Երբ ցավում են փոքրիկի ականջները․ ինչի՞ց է առաջանում ցավը և ի՞նչ կարող է անել մայրիկը

0-3ամիս

Երեխայի ականջացավի առաջացման պատճառների և բնույթի մասին «Իմ փոքրիկ»-ը զրուցել է «Ռինո» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբան Նարինե Առուշանյանի հետ:

Ականջը կազմված է երեք բաժնից՝ արտաքին, միջին և ներքին ականջ: Երեխաների շրջանում առավել հաճախ հանդիպում է միջին ականջի բորբոքումը՝ պայմանավորված կառուցվածքային առանձնահատկություններով: Նրանց մոտ միջին ականջից դեպի քիթ գնացող եվստախյան փողը  կարճ և լայն է, ուստի վիրուսներն ու բակտերիաները կարողանում են վերին շնչուղիներից  շատ արագ անցնել թմբկախոռոչ:

Մանկան մոտ ականջի բորբոքումը սկսվում է ցավով, նա դառնում է անհանգիստ, հրաժարվում է կրծքից ու լաց լինում: Դպրոցական տարիքի երեխաները գանգատվում են լսողության վատացումից, ցավից, երբեմն արտաքին լսողական անցուղուց նկատվում է արտադրություն: Հաճախ այս երևույթներն ուղեկցվում են բարձր ջերմությամբ, տենդով, գլխացավով, որոնց կարող են նախորդել քթի փակվածությունը, հարբուխը: Արտաքին ականջաբորբի մասին իմանալը ևս էական է: Այն կարող է առաջանալ կրծքով կերակրման ժամանակ բերանի եզրից դեպի ականջ կաթի ծորալուց, ավելի մեծ երեխաների մոտ՝ ծծմբային արտադրությունից, օտար մարմնից և այլն: Պակաս տարածված չեն ականջաբորբերը մանկական ինֆեկցիոն հիվանդություններից` ջրծաղկից, կարմրուկից, կարմրախտից և այլն: Որքան փոքր է երեխան, այնքան ականջի հետ կապված բարդությունն արագ է զարգանում: Պատշաճ բուժման բացակայության պարագայում հնարավոր է, որ ծագեն բարդություններ՝ ձգձգված ընթացքով բորբոքում, խլություն:

Մինչև բժշկի դիմելը երեխայի ակակջացավը կարելի է թեթևացնել ցավազրկողներով` օշարակի, մոմիկի կամ հաբի տեսքով՝ կախված տարիքից: Խորհուրդ չի տրվում ականջի կաթիլներ կիրառել, որովհետև որոշ դեղեր վտանգավոր են թմբկաթաղանթի պատռվածքի դեպքում, մյուսներն ունակ են ուժեղացնել ցավն ականջում օտար մարմնի կամ արտադրության պատճառով: Հետևաբար դեղորայքը հարկավոր է օգտագործել միայն բժշկի ցուցմամբ, եթե նա կատարել է օտոսկոպիա՝ ականջի զննում: Երբ ականջից կա արդեն արտադրություն, խորհուրդ է տրվում երեխային պառկեցնել կողքի` ցավող ականջը դեպի ներքև: Այնուամենայիվ, անհրաժեշտ է չզբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ դա կարող է անդրադառնալ երեխայի լսողության վրա հետագա ողջ կյանքի ընթացքում:

Չմոռանանք, որ միշտ պետք է պահպանել հիգիենայի կանոնները: Լոգանքն ավարտելուց, լողավազանից դուրս գալուց հետո հարկավոր է երեխայի ականջները սրբիչով լավ չորացնել, փոքրիկների պարագայում ականջի փայտիկների գործածումն այդքան էլ ցանկալի չէ: Երբ երեխայի ականջների մեջ էլ ջուր է լցվում, կարիք չկա անհանգստանալու: Առողջ ականջներում ջուր լցվելը վտանգավոր չէ: