Երեխայի ճիշտ խնամքը կյանքի առաջին օրերին շատ կարևոր նշանակություն ունի նրա հետագա բնականոն զագացման ու աճի համար։ Իսկ փոքրիկի խնամքի, հիգիենայի ճիշտ կազմակերպման սկզբունքները կներկայացնի մանկաբույժ Նաիրա Առաքելյանը։
-Ինչպե՞ս ճիշտ կազմակերպել փոքրիկի լոգանքը։
Երեխայի լոգանքը պետք է կազմակերպել տաք սենյակում, շատ կարևոր է հաշվի առնել անվտանգության պայմաններն ու հարմարավետությունը։
Փոքրիկին լողացնելու համար պետք է ունենալ առանձին մանկական տաշտակ, որը այլ դեպքերում չի կարելի օգտագործել։ Լոգանքից առաջ մայրիկը պետք է պատրաստի աշխատանքային մաքուր տարածք, որտեղ կարելի է դնել փոքրիկի խնամքի միջոցները, նրա սրբիչն ու մաքուր շորերը:
Երեխային լողացնում ենք 37-38 աստիճան տաքությամբ ջրում։ Լոգանքի ժամանակ կարելի է օգտագործել մանկական օճառ կամ լոգանքի գելեր. իհարկե ցանկալի է, որ այդ միջոցները լինեն չեզոք՝ չպարունակեն հիմնային նյութեր: Առանց բժշկի իմացության, նաև արգելվում է ջրի մեջ լցնել տարբեր խոտաբույսեր ու անտիսեպտիկ միջոցներ:
-Ի՞նչ հերթականությամբ ենք լվանում փոքրիկի մարմնամասերը։
Երեխայի լոգանքը պետք է սկսել աչքերը լվանալուց։ Աչքերը լվանում ենք մաքուր ջրի մեջ թրջած բամբակների միջոցով՝ ներսից դուրս ուղղությամբ: Յուրաքանչյուր աչքի համար պետք է օգտագործել առանձին բամբակ: Հետո պետք է լվանալ փոքրիկի դեմքը, ականջների արտաքին հատվածը և վզի տակ գտնվող շրջանը:
Ապա լվանում ենք երեխայի թևատակերը ու փորի շրջանը, աճուկային շրջանն ու սեռական օրգանները: Լոգանքը շարունակում ենք՝ լվանալով մեջքի և ոտքերի հատվածները:
Իսկ երեխայի գլուխը ցանկալի է լվանալ վերջում, որպեսզի խուսափեք լոգանքի ընթացքում երեխայի անհանգստությունից:
-Ինչպե՞ս չորացնել փոքրիկի մարմինը։
Լոգանքից անմիջապես հետո փոքրիկին պետք է մանրակրկիտ չորացնել։ Երեխային չորացնում ենք փափուկ սրբիչով՝ այն թեթևակի հպելով մաշկին: Չի կարելի սրբիչով շփել երեխայի մաշկը, քանի որ այն շատ նուրբ է ու զգայուն: Շատ ուշադիր պետք է լինել մարմնի ծալքերը չորացնելիս, քանի որ հենց այս հատվածում են «սիրում հավաքվել» մանրէները։
Իսկ երեխայի պորտիկը պետք է խնամել մանկաբույժի ցուցումների համաձայն՝ մաքրելով այն ախտահանված բամբակով։
Եթե երեխայի մաշկը շատ զգայուն է, լոգանքից հետո կարելի է օգտագործել մանկական ցանափոշի, իսկ չոր մաշկի դեպքում՝ մանկական յուղեր։
-Ինչպե՞ս ճիշտ խնամել նորածնի եղունգները։
Նորածնի եղունգները ևս հատուկ խնամք են պահանջում, դրանք պետք է կտրել շատ նուրբ ու զգույշ, ցանկալի է այն ժամանակ, երբ փոքրիկը քնած է։ Օգտագործեք հատուկ մանկական մկրատ, որի սայրերը կլինեն կլորավուն ու սուր։ Հետագայում եղունգների սերտաճումից խուսափելու համար դրանք պետք չէ կտրել շատ խորը։ Ձեռքի եղունգները պետք է կտրել կլորավուն, իսկ ոտքի եղունգները՝ ուղիղ անկյուններով։
Արփինե Մուրադյան