Ի՞նչ պետք է կարողանա անել փոքրիկը 2-3 ամսականում

0-3ամիս

«Իմ փոքրիկ»-ը զրուցել է մանկաբույժ Արփինե Հովակիմյանի հետ։

Իսկ դուք տեղյա՞կ եք, որ 2-3 ամսական փոքրիկներին գրավում են ոչ միայն բազմագույն խաղալիքները, այլև սեփական արտացոլանքը։ Չնայած տվյալ տարիքում բալիկը չի գիտակցում՝  հայելու մեջ տեսնում է ինքն իրեն, արտացոլանքը համարում է գրավիչ և կարող է նույնիսկ ժպտալ իր կերպարին նայելիս: Նրան դուր են գալիս հատկապես գրկախառնությունները, որոնք նպաստում են ճանաչողական զարգացմանը։ Եթե երկրորդ ամսում երեխայի միմիկան դառնում է առավել արտահայտիչ, ու նա սկսում է ձայներ հանել, 3 ամսական երեխան կարողանում է բարձրաձայն ծիծաղել և շրջվել ձայնի ուղղությամբ, փորձում է միացնել ձայնավոր ու բաղաձայն հնչյունները, օրինակ` ահ, գու: 2-3 ամսական փոքրիկը սովորաբար դեռ չունի բաժանման անհանգստություն և չի զգուշանում նոր մարդկանցից: 

 

Երեխայի աճը 

Նախ՝ 2-3 ամսական բալիկը պետք է ուտի այնքան, որքան ցանկանում է, բայց ընդհանուր կանոնը՝ ընդունել 4-6 անգամ կրծքի կաթ կամ կաթնախառնուրդ՝ 3-4 ժամը մեկ: Երեխայի ճիշտ աճի մասին տեղեկատվություն կարելի է ստանալ տեղամասային մանկաբույժի կողմից կատարված չափումներից հետո, արդյունքները ստուգվում և համեմատվում են հատուկ պերցենտիլային կորագծերով աղյուսակի միջոցով։ Փոքրիկները, որոնք առաջին վեց ամսում շատ արագ քաշ են հավաքում, կարող են գիրանալու վտանգի մեջ գտնվել մինչև 3 տարեկանը: Իսկ այն երեխաները, որ ավելորդ քաշ են ունենում մինչև 4 տարեկանը, ավելորդ քաշ ունեցող չափահաս դառնալու վտանգի տակ են հայտնվում: Հիշենք, որ պետք չէ երեխային շշով կամ կրծքով հանգստացնել, երբ նա անհանգիստ է: Հարկավոր է հարմարավետության ուրիշ աղբյուրներ գտնել և գիտակցել՝ լացը միշտ չէ, որ հուշում է քաղցած լինելու մասին: 

 

Քունը տևում է․․․

Մինչև 3 կամ 4 ամսական երեխաներին օրվա մեջ անհրաժեշտ է 14-17 ժամ քուն: Ծնողը պետք է աշխատի նրա համար ստեղծել քնի ծեսեր։

  

Մարսողության գործընթացը

Մեծանալուն զուգընթաց բալիկի կղանքի քանակը կարող է քչանալ։ Անհանգստանալու կարիք չկա, եթե մեկ կամ երկու օր անցնի առանց կղանքի: Երբ երեխաները մեծանում են, նրանց աղիները նույնպես ընդլայնվում են, ինչը թույլ է տալիս թափոններին ավելի երկար մնալ մինչ դուրս գալը:

  

Խորհուրդներ ծնողին

Երբ դուք պատմություն եք պատմում, հաճախ օգտագործեք երեխայի անունը, որպեսզի նա սովորի լսել այն տարբեր տոնայնությամբ և իրավիճակներում: Անպայման կարդացեք փոքրիկի համար, թերթեք գրքի էջերը, հետևեք նրա ռեակցիաներին: Գնացեք զբոսնելու և դիտեք՝ ինչպես է երեխան ուրախությամբ արձագանքում տերևների շարժը, թռչունների թռիչքը տեսնելիս կամ շների, մեքենաների ձայները լսելիս: Առհասարակ, իրազեկությունը բարձրացնելու հիանալի միջոց է երեխային արշավների տանելը:

 

 

 

 

Հեղինակ՝ Լուիզա Աբրահամյան