Ճի՞շտ է, որ նորածին երեխան չի տարբերում գիշերը և ցերեկը

Նորածին փոքրիկներն իրապես չեն տարբերակում, թե երբ է ցերեկ, երբ՝ գիշեր:

Այս բալիկներն օրվա մեծ մասն անցկացնում են քնած (մինչև 18 ժամ), և նրանց քունը բաղկացած է լինում կարճ ընդմիջումներից (մեկ ցերեկային քունը տևում է 20 րոպեից մինչև 4 ժամ, իսկ արթուն ժամանակը տատանվում է 20 րոպեից մինչև 60 րոպեի միջակայքում): Կյանքի առաջին շաբաթներին պետք չէ սպասել, որ բալիկը կապրի հստակ ռեժիմով: Ի վերջո, երեխայի ներքին կենսաբանական ժամացույցը ձևավորված չէ, ու նրա դեպքում առաջնահերթությունը պատկանում է սնմանը։ Որոշ երեխաներ ուտելու համար արթնանում են գիշերը 2-3 անգամ, իսկ մյուսներին դա շատ ավելի հաճախ է պետք գալիս: Այդ ամենը կախված է երեխայի անհատական ​​կարիքներից, որոնք պետք չէ տեղավորել խիստ ռեժիմի մեջ։

Մեկ ամսականում նպատակահարմար է խոսել ոչ թե ռեժիմը պահպանելու, այլ բալիկի մոտ ժամանակի ճիշտ զգացողությունն առօրյա գործողությունների միջոցով «կարգավորելու» մասին։ Առավոտյան, երբ փոքրիկն արթնանում է, պետք է վարագույրները բացել և արթուն ժամանակ նրան պահել բնական լույսի ներքո։ Արթնության պահին տանը պետք չէ սահմանափակել աղմկոտ գործունեությունն ու շփումը հարազատների հետ, պետք չէ իջեցնել հեռուստացույցի կամ հեռախոսի ձայնը, անջատել փոշեկուլը: Գիշերն անհրաժեշտ է վառ լույս չմիացնել, ապահովել մթություն, նույնիսկ կերակրման և տակդիրը փոխելու ժամանակ պայծառ լույս չօգտագործել։ Գիշերվա ընթացքում պետք չէ երեխային զվարճացնել հաղորդակցությամբ ու խոսել։ Ծնողները պետք է խոսեն հնարավորինս քիչ և հանգիստ, ցածր տոնով:  Այսպիսով, նորածնի համար առավել հեշտ կլինի ճանաչել ցերեկն ու գիշերը, ինչը դրականորեն կանդրադառնա ոչ միայն երեխայի առողջության, այլև ծնողների վրա։

Ամեն դեպքում, հարկավոր է մեկ անգամ էլ վերհիշել՝ յուրաքանչյուր երեխայի օրվա ռիթմն անհատական ​​է։ Մի երեխան ծնվել է ժամանակին և հեշտությամբ, մյուսը՝ կեսարյան հատման ճանապարհով, ինչ-որ մեկն էլ՝ ժամանակից շուտ և բարդություններով։ Հետևաբար երեխաների մի մասը կարող է շատ քնել, երկրորդ մասն՝ անընդհատ լաց լինել, ձգվել դեպի մոր կուրծքը, անհանգիստ քնել։ Նոր պայմաններին հարմարվելու ճանապարհին հանդիպելու են բազում այլ դժվարություններ նույնպես՝  փսխման խնդիր, փորկապություն, փորլուծություն, աղեխիթեր և այլն։

 

 

Թարգմանության աղբյուր՝ sleep-expert.ru և spimalysh.ru