Կրծքով սնուցումը Հայաստանում կարող է տարեկան 60 եւ ավելի երեխայի կյանք փրկել

Սնունդ

 

Կանանց շուրջ 97 տոկոսը կարող է կրծքով կերակրել նորածին երեխային` բացառությամբ բժշկական ցուցումներով պայմանավորված փոքրաթիվ դեպքերի: Կրծքով սնուցումը կարող է Հայաստանում տարեկան 60 եւ ավելի երեխայի կյանք փրկել: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Վստահություն» առողջապահական հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա

 

Կանանց շուրջ 97 տոկոսը կարող է կրծքով կերակրել նորածին երեխային` բացառությամբ բժշկական ցուցումներով պայմանավորված փոքրաթիվ դեպքերի: Կրծքով սնուցումը կարող է Հայաստանում տարեկան 60 եւ ավելի երեխայի կյանք փրկել: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Վստահություն» առողջապահական հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա

Հարությունյանը նշեց, որ կրծքով սնուցումը Հայաստանում ունի խրախուսման, իսկ արհեստական կաթնախառնուրդների մարքեթինգի հետ կապված քարոզչությունը` օրենսդրական կարգավորման կարիք:

«Նորածնին կրծքով սնուցելն անհրաժեշտություն է, ինչին կարող են հակափաստարկել միայն քիչ թվով` առեւտրային շահեր ունեցող մարդիկ»,- ասաց Հարությունյանը: Նրա խոսքով` կրծքով սնուցումից զրկված երեխաները մոտ 20 անգամ ավելի հաճախ են հիվանդանում փորլուծությամբ, չորս անգամ ավելի շատ են մահանում թոքաբորբից, համեմատ ցածր զարգացվածության մակարդակ ունեն, մեծ է այլ, այդ թվում` քրոնիկ հիվանդությունների զարգացման վտանգը:

Առողջապահական համաշխարհային կազմակերպության տվյալներով` կրծքով սնուցման միջոցով նվազում  է մանկական մահացությունը. կազմակերպությունը սահմանում է նաեւ, որ մինչ 6 ամսական երեխաների համար արհեստական կաթնախառնուրդները պետք է տրվեն միայն դեղատոմսերով:

Դեռեւս 30 տարի առաջ ԱՀԿ-ն հանդես է եկել կրծքի կաթի արհեստական նյութերի վաճառքի արգելման մասին օրենսգրքով: «Նույն գաղափարը նաեւ մեր օրենքում է ներկայացված: Ոչ ոք չի պարտադրում ոչինչ, յուրաքանչյուր երեխա իրավունք ունի կրծքով կերակրվելու, սակայն միաժամանակ յուրաքանչյուր կին ինքն է որոշում, թե ինչ եղանակով սնուցել իր երեխային»,-ասաց Հարությունյանը:

Կաթնախառնուրդը շահութաբեր բիզնես է

Կրծքով սնուցման ցուցանիշները հանրապետությունում անկման միտում են գրանցում, որին նպաստում է կանթախառնուրդների վաճառքը եւ հակաօրինական քարոզչությունը` զանգվածային լրատվական միջոցների եւ արտաքին գովազդի շնորհիվ:

«Մենք կանգնում ենք մի իրավիճակի առաջ, երբ չի խոչնդոտվում կամ վերահսկվում կաթնախառնուրդների վաճառքը կամ նրանց անվճար բաժանումը ծննդատներում, բուժ-հաստատություններում»,- ասաց Հարությունյանը: Նրա տեղեկացմամբ` 2011 թվականին կազմակերպության իրականացված մոնիթորինգի արդյունքները փաստում են, որ «Գովազդի մասին օրենք»-ում կաթնախառնուրդների գովազդի լուրջ խախտումներ են արձանագրվում:

«Երեխաների կրծքով սնուցման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին» օրենքի նախագիծը 2011 թվականի հուլիսի 28-ից պատոնական շրջանառության մեջ է դրվել ՀՀ Ազգային Ժողովում, սակայն  ԱԺ գումարման ժամկետի ավարտով պայմանավորված խորհրդարանը այն չի հասցրել քննարկել: Ակնկալվում է, որ քաղաքացիական հասարակության ջանքերով նախագծի կարեւորությունը կներկայացվի նոր գումարման խորհրդարանին:

«Օրենքի ընդունումը կնպաստի կաթնախառնուրդների վաճառքը խրախուսող գովազդի դադարեցմանը, անվճար նմուշների, զեղչի կտրոնների տարածմանը բուժհաստատություններում, ինչպես նաեւ մայրերին, աշխատողներին կաթնախառնուրդներ արտադրող ընկերությունների կողմից նվերների տրամադրմանը»,- պարզաբանեց Հարությունյանը: Նրա գնահատմամբ` իրականում բավականին դժվար է հայտնաբերել այդ խախտումներն առողջապահական հաստատություններում, սակայն դրա վառ օրինակն է` որոշակի ապրանքանիշի տարբերանշանով խալաթ կրող բժիշկը, ով «քայլող գովազդ» է, տվյալ ընկերության գովազդային պաստառները, գրիչներ, բլոկնոտները:

Կաթնախառնուրդների օգտագործումը ռիսկային է մի շարք պատճառներով

Երեխաները մեկ տարի շարունակ պետք է ստանան այն նույն  կաթնախարնուրդ արտադրող ընկերության արտադրանքը, որը ստացել են կյանքի առաջին օրերին, քանի որ խորհուրդ չի տրվում փոխել կաթնախառնուրդի տեսակը: Միջազգային օրենքներով թույլատրելի է կաթնախառնուրդների օգտագործումն առանց բժիշկի ցուցման, եթե այն անհրաժեշտ է մասնագիտական գնահատման կամ հետազոտությունների իրականացման համար: Հայաստանում օրենքի նախագծի հաստատմամբ կվերանայվեն, մասնավորապես, որոշակի առողջական պնդումների քարոզմանը վերաբերող դրույթներ, ինչպես նաեւ կներառվեն մոնիթորինգի մեխանիզմներ եւ պատժամիջոցներ:

Դեռ հստակեցված չէ պատժամիջոցների դրակաման չափը, քանի որ Հարությունյանի կարծիքով, եթե բուժաշխատողի համար որպես պատիժ օրենքի խախտման դեպքում սահմանվող 200 հազար դրամը շատ է, ապա կաթնախառնուրդ արտադրող ընկերության համար առանձնապես մեծ գումար չէ:

Արհեստական կերեր արտադրողները չեն վախենում օրենքի ընդունումից

Կաթնախառնուրդներ արտադրող Nestle ընկերության Հայաստանում պաշտոնական ներկայացուցիչ Premier Foods ընկերության վաճառքի տնօրեն Արամ Սահակյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ իրենց կազմակերպությունն Առողջապահական համաշխարհային կազմակերպության անդամ է եւ խստիվ հետեւում է կաթնախառնուրդների օրինական վաճառքի բոլոր չափանիշներին: Նրա գնահատմամբ` կաթնախառնուրդների վաճառքը ընկերությունն իրականացնում է օրենքի եւ միջազգային կազմակերպությունների պահանջներին համապատասխան` առաջիկա օրենսդրական փոփոխությունները չհամարելով արտադրանքի սպառման կանխատեսելի անկման առիթ:

«Միջազգային ցուցանիշների համեմատ մեր ցուցանիշները վատը չեն: Պատժամիջոցներ մինչ օրենքի նախագծի ներդրումը մեր երկրում չեն կիրառվել` պատասխանատուներին պատժի ենթարկելու համար»,-«Արմենպրես»-ին ասաց ՀՀ առողջապահության նախարարության Մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը: Նրա տեղեկացմամբ` եղել են հաջողված օրինակներ, երբ ոլորտի մասնագետները միջամտել են ռադիո եւ հեռուստաընկերություններին չորս ամսական երեխաների համար նախատեսված հակաօրինական շիլա (շիլաներ, այլ տեսակի արհեստական մանկական սնունդը թույլատրելի է միայն 6 ամսականից սկսած) գովազդող տեսահոլովակների եթերից հանման խնդրանքով եւ տվյալ գովազդը հանվել է եթերից:

«Բացի մասնագիտական աջակցությունից, անհրաժեշտ է նաեւ ընտանիքի հոգեբանական աջակցությունը կրծքով սնուցող կնոջը»,-հավելեց Սարիբեկյանը: Կրծքով կերակրումը խրախուսելու համար անհրաժեշտ են իրականացնել համապատասխան միջոցառումներ, տպագրել ուղեցույցներ, որոնք կարող են դառնալ յուրօրինակ սեղանի գիրք կանանց համար:

Ժողովրդագրական եւ առողջապահական վերջին հետազոտության տվյալների համաձայն` կրծքով կերակրելու տեւողության ցուցանիշը հանրապետությունում 2005 թվականին  0.8 էր, 2010-ին գրանցել էր աճ` հասնելով 1.8-ի:

«Վստահություն» առողջապահական հասարակական կազմակերպությունն իրականացնում է ստորագրահավաք` կրծքով սնուցման խրախուսմանն ու պաշտպանությանն ուղղված օրենսդրական նախաձեռնության օգտին` HS-STAR կազմակերպության միջոցով, որին վիրտուալ տիրույթում միացել է 800, իսկ իրական կյանքում 300 մարդ: Ստորագրահավաքին մասնակցել է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, այլ հասարակական- քաղաքական գործիչներ:

Կրծով սնուցման համաշխարհային 20-րդ շաբաթվա շրջանակներում հոկտեմբերի 16-ին Հյուսիսային պողոտայում իրականացվեց ֆլեշ մոբ, որն ուղղված էր կրծքով սնուցման խրախուսմանը:

Կրծքով կերակրելուց խուսափելու բացասական հետեւանքներն անթիվ են

ԱՀԿ-ի տվյալներով` Աշխարհում տարեկան 1,5 միլիոն երեխա է մահանում կրծքով սնուցման բացակայության պատճառով: Արհեստական սնվող երեխայի մինչ 1 տարեկանը` միայն կաթնախառնուրդներով ապահովելու համար Հայաստանում օրական պահանջվում է միջինը 300- 600 դրամ, չհաշված շշերի, ծծակների, վառելիքի վրա ծախսվող գումարները:

Ամեն տարի ՀՀ առողջապահության նախարարությունը բյուջեից զգալի գումար է հատկացնում պետական պատվերի շրջանակներում այն դեպքերի հոսպիտալացման համար, որոնք կարող են կանխվել կրծքով օպտիմալ սնուցման միջոցով: Արհեստական սնուցումն աղտոտում է նաեւ շրջակա միջավայրը:

Պատրաստեց Տաթեւիկ Գրիգորյանը

Գովազդ