Զարգացնող խաղեր մինչև 3 ամսական երեխաների համար

Զարգացում

Մինչև մեկ տարեկան երեխայի հետ խաղալը ոչ միայն ուրախություն է, այլ նաև խաղերն  օգնում են նրան զարգացնել բնության տված կարողությունները: Ուստի ձեր խնդիրն է ստեղծել համապատասխան պայմաններ և օգնել նորածնին բացահայտել ու զարգացնել իր կարողությունները:

Խաղերը, բնականաբար, պետք է համապատասխանեն երեխայի տարիքին: Այն, ինչ նրան հետաքրքրում է կյանքի առաջին ամսում, արդեն 3 ամսականում անգամ նրա ուշադրությունը չի գրավի:

Ստորև կներկայացնենք, թե որ հասակում ինչ խաղեր են համապատասխանում երեխային:

Խաղեր 1 ամսական երեխայի համար

Նորածին մանուկը դեռ շատ քիչ բան կարող է անել, փոխարենը ակտիվորեն շարժում է ձեռքերն ու ոտքերը պառկած ժամանակ: Նաև փորձում է հետևել իր առջևով դանդաղ ընթացող առարկաներին և ուշադրություն է դարձնում զանգակների ձայնին:  Ուստի կարելի է երեխայի մահճակալի վերևում կախել պտտվող երաժշտական և վառ գույներ ունեցող խաղալիք:

 

Փորձեք մանկիկի ձեռքի ափին դնել զղզղիկ խաղալիքը կամ ձեր մատը և կտեսնեք, թե ինչպես է անմիջապես ձեռքը

սեղմում: Այս պարագայում գործում են նորածնի ռեֆլեքսները:  Եթե զղզղիկը մանկիկի առջև թափահարեք, նա անպայման կձգվի դեպի խաղալիքը: Այս գործոնը հաշվի առնելով` սովորեցրեք երեխային կենտրոնացնել ուշադրությունը:

Խաղեր 2 ամսական երեխայի հետ

Այս հասակում արդեն կարող եք փոքրիկին փորի վրա պառկեցնել: Այս պարագայում խաղացանկում կարելի է ընդգրկել ևս մեկ խաղ: Երեխայի մահճակալի վերևում կախեք փոքրիկ զանգակ` երկար ժապավենով: Ձգեք ժապավենը, որպեսզի զանգակը ձայն հանի:  Փոքրիկն, ըստ ամենայնի, կսկսի փնտրել ձայնի աղբյուրը և գուցե կգտնի: Գտնելուց հետո էլ, հավանական է, որ կհետաքրքրվի զանգակով ու կսկսի ձգվել դեպի այն:

Խաղեր 3 ամսական երեխայի համար

Փոքրիկն արդեն կարող է փորի վրա պառկած վիճակում գլուխը բարձրացնել 45 աստիճանով և ոչ երկար ժամանակով մնալ այդ դիրում: Նաև սեղմում ու թուլացնում է բռունցքները, ժարժում է մատները: Ուստի կարող եք խաղալ խաղեր, որոնք կզարգացնեն բռնելու ունակությունը: Որպեսզի երեխան ոչ միայն բռնի խաղալիքը, այլ նաև պահի այն: Հետո փոքրիկին շահագրգռեք, որ ինքնուրույն ձգվի դեպի հետաքրքիր իրերը` աստիճանաբար հեռացնելով դրանք:

Այս խաղին համապատասխանում է հատկապես տիկնիկ-ձեռնոցը: Այն ուշադրություն է գրավում, զարգացնում է լսողությունը և կենտրոնանալու ունակությունը:

Այս հասակում երեխաներին հետաքրքրում է առարկաների մակերևույթը` փափուկ արջը, պինդ զղզղիկը և այլն:

 

Նյութն ըստ vse-pro-dety.ru կայքի

Գովազդ