Կրծքով կերակրման խնդիրները. ներկայացնում է մանկաբույժը

Խնդիրներ

Կարծում եմ՝ պետք չէ բացատրել ու համոզել, թե ինչքան կարևոր է կրծքի կաթը նորածին երեխայի համար։

Գրեթե բոլոր մայրերը կրծքով կերակրման ընթացքում հանդիպում են տարբեր տեսակի բարդությունների, որոնք պետք է հաղթահարեն, որպեսզի կրծքով կերակրումը մոր համար չդառնա տանջանք, այլ մնա հաճելի և ցանկալի զբաղմունք և՛ մոր, և՛ երեխայի համար։

Այդպիսի խնդիրներից մեկը երեխայի կրծքից հրաժարվելն է, որի պատճառները բազմաթիվ են և բազմազան։

Ինչպես է արտահայտվում խնդիրը

  • Երեխան հրաժարվում է երկու կրծքից,
  • Մի կուրծքը վերցնում է, իսկ մյուսը՝ ոչ,
  • Ծծում է միայն քնի մեջ, իսկ արթուն ժամանակ հրաժարվում է,
  • Անհանգիստ է պահում իրեն կրծքի վրա․ մի քիչ ծծում է և բաց թողնում, լացում է, նորից սկսում է ծծել, կրկին թողնում է, շուռ ու մուռ է գալիս, ձգվում է և զայրանում։

Երեխաները, ինչպես և մեծերը, ունեն իրենց բնավորությունն ու խառնվածքը։ Ոմանք ժամացույցի պես արթնանում են, ուտում մոր կուրծքը և հանգիստ քնում, մինչդեռ մյուսների մոտ ամեն ինչ շատ ավելի բարդ է. վերջինների վրա կարող է ազդել ամեն մի մանրուք`սկսած մոր ձայնի տեմբրի ու մարմնի հոտի փոփոխությունից մինչև շրջակա միջավայրի փոփոխությունները։

Գոյություն ունի, այսպես կոչված, կեղծ հրաժարում, որը հիմնականում հանդիպում է 3-6 ամսականում։ Երեխաների մոտ այս տարիքում ձևավորվում է գրեթե մեծահասակի տեսողություն, նրանք կարող են գիտակցված ձեռք մեկնել տարբեր առարկաների և վերցնել դրանք: Այս տարիքում երեխաները ձգտում են ամեն ինչ տեսնել, ամեն ինչին դիպչել։ Այս պատճառով հետաքրքրությունից դրդված՝ նրանք սկսում են թեքվել, շուռումուռ գալ  (հաճախ մոր կուրծքը բերանում), երբ սենյակ նոր մարդ է մտնում, երբ բարձր ձայն է լսվում կամ ուժեղ լույս են տեսնում։ Նրանց կարող է թվալ, որ նրանք ինչ-որ կարևոր բան են բաց թողնում։

Իրական կրծքից հրաժարումը հանդիպում է հիմնականում կյանքի առաջին օրերից մինչև 3-4 ամսական հասակը։

Հիմնական և առավել հաճախ հանդիպող պատճառների մասին ավելի մանրամասն․

Մոր կողմից հանդիպող պատճառները

Խնդիր կաթի սակավություն

Երեխայի կյանքի առաջին օրերին ամենահաճախ հանդիպող պատճառներից մեկը մայրական կաթի սակավությունն է, վերջինս ունի միանգամայն ֆիզիոլոգիական բնույթ, կրծքի կաթի քանակի և կրծքով կերակրման միջև գոյություն ունի հետադարձ դրական կապ՝ որքան շատ երեխան ծծի մոր կուրծքը, այնքան շատ կաթ կունենա մայրը, սակայն այս պրոցեսի մեկնարկի համար ծննդաբերությունից հետո պահանջվում է  2-3 օր։ Այս օրերին երեխայի պահանջարկն ավելի շատ է, քան մոր առաջարկը, արդյունքում՝ այս օրերին նորածիններն ավելի շատ են լացում ու պահանջում։ Սա ամենակարևոր դրույթներից մեկն է, որ պետք է իմանա առաջնածին մայրը և այս օրերին լինի առավել համբերատար։ Առաջին անգամ աշխատող կրծքագեղձի կաթնատար ծորանները նեղ են, ինչը դժվարացնում է կաթի արտահոսքը։

Խնդրի լուծում

Կրծքագեղձի մերսումը շրջանաձև շարժումներով օգնում է ծորանների լայնեցմանը և կաթի մղմանը դեպի ավազաններ, որոնք գտնվում են անմիջապես հարպտկային դաշտի (արեոլայի) ետևում։ Կրծքով կերակրումը կարելի է իրականացնել պառկած, երբ կուրծքը գտնվում է երեխայից վեր, այս դիրքով կաթի արտահոսքը հեշտանում է իր ծանրության հաշվին։

Խնդիրանհարմար պտուկ (տափակ, ներընկած կամ մեծ պտուկ)

Պտուկի տարբեր անատոմիական առանձնահատկությունները կարող են այս կամ այն չափով դժվարացնել կրծքով կերակրումը, սակայն ժամանակակից աշխարհում գոյություն ունեն տարբեր տեսակի լուծման եղանակներ:

Խնդրի լուծում

Գրեթե բոլոր դեղատներում առկա են սիլիկոնից և լատեքսից պատրաստված պտուկի վերդիրներ (արհեստական պտուկ)։ Բացի այդ, կարելի է պտուկը վերքաշել պարզ միջամտության պարբերական իրագործմամբ, որի համար հարկավոր է մեկ անգամյա օգտագործման ներարկիչ։ Պրոցեդուրան հետևյալն է. ներարկիչի այն ծայրը, ուր ամրակցվում է ասեղը, հարկավոր է կտրել և մխոցը տեղադրել այդ ծայրից, իսկ հակառակ ծայրը, որտեղ մատների համար թիակներն են, հերմետիկ ամրացնել պտուկին և քաշել մխոցը՝ դուրս բերելով պտուկը։ Եթե պարբերաբար կատարել վերը նշված միջամտությունը նախքան ծննդաբերությունը, ապա կարելի է հաջողությամբ վերականգնել պտուկի անատոմիական տեսքը և դրանով իսկ հեշտացնել ապագա կրծքով կերակրումը։

Որոշ դեպքերում խնդիրը միակողմանի է, այսինքն՝ երեխան մի կուրծքը բռնում է նորմալ, իսկ մյուսը՝ դժվարանում է։ Այս դեպքում հարկավոր է պարբերաբար և տարբեր դիրքերով փորձել ամրակցել երեխային կրծքին։ Դժվար կրծքին մոտեցնել հարկավոր է այն ժամանակ, երբ երեխան հանգիստ է կամ կիսաքնած, սոված ժամանակ սկզբից փորձել պրոբլեմատիկ կուրծքը, այնուհետև՝ մյուսը։

Խնդիրգերլցված և պնդացած կրծքագեղձ

Հաճախ առաջին օրերի սակավ կաթին հաջորդում է կրծքի առատ կաթով լցվելը, վերջինս դառնում է գերլցված և պնդանում է։ Որպեսզի երեխան կուրծքը ծծելով կաթ ստանա, նա պետք է բռնի մոր ոչ թե պտուկը, այլ հարպտկային դաշտը, քանի որ կաթը հավաքվում է հենց հարպտկային դաշտում և միայն արեոլան ծծելով՝ երեխան կարող է կաթ ստանալ մոր կրծքից։ Երբ կուրծքը գերլցվում է, հարպտկային դաշտը նույնպես դառնում է չափազանց պինդ, և նորածինը պարզապես չի կարողանում կամ դժվարանում է մոր կուրծքը ծծել։ Արդյունքում՝ մոր կուրծքը չի դատարկվում, և սկսվում են կրծքագեղձի ցավեր, իսկ երեխան սոված ու նյարդայնացած լացում է։

Խնդրի լուծում

Հարկավոր է ամեն կերակրումից առաջ կուրծքը մերսել և մի քիչ կթել (ձեռքով կամ կթիչով), որպեսզի այն փափկի և երեխային հեշտ լինի ծծել։ Միաժամանակ կերակրելու հետ կարող եք մերսող շարժումներով կաթը մղել դեպի երեխան և դրանով ևս հեշտացնել կերակրման պրոցեսը։

Որպեսզի կթելու պրոցեսը լինի մաքսիմալ հեշտ ու անցավ, հարկավոր է տաքացնել կրծքագեղձը, որպեսզի կաթնատար ծորանները լայնանան և կաթի արտահոսքը հեշտ լինի։ Դրա համար կարող եք տաք կոմպրեսներ օգտագործել կամ պարզապես կանգնել տաք ցնցուղի տակ։

Գերլցված կրծքերի պատճառներից մեկը կարող է լինել նաև հետին կաթի կանգը կրծքագեղձում։ Կրծքի կաթը կարելի է պայմանական բաժանել առաջնային կաթի, որն ավելի ծորուն է, հարուստ վիտամիններով ու միկրոէլեմենտներով և հետին կաթի, որն ավելի մածուցիկ է և հարուստ սպիտակուցներով ու ճարպերով։ Որոշ երեխաներ թուլության կամ պարզապես ծուլության պատճառով ծծում են միայն առաջային կաթը և քնում։ Առաջային կաթը չի բավարարում երեխայի աճող օրգանիզմի պահանջները, և այսպիսի երեխաները քնում են ավելի կարճ և ուտում են ավելի հաճախակի։ Այսպիսի դեպքերում երեխան կարճատև ծծելուց հետո քնում է։ Առաջային կաթի ցածր էներգետիկ արժեքի պատճառով երեխան շուտ սովածանում և կրկին կուրծք է պահանջում։ Այս դեպքում հարկավոր է առաջարկել նրան ոչ թե մյուս կուրծքը, որն ավելի լցված է, այլ այն կուրծքը, որում երեխան արդեն դատարկել է առաջային կաթը։

Երբ կհամոզվեք, որ երեխան և՛ առաջային, և՛ հետին կաթն ուտելուց հետո հագեցել է, հարկավոր է կուրծքը դատարկել մնացորդային կաթից, որպեսզի խուսափեք այնտեղ կանգային երևույթներից և խթանեք կրծքագեղձը կաթի հաջորդ չափաբաժնի արտադրության համար, քանի որ պարբերաբար մասնակի դատարկվող կրծքում կաթի արտադրությունը դանդաղում է։

Խնդիրոչ ճիշտ կրծքին մոտեցում

Այս դեպքում երեխան բռնում է ոչ թեարեոլան, այլ ծծում է միայն պտուկը և կաթ չի ստանում։ Արդյունքում՝ նա կաթ չի ստանում և վրդովվում է։ Այս դեպքում երեխան կարող է նաև պտուկի վնասվածք առաջացնել։

Խնդրի լուծում

Պահեք երեխային ձեր գրկում, մինչև որ նա հանգստանա։ Զրուցեք նրա հետ, ձեր ձայնը կհանգստացնի նրան։ Երբ նա կհանգստանա, նորից մոտեցրեք կրծքին՝ նախապես թրջելով պտուկը կաթով։ Թեթև սեղմեք արեոլան մատներով, որպեսզի երեխային ավելի հեշտ լինի բռնել այն։ Հետևեք, որ նա չսահի ձեր պտուկի վրայից կերակրման ընթացքում։

Խնդիրկաթի տհաճ համ

Նորածնի լեզվի համի զգայարաններն ավելի շատ են, քան մեծահասակինը, իսկ կաթի համը կարող է փոխվել՝ կախված մոր ռացիոնից։ Սուր հոտով և համով ուտելիքները (օրինակ՝ սոխ, սխտոր, ծաղկակաղամբ, ծխեցված կամ սուր համեմված ուտելիքը) կարող են փոխել կաթի համը և զզվանք առաջացնել երեխայի մոտ կաթի հանդեպ։ Նման հատկությամբ են օժտված նաև մի շարք դեղամիջոցներ։

Խնդրի լուծում

Մի կերեք այն, ինչ չի սիրում ձեր երեխան։ Դեղորայք օգտագործեք  հազվադեպ և բժշկի նշանակմամբ։

Խնդիրմոր անսովոր հոտ

Նորածին երեխան գտնում է մոր կուրծքը հոտով և ավելի հանգիստ է քնում մոր հագուստով ծածկված։ Իսկ եթե մայրը կրում է ուրիշի հագուստը, օգտագործել է ուրիշ օծանելիքը կամ ինչ-որ այլ պատճառով փոխել է իր բնական հոտը, ապա երեխան կարող է չճանաչել նրան։

Խնդրի լուծում

Լոգանք ընդունեք մանկական օճառով և մի քողարկեք ձեր բնական հոտն օծանելիքով կամ այլ խնամքի պարագաներով։ Փոխեք ձեր հագուստը և կրեք միայն ձեր հագուստը։ Կաթի համը փոխվում է նաև՝ կապված դաշտանային ցիկլի հետ, սակայն երեխան հաճախ ընտելանում է դրան։

 

Երեխայի կողմից հանդիպող պատճառներ

Խնդիրլեզվի սանձիկ

Որոշ նորածինների մոտ լեզվի սանձիկը կարող է ձգվել մինչև լեզվի ծայրը։ Այս դեպքում երեխան չի կարողանում նորմալ ծծել մոր կուրծքը։

Խնդրի լուծում

Դիմեք մանկական դիմածնոտային վիրաբուժի։

Խնդիրերեխայի ներքին հիվանդություն

Կաթնախտ՝ զննեք երեխայի բերանի խոռոչը, եթե լեզվի, լնդերի և այտերի մակերեսին առկա է սպիտակ փառ: Դա կարող է լինել Կանդիդոզային ինֆեկցիա։ Երեխային պարզապես ցավոտ է ինչ-որ բան վերցնել բերանը։

Երեխայի տրամադրության և ախորժակի անկումը կարող  կապված լինել նաև այլ հիվանդության հետ։ Այդ պատճառով հարկավոր է նման դեպքերում դիմել մանկաբուժի։

Խնդրի լուծում

Դիմեք մանկաբուժի խնդրի լուծման համար։

Մաքրեք և ախտահանեք երեխայի խաղալիքները։ Հետևեք ձեր կրծքերի հիգիենային։

Խնդիրհարբուխ

Արտահայտված քթային արտադրությունը կամ քթում չոր կեղևները խոչնդոտում են երեխայի շնչառությունը կերակրման ժամանակ։

Խնդրի լուծում

Հարկավոր է մաքրել քիթն ավելորդ արտադրությունից։ Կաթեցրեք 1-2 կաթիլ ֆիզիոլոգիական լուծույթ ամեն քթանցքը և քթային արտածծիչով (ասպիրատոր) դուրս բերեք ավելորդ լորձը շնչուղիներից։ Սենյակի օդը պետք է լինի ոչ շատ տաք և խոնավ։ Տաք և չոր օդը խնդիրն ավելի է խորացնում։

Խնդիրգազեր (կոլիկա)։ Կերակրման ժամանակ երեխան հանկարծ բաց է թողնում կուրծքը, կտրուկ լացում (կարծես ցավից,) ձգվում է, ծնկները ծալում է և հաճախ գազեր է բաց թողնում։

Խնդրի լուծում

Երեխաները կերակրման ընթացքում նաև օդ են կուլ տալիս։ Ամեն կերակրումից հետո պահեք երեխային ուղղահայաց, գլուխը փոքր-ինչ խոնարհված դիրքում և սպասեք, մինչև նա կգխտա։ Կերակրելիս կպցրեք երեխայի փորիկը ձեզ, որպեսզի տաքությունը հեշտացնի գազերի հեռացումը։ Եթե երեխային դուր է գալիս պառկել փորիկի վրա, ապա կերակրելուց առաջ թողեք նրան այդ դիրքով 15 րոպե, քանի որ այդ դիրքում գազերն ավելի հեշտ են դուրս գալիս։ Հետևեք ձեր ռացիոնին. լոբազգիները, կաղամբը, մեծ քանակով գլյուկոզա պարունակող մթերքը երեխայի մոտ առաջացնում են արտահայտված գազագոյացում աղիներում։

Խնդիրանսովոր շրջակա միջավայր

Կրծքով կերակրումը ամենասերտ շփումն է մոր և երեխայի միջև և ոչ մի բան չպետք է ձեզ կամ ձեր երեխային շեղի այդ պրոցեսից։  Բարձր ձայնը, ուժեղ լույսը, սուր հոտը կամ մոր անուշադրությունը կարող է տագնապ առաջացնել երեխայի մոտ և հանդիսանակ կրծքից հրաժարման պատճառ։

Խնդրի լուծում

Կրծքով կերակրման ժամանակ աշխատեք անջատվել առօրյա հոգսերից։ Զբաղվեք միայն ձեր երեխայով, խոսեք նրա հետ (ձեր ձայնը նրա համար ամենահարազատ ձայնն է)։ Հարմար դիրք ընդունեք և՛ ձեր, և՛ ձեր երեխայի համար։ Ընտրեք լուռ և միջին լուսավորության սենյակ։ Կրծքով կերակրման ժամանակ ուրիշ գործողությամբ մի զբաղվեք, այդ ժամանակ չկա ավելի կարևոր գործ, քան այն գործը, որով դուք զբաղված եք։

Խնդիրծծակ և արհեստական սնունդ

Ցանկացած դեպքում հետդարձի ճանապարհ կա։ Եթե ինչ-որ պատճառով երեխան ստիպված սնվել է արհեստական կաթնախառնուրդով, դա պատճառ չէ հրաժարվելու կրծքով կերակրումից։ Մոր կրծքից կաթ քաշելն ավելի բարդ է, քան ծծակից, և երեխան (ինչպես նաև բոլոր մեծահասակները), իր ծուլությունից ելնելով, նախընտրում է ավելի հեշտ մեթոդը։ Խնդրի լուծման համար, եթե երեխան սոված է, բայց ոչ նյարդայնացած,  սկզբում առաջարկեք նրան ձեր կուրծքը, որից հետո տվեք արհեստական կաթը ոչ թե ծծակով, այլ գդալով կամ բաժակով։

Ծծակի ոչ անատոմիական ձևը նույնպես դժվարացնում է երեխայի ադապտացիան մոր կրծքին, քանի որ երեխան տևական ժամանակ ծծելով ծծակը՝ սովորում է այդ ձևին և կրծքի ձևը նրա համար դառնում է անսովոր՝ պահանջելով ժամանակ ու համբերություն մոր կողմից, որպեսզի երեխան նորից ընտելանա կրծքին։

 

Նյութը ներկայացրեց «Շենգավիթ» ԲԿ-ի «Նորածնային վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունք»-ի նեոնատոլոգ Արթուր Ս․ Ջանազյանը

Գովազդ