Կրծքով կերակրելու առավելությունները

Սնունդ

Բնությունը հոգացել է, որ երեխայի ծննդի հետ ապահովվի նաև նրա սնունդը։ Մոր կրծքերը սկսում են արտադրել կաթնախեժ, որը ոչ միայն հագեցնում է երեխայի քաղցը, այլև պաշտպանում է նրան ամենատարբեր հիվանդություններից։

Կրծքով սնուցումը սկսեք հետծննդյան առաջին ժամվա ընթացքում։ Բժիշկները խորհուրդ են տալիս մայրիկներին երեխայի ծննդից անմիջապես հետո գրկել փոքրիկին, որպեսզի նրա մաշկը շփվի մոր մաշկի հետ։ Այդ շփումը պետք է տևի այնքան, մինչև երեխան գտնի կուրծքը, սկսի և ավարտի իր առաջին կերակրումը։

Կրծքի կաթի բաղադրությունն անընդհատ փոփոխվում է և միշտ պարունակում է բոլոր սննդային բաղադրամասերը, որոնց կարիքն ունի երեխան տվյալ պահին։ Կրծքի կաթն արագ և հեշտությամբ է յուրացվում, միշտ պատրաստ է կերակրելու պահին, մաքուր է և մանրէներ չի պարունակում։

Կրծքի կաթը պաշտպանում է մանկանը վարակներից։ Կրծքով սնվող երեխաները արհեստական սնունդ ստացողների համեմատ ավելի հազվադեպ են հիվանդանում փորլուծությամբ, շնչուղիների և միջին ականջի սուր բորբոքումով, մենինիգիտով, սեպսիսով, միզուղիների վարակով, թերսնուցմամբ և այլ հիվանդություններով։ Կրծքով սնուցումը նպաստում է երեխայի մտավոր զարգացմանը, ինչպես նաև մոր և մանկան միջև մտերմիկ կապի և սիրո առաջացմանը։

Կրծքով կերակրելը հետագայում նվազեցնում է գիրության, շաքարախտի, քաղցկեղի, հավկուրության, ատամների կարիեսի և այլ քրոնիկ հիվանդությունների զարգացման հավանականությունը։

Կրծքով կերակրելն առողջարար է նաև մայրիկի հմար։ Կրծքով կերակրած կանայք ավելի քիչ են հիվանդանում կրծքագեղձերի և ձվարանների քաղցկեղով, սակավարյունությամբ, ոսկրերի դյուրաբեկությամբ։ Կրծքով կերակրելը օգնում է մորը արագ վերականգնել նախկին մարմնակազմությունը։ Բացի դա, հաճախակի կերակրումները պաշտպանում են նրան նոր հղիությունից։

 

Երբ կերակրել երեխային

 

Երեխային կերակրեք ըստ նրա պահանջի՝ այնքան հաճախ և այնքան երկար, որքան նա ցանկանում է, լինի գիշեր, թե ցերեկ։ Դա հնարավորություն կտա մորը բավարարել երեխայի պահանջները, քանի որ արտադրվող կաթի քանակը կախված է երեխայի կերակրման հաճախականությունից և տևողությունից։ Այնուամենայնիվ հիշեք, որ նորածիններին պետք է կերակրել օրական առնվազն 8-10 անգամ, քանի որ որոշ նորածիններ երկար են քնում, կերակրում չեն պահանջում, որի հետևանքով կարող են քաշը կորցնել։ Նման իրավիճակում պետք է երեխային արթնացնել և կերակրել։

Պետք չէ սպասել, մինչև երեխան լացով կերակրում պահանջի։ Քաղցած երեխաները ձեռքերը բերանն են տանում, առատ թքարտադրություն են ունենում, բերանով և լեզվով ծծելու շարժումներ են անում՝ կարծես արդեն կերակրվում են։ Ճիչը և լացը սնունդ պահանջելու վերջին հուսահատ եղանակներն են։ Երբ երեխային ամուր բարուրում են կամ ծծակ են տալիս, քաղցածության նշաններն ընկալելը դժվարանում է։

Թույլ տվեք, որ երեխան ինքն ավարտի կերակրումը։ Երբեմն նա կուրծքը թողնում է, մի փոքր հանգստանում է և նորից կերակրում պահանջում։ Առաջարկեք նույն կուրծքը, իսկ եթե հրաժարվում է արդեն դատարկ կուրծքը ծծելուց, բայց դեռ քաղցած է, առաջարկեք մյուս կուրծքը։

 

Աղբյուրը՝ Առողջապահության նախարարություն

Գովազդ