Երեխայի լոգանքը. ուղեցույց մայրիկների համար

Խնամք

Ներկայացնում է մանկաբույժ Մարի Դարակչյանը։

Երեխայի լոգանքի կազմակերպման ամենակարևոր սկզբունքներից են անվտանգությունը, երեխային տաք պահելը և երեխային երբեք առանց վերահսկողության չթողնելը: Լոգանք կարելի է կազմակերպել ամեն օր կամ շաբաթվա մեջ 3-4 անգամ: Լոգանի ժամանակ կարելի է օգտագործել մանկական օճառ կամ լոգանքի գել: 

Չի կարելի ջրին, առանց բժշկի կողմից ցուցումների, ավելացնել անտիսեպտիկ միջոցներ կամ խոտաբույսեր: Լոգանքից առաջ անհրաժեշտ է պատրաստել աշխատանքային մակերես, որտեղ կարելի է դնել երեխայի մաքուր շորերը, սրբիչ, տակդիր և խնամքի պարագաներ: Լոգանքը պետք է կազմակերպել փոքրիկ լոգարանում, որտեղ լցված ջուրը պետք է լինի 37-38° C, իսկ խորությունը՝ ոչ ավելի, քան 3-5 սմ: Երեխայի լոգանքը պետք է սկսել մաքուր ջրի մեջ թրջած բամբակներով աչքերի լվանալուց: Յուրաքանչյուր աչքի համար պետք է օգտագործել առանձին բամբակ և մաքրել ներսից դուրս ուղղությամբ:  

Այնուհետեւ պետք է լվանալ դեմքը, ականջների արտաքին մասը և վզի տակ գտնվող շրջանը: Հետո անցնել թևատակերի, փորի շրջանի լվացմանը: Աճուկային ծալքերը պետք է ուշադիր լվանալ, քանի որ այնտեղ կուտակված նյութերը կարող են բերել գրգռման և ցանավորման առաջացման: Սեռական օրգանները աղջիկների մոտ պետք է լվանալ առջևից հետ ուղղությամբ, իսկ տղաների մոտ միայն արտաքինից՝ առանց հետ տանելու ծայրային կաշին: Շարունակում ենք լոգանքը՝ լվանալով մեջքի և ոտքերի շրջանները: Գլուխը կարելի է լվանալ վերջում՝ զերծ մնալու համար երեխայի անհանգստությունից և սառչելուց: Գլխի մազածածկ մասում թեփոտումների դեպքում կարելի խոնավ ժամանակ մանկական սանրով սանրել այդ շրջանը: Լոգանքից անմիջապես հետո երեխային պետք է մանրակրկիտ չորացնել՝ սառչելուց խուսափելու համար: Ականջների մաքրումը փայտիկներով խորհուրդ չի տրվում:

Գովազդ