Նորածինները, որպես կանոն, շատ են քնում`օրական մինչև 16-17 ժամ: Բայց կյանքի առաջին շաբաթներին շատ փոքրիկների դեպքում քունը կարճ է տևում՝ նրանք պարբերափար արթնանում, հետո նորից քնում են:
Ինչու՞ է նորածինների քնի գրաֆիկն անկանխատեսելի
Փոքրիկի քնի ցիկլերը շատ ավելի կարճ են, քան մեծահասակներինը, և փոքրիկների՝ արագ (REM sleep) քունը ավելի երկար է տևում: Կա կարծիք, որ քնի այդ ժամանակամիջոցում երեխայի ուղեղը «կտրուկ» զարգանում է:
Ե՞րբ փոքրիկը կսկսի ավելի շատ քնել
6-8 շաբաթականում փոքրիկները սկսում են ավելի տևական փուլերով քնել գիշերը և հակառակը՝ ցերեկը: Թեև շատ փոքրիկներ դեռևս շարունակում են սնվելու նպատակով արթնանալ գիշերը:
Մասնագետների պնդմամբ՝ 4-6 ամսականում շատ փոքրիկներ գիշերը կարող են քնել 8-12 ժամ: Պատահում է, որ այդ գրաֆիկով են քնում անգամ մինչև 6 ամսական փոքրիկները:
Եթե ցանկանում եք, որ ձեր փոքրիկը ևս ունենա քնի նախընտրելի գրաֆիկ, նրա մոտ վաղ հասակից քնի հետ կապված որոշակի սովորույթներ ձևավորեք:
Եվ այսպես.
- Փոքրիկին ազատորեն քնով անցնելու հնարավորություն տվեք: Առաջին 6-8 շաբաթներում շատ երեխաներ ի վիճակի չեն արթուն մնալ ավելի, քան 2 ժամ: Եթե դուք ձգեք այդ ժամը, փոքրիկը կհոգնի և կդժվարանա քուն մտնել:
- Փոքրիկին սովորեցրեք ցերեկվա ու գիշերվա տարբերությունը: Որոշ փոքրիկներ գիշերային բուեր են (դրա մասին կարող էիք գլխի ընկնել նաև հղիության ընթացքում) և մի թեթև հպումից կարող են արթնանալ ու երկար ժամանակ արթուն մնալ: Բայց բավական է՝ փոքրիկը դառնա 2 շաբաթական, կարող եք սկսել սովորեցնել նրան տարբերել գիշերն ու ցերեկը:
- Երբ նա արթուն է ցերեկը, շփվեք ու խաղացեք նրա հետ այնքան, որքան կարող եք, տունը և հատկապես իր սենյակը պետք է լուսավոր պահեք: Մի' մտահոգվեք նաև աղմուկի համար.հեռախոսի, երաժշտության կամ, օրինակ, լվացքի մեքենայի ձայնը մի խլացրեք: Եթե նա կաթ ուտելիս ննջում է, փորձեք արթնացնել:
- Գիշերը, երբ արթնանում է, մի' խաղացեք փոքրիկի հետ: Լուսավորությունն ու աղմուկը նվազեցրե'ք: Սահմանափակե'ք նաև գիշերային զրույցները նրա հետ: Նա պետք է կամաց-կամաց գիտակցի, որ գիշերը քնելու համար է:
- Հետևեք փոքրիկի կողմից տրվող ազդակներին`տրորու՞մ է աչքերը, խաղու՞մ է ականջի հետ կամ սովորականից նվնվա՞ն է: Եթե դուք նկատում եք այս և քնկոտության այլ նշաններ, նրան պառկացրեք քնելու: Դուք շատ արագ կձևավորեք փոքրիկի քնի ժամերը ֆիքսելու բնազդ:
- Երեխայի մոտ քնի անցնելու «արարողակարգ» մշակեք, օրինակ`հագցրեք անկողնային հագուստ, օրորոցային երգեք, «բարի գիշեր»-ի համբույր տվեք:
Աղբյուրը`babycenter.com