ծնողը կարողանում է դիֆերենցել երեխայի լացը, օրինակ, սոված ժամանակ երեխան լացում է առանձնահատուկ պահանջկոտ ձևով, եթե երեխան իրեն միայնակ է զգում և ցանկանում է, որպեսզի ծնողը գրկի, լացը նմանվում է խնդրող, աղերսող լացի, աղիքային ցավերի ժամանակ երեխայի լացը ավելի շատ բարձրացող տեմբրով է լինում, այսինքն՝ ոչ մի կերպ չի հանգստանում, անընդհատ ճչալով, սեղմած աչքերով լացում է, որն ավելի շատ նմանվում է գոռոցի: Այս տարիքում բնորոշ է նաև կոկորդային հնչյուններ արձակելը, երբ երեխան արտաբերում է տարբեր հնչյուններ, օրինակ, Ա, Է, Ու, Ը և այլն:
- Այս տարիքում որքա՞ն է երեխայի հասակի և քաշի միջին հարաբերակցությունը։
-Մինչև 6 ամսականի համար ամեն ամիս 500 գրամից մինչև 1 կգ քաշ հավաքելը համարվում է նորմալ և դրան զուգահեռ արդեն 2 սմ-ը նույնպես համարվում է միջին նորման: Չնայած, ամեն երեխայի համար քաշ-հասակային հարաբերությունը խիստ անհատական է և գնահատվում է մանկաբույժի կողմից հատուկ աղյուսակի միջոցով:
Հեղինակ՝ Մոնիկա Մամյան