Վաղաժամ ծնված և թերքաշ երեխաների խնամքի առանձնահատկությունները

Խնամք

Առողջ ու նորմալ է համարվում երեխան, որ ծնվել է հղիության ինը ամիսներից հետո: Սակայն պատահում է, որ ինչ-ինչ պատճառներով փոքրիկը լույս աշխարհ է գալիս ավելի վաղ, քան նախատեսված է:

Նման երեխաները կոչվում են վաղաժամ ծնված: Նրանց հարկավոր է առավելագույն խնամք, քանի որ հիմնականում ունեն ցածր իմունիտետ և ընկալունակ են զանազան վիրուսների նկատմամբ:

Որո՞նք են ռիսկային գործորնները վաղաժամ ծնված երեխաների դեպքում

Վաղաժամ ծննդաբերություն հիմնականում տեղի է ունենում մայրական օրգանիզմի խնդիրների պատճառով, օրինակ`մայրն ունի թերի քաշ, արյան բարձր ճնշում, դիաբետ և այլն:

Վաղաժամ ծնված երեխաները, որպես կանոն, ունենում են թերի քաշ, քանի որ ծնվել են ժամանակից շուտ, ինչը խոցելի է դարձնում նրանց զանազան հիվանդությունների նկատմամբ հենց սկզբից: Պատահում է նաև, որ վաղաժամ ծնված երեխաներն արդեն հասուն տարիքում ունենում են արյան ճնշման և աղեստամոքսային համակարգի խնդիրներ: Սա, սակայն, պարտադիր չէ, փոքրիկը կարող է նաև լիովին առողջ լինել և որևէ խնդիր չունենալ:

Արդյոք վաղաժամ ծնված բոլոր երեխաները թերքաշ են

Բացառություններ ևս կան: Պատահում է նաև, որ երեխան ճիշտ ժամանակին ծնվելու դեպքում է թերի քաշ ունենում: Դրա պատճառները տարբեր են: Սակայն պետք է հիշել, որ թերի քաշ ունեցող երեխաները վաղաժամ ծնված երեխաների պես ունեն թույլ իմունիտետ և կարիք ունեն մեծ հոգատարության և հատուկ խնամքի:

Ինչպե՞ս խուսափել վաղաժամ ծննդաբերությունից և թերի քաշով երեխա լույս աշխարհ բերելուց

Կարևոր է, որ հղի կինը ժամանակին որոշակի ստուգումներ անցնի՝ հնարավոր խնդիրները կանխարգելելու համար: Մինչև ծննդաբերությունը որոշակի պարբերականությամբ պետք է հիվանդանոց այցելել`կոնսուլտացիաների: Բացի այդ, հղի կինը պետք է առողջ սննդակարգ պահպանի, հստակ իմանա`ինչ դեղամիջոցներ կարելի է օգտագործել և որոնք են արգելված հղիության ընթացքում, ինքնաբուժությամբ չզբաղվի ցանկացած պարագայում:

Ինչպե՞ս խնամել վաղաժամ ծնված և թերքաշ երեխաներին

Վաղաժամ ծնված և թերքաշ երեխաները նուրբ մոտեցում են պահանջում և հատուկ խնամքի կարիք ունեն: Քայլերը պետք է ուղղված լինեն՝ ապահովելու  նորածինների  համարժեք զարգացումը թե ֆիզիկական, թե մտավոր առումներով:

  • Անգամ եթե ձեր փոքրիկը վաղաժամ է ծնվել կամ թերի քաշ ունի, պետք է աշխատեք նրան հնարավորինս շուտ կրծքով կերակրել: Նման փոքրիկներն ավելի արագ են աճում, հետևաբար ավելի շատ սննդարար նյութերի կարիք ունեն:
  • Հնարավոր է, որ Դուք ինքներդ ի վիճակի չլինեք կերակրել փոքրիկին և նման դեպքում հնարավոր է գայթակղվեք փոքրիկին արհեստական կաթնախառնուրդով սնուցելու մտքով: Այս տարբերակը ցանկալի չէ, անգամ փոքր հնարավորության դեպքում փոքրիկին մայրական կաթով կերակրեք. մայրական կաթն անփոխարինելի է:
  • Հնարավոր է, որ  մայրական կաթը ծծել չկարողանալու պատճառով  փոքրիկին սնուցման համակարգ միացված լինի: Նման սցենարի դեպքում հնարավորության դեպքում գրկեք Ձեր փոքրիկին, Ձեր կրծքին մոտ պահեք. դա ոչ միայն կհանգստացնի փոքրիկին, այլ նաև կօգնի նրան լավ զգալ:
  • Քանի որ նման փոքրիկները շատ նիհար են, նրանց գրկելուց կամ բարձրացնելուց պետք է շատ զգույշ լինել:
  • Վաղաժամ ծնված փոքրիկները հակված են մանկական հանկարծամահության սինդրոմին, ուստի նման փոքրիկներին ոչ մի դեպքում փորի վրա քնեցնել չի կարելի:
  • Այս փոքրիկները հնարավոր է՝ սովորականից ավելի հաճախ սնվելու կարիք ունենան, քանի որ ի տարբերություն ժամանակին ծնված փոքրիկների, չունեն պահուստային նյութեր:
  • Երբ փոքրիկին տուն եք բերում, վստահ եղեք, որ ամեն ինչ մաքուր է ու հիգիենիկ, նաև խուսափեք հիվանդ մարդկանց հետ շփումից, քանի որ փոքրիկի իմունիտետը ցածր է և նա հեշտությամբ կարող է վիրուսով կամ զանազան ինֆեկցիաներով վարակվել:

Դժվար է վաղաժամ ծնված և թերքաշ փոքրիկին խնամելը, սակայն ճիշտ մոտեցման դեպքում նա արագ կլրացնի բացը և ոչնչով հետ չի մնա իր`ժամանակին ծնված և  նորմալ քաշով հասակակիցներից:

 

Աղբյուրը՝ parentingnation.in

Գովազդ