Ի՞նչ է պատվաստանյութը, ինչու՞ և ինչպե՞ս ստեղծեցին գիտնականները. «Շենգավիթ» ԲԿ-ի մասնագետի պարզաբանումը՝ «Իմ Փոքրիկ»-ի ընթերցողներին

Խնամք

Ի՞նչ է իրենից ներկայացնում պատվաստանյութը՝ վակցինան

Վակցինան բժշկական կամ անասնաբուժական պրեպարատ է՝ ուղղված ինֆեկցիոն հիվանդությունների նկատմամբ իմունիտետ ստեղծելուն:

Ի՞նչ է իրենից ներկայացնում պատվաստանյութը՝ վակցինան

Վակցինան բժշկական կամ անասնաբուժական պրեպարատ է՝ ուղղված ինֆեկցիոն հիվանդությունների նկատմամբ իմունիտետ ստեղծելուն:

Վակցինան պատրաստվում է սպանված կամ թուլացված միկրոօրգանիզմներից, նրանց կենսագործունեության արգասիքներից կամ անտիգեններից՝ ստեղծված գենային ինժեներիայով կամ քիմիական ճանապարհով:

Ինչի՞ն  է ծառայում պատվաստանյութը՝ վակցինան

Վակցինան խթանում է ադապտիվ իմուն պատասխանը օրգանիզմում՝ առաջացնելով հատուկ հիշողության բջիջներ: Արդյունքում՝  օրգանիզմի հաջորդ ինֆեկցումը բերում է կայուն և առավել արագ իմուն պատասխանի, հետեւաբար հիվանդություն չի զարգանում:

Մահացու հիվանդությունների դեմ միջոց հայտնաբերելու փորձերը մարդկությունը ձեռնարկել է շատ վաղուց: Հին ժամանակների ամենահաջող փորձերը եղել են բնական ծաղիկի դեմ: Հենց նրանք են դարձել ժամանակակից վակցինացիայի հիմքը:

Ինչպես հայտնի է,  ամենամեծ մարդկային կորուստները եղել են ոչ թե պատերազմների կամ սովի, այլ հենց ամենասարսափելի էպիդեմիաների հետեւանքով:

Ո՞վ  և ինչպե՞ս է ստեղծել պատվաստանյութը. հետաքրքիր պատմություն

Վակցինացիայի պատմության շրջադարձային փուլը կապված է անգլիացի բժիշկ Է. Ջեների (1749-1823) անվան հետ: Նա նկատեց, որ գյուղացիները, որոնք պարբերաբար վարակվում էին կովի ծաղիկով, երբեք չէին հիվանդանում «մարդկային» ծաղիկով: Ջեները ենթադրեց, որ կովի ծաղիկը հանդիսացել է պաշտպանություն՝ բնական ծաղիկի դեմ և կատարել է այն ժամանակների համար հեղափոխական քայլ. նա կթվորուհու ձեռքի բշտիկներում պարունակվող հեղուկը ներարկել է  8-ամյա Ջեյմս Ֆիփսին:  Տղային բնական ծաղիկով վարակելու հետագա բոլոր փորձերը ձախողվեցին:

XVIII դարի կեսերին դեռ ոչինչ հայտնի չէր ինֆեկցիայի հարուցիչների և իմունիտետի մասին: Այդ պատճառով բժիշկ Էդվարդ Ջեները չկարողացավ գիտականորեն հիմնավորել իր փորձը, և միայն 100 տարի հետո Ֆրանսիացի գիտնական Լուի Պաստերին հաջողվեց կատարել մեծ առաջընթաց բժշկության և մասնավորապես իմունոլոգիայի մեջ: Նա առաջինն էր, ով ապացուցեց, որ հիվանդություները, որոնք հիմա կոչվում են ինֆեկցիոն, զարգանում են միկրոբներից, որոնք ներթափանցում են օրգանիզմ արտաքին միջավայրից: Այս հանճարեղ բացահայտումն ընկավ ասեպտիկայի և անտիսեպտիկայի հիմքում՝ տալով նոր ճյուղ վիրաբուժությանը, մանկաբարձությանը և ամբողջ բժշկությանը:  1881 թ.-ին նա ստեղծեց վակցինա սիբիրյան խոցի դեմ, իսկ 1885 թ.-ին՝ կատաղության դեմ, որը 100% դեպքերում բերում էր մահվան: Հենց Լուի Պաստերն է առաջարկել այդ պրեպարատներն անվանել վակցինա, իսկ նրանց կիրառման պրոցեդուրան՝ վակցինացիա (լատ. Vacca - կով):

Լ. Պաստերը և իր համախոհները, ինչպես նաև բժիշկ Ջեները, ստիպված էին պայքարել ինֆեկցիոն հիվանդությունների պրոֆիլակտիկայի նոր մեթոդի համար: Նրա փորձերը կասկածի տակ էին առնում և քննադատում էին նրան գիտական հայացքների համար: Պաստերը ստեղծեց մանրէաբանության համաշխարհային դպրոց, նրա աշակերտներից շատերը դարձան մեծագույն գիտնականներ: Նրանց են պատկանում 8 Նոբելյան մրցանակներ:

Հոդվածը պատրաստել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի նեոնատոլոգ Արթուր Ջանազյանը

Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

+374 55 80 90 71


Շարունակելի

Գովազդ