Ի՞նչ ճակատագրական սխալներ են թույլ տալիս նորաթուխ մայրիկները, որոնց պատճառով փոքրիկներն ընկնում են հիվանդանոց

0-3ամիս

Նյութը պատրաստվել է՝ հիմք ընդունելով «Շենգավիթ» ԲԿ-ի նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ավագ մասնագետ Արթուր Ջանազյանի գրառումը։

Մեծահասակները սիրում են խորհուրդներ տալ նորաթուխ մայրիկներին և հորդորել իրենց նման «փորձառու» մարդկանց լսել, անպայման շեշտում են՝ «մենք ձեզ այսպես ենք կերակրել ու խնամել, ամեն ինչ լավ է եղել»:  Բժշկագիտությունը խնամքի բազմաթիվ սխալ մեթոդներ է բացառել 21-րդ դարում, բայց շատերը երեխայի մասին հոգ տանելիս դեռ կիրառում են 18-րդ դարի միջոցներ՝ աչքերին ԿԿ կաթեցնել, հետանցքում օճառ դնել, երկարավզիկ անել, սև օճառով լողացնել և այլն: Նշվածներից զատ հիշեք․

✓  Երբ ԿԿ-ի սակավության դեպքում առաջարկեն փոքրիկին տալ ջրով նոսրացրած «խտացրած կաթ», չանե՛ք: (Բժիշկը պատմում է, որ նման դեպքի պատճառով հիվանդանոց էր ընդունվել 4 ամսական երեխա՝ գրեթե անգիտակից վիճակում, մարմարի պես սպիտակ մաշկով, 4-րդ աստիճանի ջրազրկմամբ, հիպերգլիկեմիայով և աղիքային ինֆեկցիայով)

✓ Բարուրելու և այն էլ ձիգ բարուրելու խորհուրդները շրջանցե՛ք: (Արթուր Ջանազյանը պատմում է, որ ձիգ բարուրման հետևանքով հիվանդանոց էր բերվել 2 տարեկան երեխա՝  կոնքազդրային հոդի երկկողմանի հոդախախտով: Այդ հոդերը լիարժեք առողջ դառնալու շանս համարյա չունեն)

✓ Եթե խորհուրդ տան կիրառել ջեռակ, չանե՛ք: (ըստ մանկաբույժի՝ դրա պատճառով հիվանդանոց էր ընդունվել նորածին՝ ստորին վերջույթների, հետույքի և շեքի 4-րդ աստիճանի այրվածքներով: Ոտքերի մատներն այրվել էին գրեթե ամբողջությամբ) 

Մի՛ մոռացեք, որ երեխա պլանավորելը պատասխանատվություն է, որից առաջ պետք է կրթվել և իմանալ՝ ինչպես  չվնասել երեխային, խորհուրդներ ընդունել միայն մասնագետներից: