«Կապ չունի՝ մայրիկի մոտ առկա է ալերգիա, աղիքային վարակ, թե գրիպ ու ջերմություն, նա փոքրիկին կրծքով կերակրել կարող է։ Թվարկվածները հակացուցում չեն հանդիսանում»,- ասում է կրծքով կերակրման խորհդատու Անուշ Սաքանյանը։
Մասնագետի ընդգծմամբ՝ որքան էլ ջերմությունը բարձր լինի, կրծքով կերակրելը շարունակել կարելի է, եթե մայրիկն ի վիճակի է: Կրծքի կաթը բարձր ջերմությունից կրծքի մեջ չի կարող թթվել կամ փչանալ։ Սա շեշտելն անհրաժեշտ է, քանի որ շատերի մոտ կա նման թյուրըմբռնում։ Գրիպի ժամանակ հավանական է, որ փոքրիկը նույնպես վարակված լինի։ Այս դեպքում կրծքի կաթում պարունակվող հակամարմինները կօգնեն դիմակայել հիվանդությանը։ Աղիքային ինֆեկցիաների ժամանակ արդեն մեծագույն վտանգը երեխայի ջրազրկումն է, իսկ կրծքի կաթը՝ օրգանիզմի կողմից լավագույն կերպով յուրացվող հեղուկը, լավագույն լուծումն է այդ խնդրի։
Կրծքով կերակրումը մշտապես կամ ժամանակավոր կարող է դադարեցվել, եթե երեխայի մոտ կան հազվագյուտ հանդիպող բնածին նյութափոխանակության խանգարումներ (գալակտոզեմիա, ֆենիլկետոնուրիա, «թխկու օշարակի հիվանդություն»), մոր մոտ խնդիրներ՝ լյարդի, երիկամների շատ լուրջ հիվանդություններ, սրտային անբավարարություն, սեպսիս, տուբերկուլյոզի բաց տեսակ (բուժումից հետո կրկին կարելի է կերակրել), ծանր հոգեկան հիվանդություններ (կարելի է կերակրել կկ համատեղելի բուժման դեպքում ու բժշկի թույլտվությամբ հատուկ հսկողության տակ), հասարակ հերպես, երբ թաց բշտիկ կա արեոլայի շրջանում, կատարվում է բարձր տոքսիկություն ունեցող դեղորայքով բուժում (քիմիոթերապիա, ռադիոակտիվ նյութերի ընդունում)։
Նյութը կազմելիս օգտվել ենք մասնագետի ֆեյսբուքյան հրապարակումներից