Վիտամին D․ ե՞րբ, որքա՞ն ու ի՞նչ տևողությամբ պետք է տրվի նորածնին

0-3ամիս

«Իմ փոքրիկ»-ը զրուցել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբույժ Սոնա Եգանյանի հետ։  

Ի՞նչ դերակատարում ունի վիտամին D-ն օրգանիզմում։ Ահռելի։ Այն մասնակցում է ոսկրերի հանքայնացման գործընթացին, կարևոր հորմոնների և ֆերմենտների սինթեզին, կատարում իմուն համակարգին առնչվող որոշակի ֆունկցիաներ։ Դրա ցածր քանակություն ունեցող երեխաները հաճախ են հիվանդանում վիրուսային ու բորբոքային բնույթի հիվանդություններով։

Նորածնին վիտամին D տրվում է 500 միավոր օրական չափաքանակով, հիմնականում՝ կյանքի առաջին օրերից սկսած։  Տվյալ վիտամինի ընդունումը պարտադիր կատարվում է մինչև մեկ տարեկանը, իսկ մեկ տարեկանից հետո պրոֆիլակտիկ դոզան շարունակում են երեխաները, որոնք ունեցել են վիտամին D-ի հաստատված դեֆիցիտ, ռախիտի նշաններ։ Եթե առկա է փոքր կամ շուտ փակվող գաղթուն, ապա դա չի նշանակում՝ վիտամինը տալ պետք չէ։ Հարկ է իմանալ, որ նրա պակասորդը կարող է բերել հաճախակի կոտրվածքների, ոսկրամկանային համակարգի դեֆորմացիաների առաջացման։ Դեֆիցիտի սկզբնական նշաններից է քրտնարտադրությունը։ Իսկ ավելցուկ առաջանում է այն պարագայում, երբ պրեպարատն օգտագործում են բարձր դեղաբաժնով ու երկար ժամանակ։ Ավելցուկի կլնիկական ախտանշաններ կարող են լինել թուլությունը, գլխացավը, գրգռված վիճակը, սրտխառնոցը, փսխումը, ոսկրային ցավերը։

Ընդհանրապես, վիտամին D-ի աղբյուր հանդիսանում են արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները և այնպիսի սննդատեսակներն, ինչպիսիք են ձկնեղենը, սունկը, խավիարը, կաթնամթերքը։ Բայց հաշվի առնենք՝ մանկանը նման սնունդ դեռևս չի տրվում, մինչև վեց ամսականը երեխան չպետք է ենթարկվի արևի ճառագայթների ուղիղ ազդեցության, տվյալ հասակում չի թույլատրվում օգտագործել արևապաշտպան քսուքներ։ Փոքրիկը վիտամին D կարող է ստանալ կրծքի կաթից, սակայն չի բացառվում՝ կերակրող մայրիկի մոտ էլ լինի վիտամին D-ի պակաս ու բավարար քանակով չփոխանցվի բալիկին։ Այնպես որ, նպատակահարմար է փոքրիկին տալ այս ճարպալույծ վիտամինը՝ կաթիլների տեսքով և կրծքի կաթի հետ օրվա առաջին կեսում՝ ժամը 11։00-12։00-ը։

Ի դեպ, հաճախ են հարցնում՝ պե՞տք է վիտամին D ընդունել ամռանը։  Շեշտենք, որ վիտամին D-ի ընդունման հարցում եղանակային պայմաններն էական դերակատարում չունեն, սեզոնի վրա կենտրոնանալու կարիք չկա։