Ի՞նչ մահճակալ ընտրել փոքրիկի համար և որտե՞ղ դնել

0-3ամիս

«Պատուհանի մոտ չտեղադրենք, այնպես անենք՝ հեռու լինի վարդակներից, հոսանքի աղբյուրներից, լարերից, չամրացված պահարանից կամ սեղանից, որի վրա տարբեր իրեր են դրված»․ քնի մասնագետ Աստղ Նադիրյանի խոսքով՝ մայրիկն ու հայրիկը հենց այս կերպ պետք է  որոշեն երեխայի մահճակալի տեղը սենյակում։

Նրանք նկատի պետք է ունենան, որ երեխան մեծանում է, հետևաբար  կարող է մի օր որոշել մահճակալից բարձրանալ պահարանի վրա կամ ձեռքը գցել լարին, այնպես որ պետք է  գնահատել սենյակի բոլոր վտանգավոր վայրերը։

Հիմա անցնենք բուն մահճակալին: Մասնագետն ասում է, որ հարկավոր է ուշադրություն դարձնել որակին, ամրությանը․ հաճախ որքան պարզ ու ֆունկցիոնալ է, այնքան լավն է լինում։ «Անվտանգ քնի կանոնների համաձայն՝ երեխան պետք է առնվազն մինչև վեց ամսականը քնի ծնողների հետ նույն սենյակում։ Նորածնի համար կարելի է գնել փոքրիկ օրորոց կամ զամբյուղ-մահճակալ։ Այնուհետ պետք է դիտարկել մանկական մահճակալ, որի հատակը կլինի իջնող ու կհարմարվի բալիկի մեծացող հասակին»,- նշում է նա։    

Շատ կարևոր է, որ մահճակալը պատրաստված լինի անվտանգության չափորոշիչներին համապատասխան նյութերից, հատկապես կարևոր են ներկը կամ լաքը, որովհետև փոքրիկները հաճախ են կրծում մահճակալի ճաղերը։ Բնական փայտը լավագույն լուծումն է, սակայն կան մետաղից ու կտորից պատրաստված մանեժներ, որոնք կրկին վատ լուծում չեն համապատասխան տարիքային խմբի համար։ Մահճակալի ճաղերի առկայությունը մինչև երեք տարեկանի դեպքում ցանկալի է, քանի որ մոտավորապես այդ շրջանում է երեխան սկսում հասկանալ, որ պետք է մնալ մահճակալի մեջ։ Ավելի վաղ տարիքում բաց մահճակալը կարող է գիշերային զբոսանքների պատճառ դառնալ, փոքրիկն իջնի ու շրջի տնով մեկ։ Սա անվտանգ չէ։ Իհարկե, կան երեխաներ, որ մանկուց ճանաչում են ազատությունը, քնում են «Մոնտեսսորի» մահճակալի մեջ, որը, որպես կանոն, ուղղակի ներքնակ է՝ դրված գետնին։  

Վտանգավոր է սխալ ընտրված, անորակ մահճակալը։ Դրա պատճառով երեխան կարող է մեխանիկական վնասվածքներ ստանալ։ Օրինակ՝ եթե կողային մասերը լավ ամրացված չեն, ընկնի ու մնա դրանց արանքում կամ գլուխը մնա շատ լայն ճաղերի արանքում։ Փոքրիկի մահճակալի գլխամասում խաղալիքներ կախելու անհրաժեշտություն չկա, որովհետև մահճակալը պետք է ասոցացվի քնի հետ և ոչ՝ խաղի։

Մոբիլները գեղեցիկ և զարգացնող խաղալիքներ են, բայց մահճակալի վրա դրանք ավելի շատ դեկորատիվ դեր ունեն։ Նստելու տարիքից սկսած՝ ձգվող փոքրիկը կարող է քաշել այն, կոտրել և վտանգավոր իրավիճակ ստեղծել։ Աստղ Նադիրյանը կարևորում է ոչ միայն մահճակալի ճիշտ ընտրությունն, այլև ներքնակի։ Նորածնի համար հարկավոր է ընտրել կոշտ ներքնակ։ Ցանկացած փափուկ բան, որի մեջ կարող է խրվել փոքրիկի դեմքը, շնչահեղձության վտանգ է առաջացնում։ Այն անհրաժեշտ է նաև ողնաշարի ճիշտ զարգացման համար։

Մինչև երկու տարեկան երեխայի գլուխը դեռ մեծ է մարմնի համեմատ ու բարձի կարիք չկա։ Ներքնակը խնամելու կանոնների մասին էլ հարկավոր է անպայման վաճառակետում հարցնել, քանի որ նյութերից կախված՝ խնամքը տարբեր է։

 

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան