Ինչու՞ են նորածնի աչքերը «ճպռոտում» և ի՞նչ է պետք անել՝ աչքերի բորբոքումը կանխելու համար

0-3ամիս

Ինչու՞ են նորածնի աչքերը «ճպռոտում» կամ ինչու է աչքերից դեղին արտադրություն հոսում․ բժիշկ-ակնաբույժ, «Բիբ օպտիկս» ակնաբուժական կլինիկայի հիմնադիր-տնօրեն Գոհար Բիշարյանն ասում է, որ նորածնային հասակում աչքի բորբոքման հիմնական պատճառը արցունքածորանի բնածին նեղացումը կամ փակ լինելն է:

«Արցունքի բնականոն հոսքը խանգարվում է, արցունքի «կանգ» է առաջանում և որպես աղի միջավայր՝ նպաստում բակտերիալ միջավայրի զարգացմանը: Կանխարգելել այս երևույթը հնարավոր չէ, քանի որ այն պայմանավորվում է նորածնի առաջին ճիչի ժամանակ քթարցունքային ծորանի փականի մասնակի բացմամբ: Սովորաբար տվյալ խնդրի պարագայում կյանքի առաջին օրերի ընթացքում աչքերը ճպռոտում են: Երբ խոսում ենք բնածին փակ կամ նեղ արցունքածորանի պատճառով առաջացած բարդության մասին, ապա 95% և ավելի դեպքերում ելքը բարվոք է: Անհրաժեշտ է կատարել ճիշտ բուժում, որը ենթադրում է ակնակաթիլների ոչ սխալ ընտրություն և մերսում»,- բացատրում է մասնագետը և ավելացնում՝ սկզբնական շրջանում աչքերի ճպռոտումը կարող է վկայել նաև ծննդաբերական ուղիների բորբոքումների մասին:

 

Կա՞ն արդյոք պրոֆիլակտիկ գործողություններ, որոնք իրականացնելը ցանկալի է:  

Պրոֆիլակտիկ միջոցառում կարելի է համարել եռացրած-հովացրած ջրով ստերիլ անձեռոցիկի միջոցով աչքերը մաքրելը, երեխայի գլխի, մարմնի տակ մաքուր, արդուկած կտոր դնելը, որպեսզի նորածնի նուրբ մաշկը չշփվի այլ միջավայրի հետ: Շատ կարևոր է, որ երեխային քնեցնեն իր անկողնում, ոչ թե ծնողների: «Չի կարելի փորձարկումներ անել, մաքրել բորբոքված աչքերը կրծքի կաթով: Կրծքի կաթն անփոխարինելի է փոքրիկի համար, բայց միայն որպես սնունդ»,- ընդգծում է մասնագետը:

Հավելում է՝ ներկայումս երեխաների մոտ հաճախ հանդիպող ակնային հիվանդություններից են դարձել ռեֆրակցիոն խնդիրները, մասնավորապես` կարճատեսությունը: Տարատեսակ գաջեթների օգտագործումը, սմարթֆոնային և համակարգչային կախվածությունն են առաջին հերթին բացասաբար ազդում տեսողության վրա: Խնդիրների ծագման պարագայում պետք չէ զբաղվել ինքնուբուժմամբ, այլ դիմել մանկական ակնաբույժի: