Ինչքա՞ն և ի՞նչ հաճախականությամբ կերակրել նորածնին

Սնունդ

Կրծքով կերակրելիս պետք  է ուշադիր հետևել երեխային, ոչ թե ժամացույցին:

Կյանքի առաջին շաբաթվա ընթացքում երեխան ծծում է տարբեր հաճախականությամբ, բայց դեռ չի կարողանում լավ ծծել: Երբեմն կերակրելը մեկ ժամից երկար է տևում, որովհետև փոքրիկը մերթընդմերթ քնում է, քիչ հետո արթնանում ու  շարունակում ծծել: Պետք է հիշել, որ հաճախակի և երկար կերակրելն օժանդակում է կաթնարտադրությանը նպաստող հորմոնների առաջացմանը:

Պտուկը չի վնասվի, եթե կերակրելիս  մայրը հետևի իր և փոքրիկի դիրքին:

«Ծույլ» նորածնի  կշտալնալու համար ավելի երկար ժամանակ է հարկավոր, իսկ եռանդուն փոքրիկը հինգ րոպեում հագենում է: Իհարկե, ժամանակի ընթացքում մայրը և նորածինը ավելի լավ են հասկանում իրար, և հագենալու համար փոքրիկին բավարարում  է 10-15 րոպե,թեպետ նրանցից շատերը երկար են ծծում, իսկ ոմանք կարճ:

Կյանքի առաջին ամիսներին երեխան յուրաքանչյուր  երկու ժամը մեկ անգամ սնվելու կարիք ունի, հետագայում ընդմիջումը աստիճանաբար  մեծանում է: Պետք է երեխային կուրծք տալ իր ուզած պահին և իրեն հարկավոր տևողությամբ, որպեսզի ստանա  անհրաժեշտ քանակով կաթ: Երբ կաթնարտադրությունը կարգավորվում է, և երեխայի ու մոր միջև հաստատվում է կյանքի փոխադարձ հարմար ռիթմ, արդեն կարելի է փորձել երեխային հանգստացնելու ուրիշ միջոցներ ևս:

Մայրը չպետք է մտահոգվի ծծած կաթի ծավալով, որովհետև միևնույն ծավալով արտադրված կաթը օրվա տարբեր ժամերին խիստ տարբեր է սննդային բաղադրամասերի պարունակությամբ:

Գովազդ